Էջ:The Architecture, Tom 1.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդապետությանց և տաճարներու ձևերի մասին գիտնականներու անպտուղ վիճաբանություններուն վերջ դրավ գիտնական ճարտարապետ Dieulafoy-ի կատարած ճանապարհորդությունը դեպի Պարսկաստան, ուր բազմակողմանի ուսումնասիրություն կատարեց պարսկական ճարտարապետության վրա, ի միջի այլոց հմտորեն ուսումնասիրեց պարսկական հին պատմությունը, կրոնական տաճարների ձևերը և անոնց շուրջ կատարված ծիսական արարողությանց ձևերը:

Կրոններու պատմությունն ուսումնասիրող գիտնականներ ապացուցեր են, որ ամեն մեկ նորածին կրոն մեծ մասամբ խառնորդ է իրմե առաջ ապրող կրոններու մեկին կամ մեկ քանիին էական տարրերուն: Եբրայական կրոնը ձևակերպվեր է եգիպտականի և ասորա-քաղդեականի անմիջական ազդեցության տակ: Քրիստոնեականը խարիսխ ունենալով եբրայական կրոնը, նախ ազատ չէ մնացեր իր տարածված երկիրներու մեջ նախապես գոյություն ունեցող կրոններու ուժեղ ազդեցութենեն: Հասեր է երբեմն այնպիսի ժամանակ, որ նախկին հեթանոսական բոլոր սովորությունները և ծիսակատարությունները, հակառակ քրիստոնեական կրոնի նախկին պարզության, վերականգնվեր են քրիստոնեական վարդապետությամբ սրբագործված տարազի մը ներքև ծածկված:

Այս մասին նույնպես բացառություն չէ կազմած Հայաստան։ Միևնույն ձևով փոխանցվեր են հայոց քրիստոնեական կրոնին մեջ նախկին հեթանոսության ժամանակ խորապես արմատացած սովորություններ, որոնք արմատախիլ անելու համար դարավոր բարոյական և ֆիզիկական աշխատանք պահանջվեր Այո մասին պատմական վկայություններ ալ չեն պակսիր, որ հալածանքն ու սուրը նույնիսկ անզոր գտնվեցան ժողովուրդի սրտին ու մտքին արմատացած հին հավատալիքներն ու սովորությունները ջնջելու համար, որուն պատճառով քրիստոնեության մեծ քարոզիչներ ստիպված եղան թույլ տալ շարունակելու այդ սովորությունները, քրիստոնեական պաշտաման ձև ու կերպարանք տալով:

Ընդհանուր գիտական վճռի համեմատ, որ հայոց հեթանոսական կրոնը եղած է իրանականի և հունականի զորեղ ազդեցության տակ, հետևաբար, նախաքրիստոնեական շրջանում պետք էր որ գոյություն ունենային Հայաստանում նույն դրացի մեծ ազգերի պաշտաման տաճարներու հատակագծի մոտավոր նմանությամբ հայ հեթանոսական տաճարներ, ուստի սկսենք համեմատության դնել այդ ազգերի վերջին շրջանի տաճարների ձևերը հայոց քրիստոնեական առաջին շրջանի, այսինքն հեթանոսությունից քրիստոնեության դառնալու ժամանակին առաջին քրիստոնեական տաճարների հատակագծային ձևերի հետ։ Բնական է, որ առաջին ձևերն ստույգ կերպով գտնելուց հետո հաջորդ ձևափոխությունները և զարգացումները որոշել միանգամայն կդյուրանա։ Dieulafoy-ի հետազոտությունները վերջնակնապես վճռեցին գիտականորեն, որ պարսիկները մեծամեծ մեհյաններ երբեք չեն ունեցեր, այլ միայն ատրուշաններ, որոնց մեջ կվառվեր մշտավառ սրբազան կրակը: Այս ատրուշաններու շուրջն էր, որ բոլորովին բացօթյա, կհավաքվեր ժողովուրդը հանդիսավոր արարողություններու և տոնախմբություններու ժամանակ:

