Էջ:The Architecture, Tom 1.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշել որևէ մի հուշարձանի հատակագծի դարաշրջանը, սակայն ասով չի վերջանար հայ ճարտարապետության բազմադարյան անընդհատ փոփոխության և վերածնությունների ենթարկված արվեստին լիակատար ուսումնասիրությունը, ուստի ուսումնասիրությունը կատարյալ լինելու համար, սկսած ամենահին ժամանակներից մեզ հասած հուշարձանների գեղարվեստական ոճերու և շինարարական օրենքներու ևս համեմատական ուսումնասիրություն կատարել, որոշել հնագույն շրջանեն սկսած մինչև վերջնական անկումը ունեցած վերածնությունները և յուրաքանչյուր վերածնության մեջ երևցած ստեղծագործական և կրած ներգործությունները իր անմիջական կամ հեռավոր շրջապատից։

Այդ հատակագծային ձևերի ժամանակագրության հետ զուգահեռաբար պետք է որ քննվեն և որոշվեն՝ 1. գեղարվեստական ոճերը և անոնց վերածնությամբ ստուգած նորագույն ձևերը, 2. շինարարական ոճերը, գործածած շինանյութերը և անոնց շինելակերպը։ Եթե այս ամենը լրջորեն ի նկատի առնվի և ոչ մի երևույթ անկարևոր չհամարվելով մանրամասն ուսումնասիրվի, այն ժամանակ, ես կարծում եմ, որ գործը, եթե իր կատարելության չհասնի, գոնե ըստ ամենայնի կդյուրանա առաջիկային լիակատար և վճռական ուսումնասիրությունը ավելի կարող և մասնագետ գեղարվեստագետ գիտնական ճարտարապետներու համար։ Որովհետև ներկա ուսումնասիրության մեջ ըստ կարելվույն փաստացի կերպով ոչ միայն պիտի նշանակվին հուշարձանների հիմնարկության դարաշրջանները, այլև անոնց առավել կամ նվազ չափերով կրած փոփոխությունները հետագա դարերում, որոնք [հետագայում փոփոխության ենթարկված հուշարձանները] մեծ թիվ կկազմեն հայոց հին հուշարձանների մեջ։

Հայտնի հուշարձաններ կան, որոնց վրա տարբեր դարաշրջանների և տարբեր վերածնության գեղարվեստական դրոշմներ կան, որոնք շատ անգամ թռուցիկ ուսումնասիրողների համար թյուրիմացությանց պատճառ եղել են՝ դատելով նույն գեղարվեստական դրոշմներեն մեկուն կամ մյուսին վրա։

Արդ, քանի որ ընդհանուր ճարտարապետության և գեղարվեստի վրա կրոնի ազդեցությունն անվիճելի կերպով ընդունված է գիտության մեջ, բնականաբար Հայաստան բացառություն չէր կարող լինել այս ընդհանուր օրենքեն և այս կապացուցանին Հայաստանի մեջ գոյություն ունեցող բազմաթիվ կրոնական հուշարձանները ճարտարապետության ուսումնասիրության համար, բացառությամբ փոքրաթիվ մասնավոր անհատական շենքերի և զինվորական ամրոցների։

