Էջ:The Architecture, Tom 1.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ
Կենսագրական ակնարկ

Հայկական պատմական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հարցը սերտորեն կապված է ճարտարապետ Թ. Թորամանյանի անվան հետ։ Մինչև Թորամանյանի գիտական ասպարեզ իջնելը հայկական ճարտարապետությամբ հետաքրքրվել էին մեծ մասամբ արևելյան երկրներում ճամբորդություն կատարած ևրոպացիներ և կարճ ժամանակով Հայաստան այցելած գիտնականներ, որոնք միայն հարևանցիորեն նկարագրել և հաճախ սխալներով չափագրել էին մեկ կամ մի քանի հուշարձաններ։

Թորամանյանն առաջինն էր, որ իր կյանքի ամբողջ ընթացքում սիստեմատիկորեն ուսումնասիրեց պատմական հայ ճարտարապետությունը և իր կոչումն արդարացրեց նրանով, որ գիտության մեջ առաջ քաշեց մինչ այդ անուշադրության մատնված հայկական ճարտարապետության հարցը և մեծ հետաքրքրություն առաջ բերեց նրա շուրջը ոչ միայն մեզանում, այլև Արևմտյան Եվրոպայում։ Եթե Թորամանյանից առաջ հայկական ճարտարապետությունը գիտությանը ծանոթ էր միայն կցկտուր, հարևանցի տեղեկություններով, այժմ գիտությունն ստուգված տեղեկություններ ունի նրա հիմնական բոլոր սկզբունքների մասին։

Թորամանյանը մինչև իր կյանքի վերջին տարիներն զբաղվեց միշտ նոր և նոր օբեկտներ ուսումնասիրելով և նոր նյութեր հավաքելով, առանց ժամանակ գտնելու արդեն հավաքածը մի ընդհանուր սիստեմի վերածելու և մի կապիտալ աշխատություն հրատարակության պատրաստելու։ Այդ գործը նա միշտ հետաձգեց՝ շարունակ հույս դնելով ապագայի վրա և մեծ ճիգ գործադրեց ուսումնասիրելու բոլոր ճարտարապետական մնացորդները։ Սակայն, Հայաստանի ճարտարապետական բազմաթիվ և բազմատիպ մնացորդներից թեկուզ ամենակարևորների ուսումնասիրության համար շատ քիչ է մի մարդու նույնիսկ ամբողջ կյանքը։ Եվ Թորամանյանը, երեսուն տարի այդ ծանր բեռի տակ ճնշված, դաշտերում, լեռներում ու ձորերում չափագրեց, հետազոտեց բազմաթիվ արժեքավոր ճարտարապետական մնացորդներ և միայն ձմռան ամիսներին, չափագրական նյութերը մաքրագրելուց, վերակազմություններն ավարտելուց հետո, երբեմն առանձին հոդվածներ և ուսումնասիրություններ գրեց այս կամ այն հուշարձանի մասին, երբեմն էլ ընդհանուր կարգի, տեսական բնույթի հետազոտություններ կատարեց, երբ այդ թելադրեց նրան հրապարակ հանված և քննության առարկա դարձած հարցի կարևորությունը։