Ատրուշաններու ձևը Պարսկաստանի նախաբնիկ ասորա-քաղդեացիներու կրոնական սրբարանի զգալի ազդեցության տակ կազմված էր։ Որովհետև ասորա-բաբելացիներու աստղապաշտությունը թելադրեր էր, որ իրենց կրոնական սրբարանները լինեին նաև աստղագիտական դիտարաններ, այդ պատճառով ալ այդ սրբարանները եղան ընդարձակ պարիսպի մեջ ամփոփված հսկայածավալ աստիճանավոր աշտարակներ կամ բուրգեր՝ Ziggourah անունով: Այս բուրգի գագաթին վրա էր աստվածային բնակարան-սենյակը կամ սրբություն սրբոցը:

Պարսիկները կրակապաշտության նոր կրոնին հետ շարունակեցին նաև ասորա-քաղդեական աստղապաշտությունը, հետևաբար, պարսկական սրբարանը բնականորեն պիտի ունենար հին աստղապաշտության սրբարաններու համանմանությունը:

Սրբազան կրակն արտաքին սրբապղծություններե ազատ պահելու համար, պարսիկներն իրենց սրբություն սրբոցը, այսինքն մշտավառ սրբազան կրակի ատրուշանը բլուրներու գագաթին վրա պարիսպով շրջապատեցին, ինչպես Naksché-Roustem-ի աթաշկիահը կամ ասորա-քաղդեացվոց Ziggourah-ի նման աստիճանավոր բարձրաբերձ աշտարակներու վրա հաստատեցին, որուն ներկայացուցիչն է Djour աթաշկիահ աշտարակը։ Ուստի վերջնականապես պարզվհց, որ պարսիկներ, ինչպես կըսե հռչակավոր գիտնական Maspero, ոչ տաճարներ ունեին և ոչ խորաններ, բոլորովին բացօթյա, բաց երկնքի տակ կկատարեին իրենց կրոնի սրբազան արարողությունները։ Սակայն ժամանակի ընթացքում, երկար դարեր հետո, թեև բացօթյա աղոթելու և պաշտամունք կատարելու սովորությունն անփոփոխ մնաց, բայց փոխվեցան ատրուշանների ձևերը օտար, թերևս հնդկական կրակապաշտության ազդեցության տակ։

Բագվի մոտ, Սուրախանիի մեջ տակավին կանգուն կա կրակապաշտական տաճար մը, թերևս հետնագույն ժամանակի շենք, որ այնուամենայնիվ գոնե աղոտ կերպով իր վրա կանդրադարձնե նախնի սովորության հեռավոր գաղափարը։

Այս տաճարը կբաղկանա ընդարձակ քառակուսի շրջափակե մը, որուն կից շուրջանակի շինված են զանազան չափի ու ձևի սենյակներ, որոնք հատուկ էին քրմերու և ուրիշ զանազան կրոնական պաշտոնեությանց բնակության։ Քառակուսի շրջափակով գոյացած միջավայրի կենտրոնին վրա շինված է ատրուշանը, որը գմբեթավոր փոքրիկ մատուռի մը ձևը ունի, այս մատուռի նման շենքն էր սրբության սրբոցը, մշտավաո սրբազան կրակի վառարանը։ Այս փոքրիկ աթաշկիահին կամ սրբության սրբոցին մեջ հազիվ հազ կարող էին տեղավորվել մոգերն ու մոգպետը, հետևաբար ժողովուրդը կաղոթեր բացօթյա՝ բակին մեջ, այս պարագան անվիճելի է. Բագվի կրակապաշտական տաճարին մեջ որոշ չէ միայն զոհարանի կամ բագինի տեղը, որը ներկա ուսումնասիրությանս համար այնքան էլ էական կարևորություն չունի։ Ըստ Անքըթելի, թեև Հնդկաստանի կրակապաշտներու տաճարներու մեջ հայտնի է զոհարանին կամ բագինին տեղը, սակայն