Էջ:The Architecture, Tom 1.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծամեծ բուրգեր, որոնք ավելացնում էին թե պարիսպների դիմադրական ուժը և թե հնարավորություն էին տալիս ամրականներին ավելի մոտիկից հաջող կերպով թշնամու դեմ կռվելու։

Հայ ճարտարապետության երրորդ վերածնության շրջանում Վասպուրականը և Շիրակն Այրարատի մյուս գավառների հետ միասին թեև միմյանցից անկախ առանձին թագավորություններ էին, սակայն քաղաքական անկախ սկզբնավորության հետ միասին, երկու թագավորությանց սահմաններում միաժամանակ ծաղկում էին ճարտարապետական և գեղարվեստական արվեստները։ Վասպուրականում և Շիրակում ծաղկող ճարտարապետական արվեստները թեև այնքան էլ սերտիվ չեն կապվում միմյանց հետ, որովհետև նրանք որոշ չափով միմյանցից տարբեր ուղղությամբ զարգանում էին, սակայն այս երկու երկիրների ճարտարապետությունը, նախկին՝ երկրորդ վերածնության (6-7-րդ դարերու) ավանդություններին հավասարապես ենթակա էին, այնպես որ հաստատապես կարելի է ասել, թե այս միմյանցից հեռու երկիրների մեջ միաժամանակ ծնող և զարգացող ճարտարապետությունը միևնույն աղբյուրն ուներ, այն է՝ հայ արվեստի ոսկեդարը, 7-րդ դարու երկրորդ վերածնության ճարտարապետությունը։ Վասպուրականի շրջանի այս երրորդ վերածնության մեջ ավելի շատ մասեր կան 7-րդ դարու համահայաստանյան ճարտարապետության ոճը հիշեցնող. քան Շիրակի թագավորության սահմաններում կանգնված շենքերի մեջ։ Շիրակի թագավորության սահմաններում 9-րդ դարից մինչև 10-րդ դարի կեսը զարգացող ճարտարապետությունը, կարելի է ասել, Վասպուրականի ճարտարապետական արվեստին հետ մի մորից ծնված երկու հարազատ քույրեր էին, 10-րդ դարու կեսից հետո Շիրակի սահմաններում գեղարվեստական ոճի տեսակետով հայոց ճարտարապետությունը մի նոր պատկեր է ստանում, որը չի երևում Վասպուրականի մեջ կանգնված ժամանակակից շենքերի վրա։ Սակայն այս երրորդ վերածնության շրջանում ճարտարապետական արվեստի արագ թափով զարգացման ընթացքը ցույց էր տալիս, որ շուտով կհավասարվի 7-րդ դարու հայ արվեստին և իր կատարելությամբ մրցելու կարող կլինի երկրորդ վերածնության հետ։ Այնուամենայնիվ Հայաստանի մեջ անսպասելի կերպով քաղաքական մեծ և տխրառիթ հեղաշրջումներ վրա հասնելով, միանգամայն այլ զարգացումին ոչ միայն Շիրակում և Այրարայտում, այլև Վասպուրականում։ Այնուհետև Վասպուրականին վիճակվեց վերջնական անկում և այլասերում։ Իսկ Շիրակի և անմիջական շրջակա երկիրների մեջ, մոտավորապես հարյուր հիսուն տարի անկումից հետո, վերստին սկսվում է մի նոր ոճի բողբոջումը, որը թեև մրցել չի կարող նախորդ վերածնությունների բարձրության հետ, սակայն