Էջ:The Architecture, Tom 1.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահեղատեսիլ, բարձրաբերձ և լայնանիստ բուրգերով ու բարձր աշտարակներով զարդարված: Խորանանման անկյունավոր հարթ գահույքներ ունի զբոսանաց, որոնց մեջ արքան իր որդիներով և ազատակույտ զորականներով միշտ կզվարճանար։ Իսկ պարիսպի գլուխները, քարանձավի դժվարամած կիրճերով անցկացնելով՝ կմոտեցնե միմյանց և կմիացնե. ծովի խորահատակ հիմունքների վրա ահեղակերպ, հաստահեղույս և բևեռապինդ դռներ կդնե, որով ծովին մի մասը կկղզիին կողմն առնելով, հրաշալի կերպով կսարքե և շատ նավերի խաղաղ և անվտանգ նավահանգիստ կշինե։ Ավելի բարձր և ավելի հրաշալի կերտեց, քան Աղեքսանդրը Մակեդոն քաղաքում և ինչպես կթվի ինձ, Վարագա լեռան ստորոտում Շամիրամյան փորածո զարմանալի սենյակներեն և գետի ամբարտակներեն ալ գերազանցեց: Որովհետև նրանք գոնե ցամաքի վրա էին շինած, իսկ սա ծովի խորության մեջ արվեստագործելով, իրմե առաջ եղող իմաստնոց գործը և խելքը գերազանցեց»։

Այժմ մատնանշեմ Շիրակի սահմաններում և Այրարատի մի մասում կատարված կուլտուրական և հանրօգուտ շինությունների մի քանի գլխավորները, որոնք ի կատար ածված են այս երրորդ վերածնության շրջանում։

Ախուրյան գետի վրա, մինչև Արաքսի խառնուրդը, շինված են հինգ հատ հսկայական միակամար քարաշեն կամուրջներ, որոնց կամարների տրամագծերը երեսուն մետրից ավելի են։ Անիի առջևի կամուրջին տրամագիծը 31 մետր 23 սանտիմետր է, իսկ Չըրփըլուի կամուրջինը՝ 34 մետր։ Անիի կամուրջի երկու ծայրերը շինված են եռահարկ դիտանոցներով. այս կամուրջի համար ոմանք կարծիք են հայտնած, թե 13-րդ դարուն է շինված, սակայն չարաչար սխալվում են այս կարծիքն ունեցողները. նախ՝ Անին այնքան ընկած էր տնտեսապես և տուրքերի տակ ծանրաբեռնված, որ հնար չէր այսպիսի մի հսկայական կամուրջ շինիլ հասարակական կամ անհատական ծախքով, երկրորդ, ինչ որ անվիճելի փաստ է, կամուրջի կամարը շինված է երկկեդրոն աղեղների միացումով։ Այս երկկեդրոն աղեղների ոճը 11-րդ դարից հետո ամենևին գոյություն չունի Հայաստանում։ 13-րդ դարը, որ պատկանում է հայ ճարտարապետության չորրորդ վերածնության շրջանին, մեծ և փոքր աղեղներ և կամուրջներ առանց բացառության շինված են միակեդրոն կիսաբոլորակներով: Չըրփըլուի կամուրջը ոչ միայն նշանավոր է իր արտակարգ միակամար մեծությամբ և բարձրությամբ, ալլև իր արտասովոր շինելակերպով, որովհետև ոչ միայն ծառայել է գետի վրայից անցուդարձին, այլև բարձրերի ոռոգման համար, parapet-ները ծառայել են իբրև ջրմուղ։ Ես չեմ հիշում այն կամուրջները, որոնք քարեղեն խարիսխների վրա հաստատված գերաններով են եղել շինված: Սույն ձևի կամուրջների խարիսխներ մինչև այժմ մնացած կան երկու հատ Անիում, մեկ հատ՝ Գոշավանքում (այս կամուրջի փայտերը երկաթով միմյանց կապված են եղել և երկաթով ամրացած երկու կողմերի վրա իբրև խարիսխ ծառայող մեծամեծ ժայռերին), մեկ հատ՝ Բայանդուրի մոտ, մեկ հատ՝ Բագարանում։ Սանահնի կամուրջն ևս սույն շրջանին է շինված և, ըստ ժամանակակից ոճի, երկկեդրոն աղեղներով է կազմված կամարը, այս կամուրջը մինչև այսօր գոյություն ունի, խիստ քիչ քանդված, և ծառայում է հասարակաց օգտին։

Ամբերդի գետի ջրերից օգտվելով, շրջակա գյուղերի հողերը ոռոգելու համար, գետի երկու կողմերի բարձրաբերձ լանջերի վրա շինված են, սրբատաշ քարե պատերով, նաև առհասարակ քարով հատակված, ոռոգման հատուկ առուներ, որոնց միջոցավ ջուրը հոսում է լեռնանման լանջերի վերևի ընդարձակ հողամասերը ոռոգելու համար, Տասնևվեց առուներից տասներկուքը շինված են գետակի աջ կողմի լանջի վրա, որոնց ջրերը ոռոգում են բազմաթիվ գյուղեր: Իսկ ձախ ափին շինված չորս առուները հատուկ են Ամբերդի ամրոցին և շրջակա բնակչության: Ամբերդի ավերումով և ամայացումով մասամբ ավերված և անպետքացած են ձախ կողմի առուները, իսկ աջ կողմի առուներից շատերը տակավին գործածության մեջ են և օգտվող գյուղացիք հնարավոր չափով պահպանում են՝ գարնանիս սկսած հերթով հսկելով։

Պատմական ակնարկներից և մեզ հասած արձանագրություններից գիտենք, որ բազմաթիվ հաստատություններ կային օտարանոց, ասպնջականոց, հյուրանոց, իջևան և այլն անուններով, որոնք մեծ մասամբ ծառայում էին հասարակության, կարավանների, օտարական ճանապարհորդների, աղքատ անցորդների, այս վերջիններին բնակություն, հանգիստ և սնունդ էին տալիս բոլորովին առանց փոխարինության։

Մեզ շատ հեռու կտաներ, եթե նկարագրել ուզենանք այն բազմաթիվ բերդերն ու ամրոցները, որոնք վտանգի ժամանակ ապաստարանն էին բոլոր ժողովրդյան։ Այն ժամանակներում մի անհետաձգելի պահանջ էր իշխողների համար ընդարձակ ապահով տեղեր պատրաստել պատերազմի և օտար հարձակումների դեմ ժողովուրդին պաշտպանելու նպատակով, ուստի այս մասին իշխողներ միայն իրենց անձը չէր, ր մտածում էր [պաշտպանել], այլ ժողովրդյան հոծ բազմությունը, այդ պատճառով էլ, գլխավորաբար մեծ մայրաքաղաքներում խիստ ընդարձակ են շինված ամրոցները, և հաճախ կրկնակի ու եռակի պարիսպների մեջ առնված։ Պարիսպների ամրության համար, հաճախ անհատական ծախքով, պարիսպներին կից շինվում էին