Բայց մի կարևոր հարց է ծագում հայկական հուշարձանների ժամանակագրական կարգն ստուգելու աշխատության մեջ։ Քրիստոնեության Հայաստան մուտք գտնելեն գրեթե առնվազն երկու դար հետո է, որ սկսեր են եկեղեցական ժողովներ մշակել հայ քրիստոնեական եկեղեցաշինության վերաբերյալ կանոններ, և այդ կանոններով է, որ հայոց եկեղեցիների հատակագծային ձևերն սկսում են որոշ չափով տևական ձև ստանալ։ Այդ հաստատված օրենքներից առաջ ինչ հատակագծային ձև ունեցեր են հայոց եկեղեցիները։ Ինչպես քրիստոնեությունն ընդունող ուրիշ ազգաց մեջ, նույնը պետք էր որ տեղի ունեցած լիներ հայոց մեջ, այն է՝ նախկին հեթանոսական տաճարները սրբագործել նոր պաշտաման համար։ Ոչ միայն պատմական որոշ հատ ու կտոր տվյալներ, այլև հատակագծային ձևերու ուրիշ ազգաց հեթանոսական տաճարներու հետ կատարված համեմատություններ ցույց են տալիս այս ճշմարտությունը, թե հայոց նախնական քրիստոնեական տաճարներու ձևերը բացարձակապես ենթարկվեցան դրացի մեծ ազգաց և իրենց հեթանոսական վերջալույսին ունեցած կրոնական տաճարների ուղղակի ազդեցության։ Հետևաբար, այս ուղղությամբ քննություն կատարելե առաջ, ըստ իմ կարծյաց, հարկ անհրաժեշտ է մասամբ ծանոթանալ Հայաստանի դրացի մեծ ազգերու կրոնին և կրոնական տաճարներու հատակագծային ձևերին, որոնց կրոնական և քաղաքական ազդեցության տակ էին հայեր երկար դարեր, մինչև քրիստոնեությունն ընդունելը պաշտոնապես։

Ըստ ոմանց՝ հայոց հեթանոսական կրոնը թեև առավելագույն չափով իրանական կրոնի խառնուրդ է, և աստվածներու անուններն ու հատկանիշները զուտ իրանական լինելը կհաստատեն, ինչպես Արամազդ, Անահիտ և այլն և այլն, սակայն ոչ նվազ ազդեցություն ունեցեր է հունա-հռոմեական կրոնը հայոց կրոնական պաշտամունքների վրա, մանավանդ քրիստոնեության փոխանցման ժամանակ մեկ երկու դար հունա-հռոմեական կրոնի խմորն զգալի չափերի էր հասած։

Իրանի աքեմենյան և սասանական շրջանի կրոնական վարդապետությունները, պաշտաման և ծիսական արարողություններու ձևերը ընդարձակ չափերով պարզվեցին գիտական նորագույն հետազոտություններով, սակայն իրանական կամ սասանական տաճարներու ձևերը շատ երկար տարիներ անորոշ էին և գիտնականներու զանազան հակընդդեմ ենթադրությանց և վիճաբանության նյութ եղած էին։ Առհասարակ ընդհանուր կարծիք կար, թե պարսիկները, սկսած Զրադաշտի օրերեն մինչև Սասանյանների անկումը, պետք էր որ ունենային ձևակերպված մեծամեծ տաճարներ, որոնց հետքերը կորած էին քաղաքական և կրոնական հեղաշրջումների ժամանակ։ Ուստի, քանի որ բնիկ երկրին մեջ չկարողացան գտնել զրադաշտական կրոնի հատուկ տաճարների որևէ հետքեր, որոշեցին փնտռել անոր ձևը և ծիսակատարության մանրամասնությունները Պարսկաստանից Հնդկաստան գաղթող և ներկայիս հին կրոնի ավանդությունները շարունակող կրակապաշտ համայնքների մեջ։ Այս իսկ նպատակով [1755] թվականին հայտնի գիտնական Անքըթել [Anquetil Duperron (1731 - 1805)] ճանապարհորդելով Հնդկաստան, երկար ժամանակ ուսումնասիրեց Հնդկաստանի կրակապաշտներու լեզուն, կրոնը և կրոնական ծիսակատարությունները։ Սակայն Անքըթելի ջանքերը հաջողությամբ չպսակվեցան, որովհետև այնտեղ չգտավ ոչ հին լեզուն գիտցող գիտնական կրակապաշտներ և ոչ ալ հնության տիպն ունեցող մեհենական ձևեր։ Ծիսակատարության ձևեր, ինչ որ գտավ, բոլորն ալ նոր էին և աղավաղված, իսկ տաճարների ձևերը հնության դրոշմը միանգամայն կորուսած։

Երկար ժամանակ զրադաշտական լեզվի, կրոնի,