Էջ:The Architecture, Tom 1.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շաղախը կազմելու համար ամենահարմարը գետի մաքուր ավազն է, որովհետև կրաշաղախը կազմելու համար պահանջվում է, որ ավազը միանգամայն ազատ լինի բուսական և հողային գոյացությունից, իսկ գետի ավազն է միայն, որ մշտապես ջրի հոսանքի հետ քշվելով և լվացվելով, ունի այս հատկությունը։ Հայտնի է, որ ավազը գոյանում է քարի փշրանքներից, գետերն իրենց հոսանքի ճանապարհին քերելով սարերի ստորոտներն ու ժայռերը, գոյացնում են ավազը և տանում, շտեմարանում են զանազան հարթավայրերում, ուր ջրի հոսանքը համեմատաբար մեղմ է. գետերի մեջ ավազի տեղափոխումը և շտեմարանումը հաճախ կատարվում է մեծամեծ ողողումների ժամանակ։ Գետի ավազն ընդհանրապես գոյանում է բազալտի, գրանիտի և այլ կարծր որձաքարերի փշրանքներից, անփայլ սև գույն ունի և անհարթ մակերես, այնպես որ, եթե մեկը մի բուռ ավազ սեղմի ափի մեջ, զգալի կլինի հատիկների անհարթությունից և մաքրությունից առաջացող մի խշշյուն. տուֆ քարից գրեթե ավազ չի գոյանում, նրա փշրանքները երկար մնալով ջրի մեջ, գրեթե ցեխի են փոխարկվում,— ահա այս հատկություններն են, որ ցույց են տալիս, թե որքան պիտանի է այս կամ այն ավազը շինարարության մեջ գործածելու համար։

Հայտնի է, որ նախնիք սովորաբար գործ են ածել գետի ավազ և հնար եղածին չափ զգուշացել են ցամաքային ավազներից։ Հին շաղախների քննությունը պարզ ցույց է տալիս, որ սև ավազ է խառնված շաղախին և ավազի հատիկները պինդ օծված են կրով եթե ավազը մաքուր չլիներ, նրա հատիկները հեշտությամբ դուրս կգային կարծրացած շաղախի միջից իրենց իսկական քարի գույնով, առանց կրի պինդ օծվածքի։ Եթե հարկն ստիպել է ցամաքային ավազ գործածել, անպայման նախապես խիստ մաքուր լվացել են և հետո միայն խառնել կրին։ Ավազ լվանալու այս հին սովորությունը դեռ մնում է արևելյան շատ երկիրներում։ Մի մեծածավալ, 60-70 սնտ. խորությամբ տաշտի մեջ կիսով չափ ավազ են ածում և վրան ջուր, մինչև որ տաշտը լցվի. այնուհետև սկսում են բահերով անդադար խառնել և շարունակ ջուր ավելացնել, որով պղտորված և ցեխոտ ջուրը տաշտի եզրերից միշտ դուրս է թափվում, իր հետ տանելով բոլոր հողային և այլ բաղադրությունների մասերը. այս գործողությունն այնքան են շարունակում, մինչև որ տաշտի ջուրը պարզվում է. այնուհետև ավազը հանում են տաշտից, կիտում մի առանձին տեղ, և նորը լցնում նույն գործողությունը շարունակելու համար։ Զարմանալի կերպով նկատված է, որ հին հուշարձանները շինված են առհասարակ այնպիսի տեղերում, որոնց մոտ գտնվում են գետեր կամ վտակներ. հետևաբար դժվար չէր գետի ավազ ունենալ, քանի որ մաքուր ավազի հանքերն այնքան մոտ էին գտնվում։ Ավազի մեջ երբեմն պատահում են սպիտակ, փայլուն կայծքարի և օբսիդիանի հատիկներ. թեև այսօրինակ ավազը խոտելի չէ, այնուամենայնիվ սա ընդհանուր երևույթ չէ։ Բացառապես Երերույքի մեծ հուշարձանի կառուցման ժամանակ շաղախի մեջ խառնված է միմիայն պեմզայի ավազ։ Այս մեծ հուշարձանը գրեթե անաղարտ հասել է մինչև մեր օրերը (բացի մարդկային բարբարոս ձեռքով հատկապես քանդված մի քանի մասերից), սակայն, դժբախտաբար, առիթ չի եղել շաղախը մանրամասն քննելու և տարրալուծելու։ Պեմզայի ավազով պատրաստված այս շաղախը գրեթե առաջինն ու վերջինն է մեր ուսումնասիրած հուշարձանների մեջ։

Մի բացառիկ երևույթ կա շաղախի տեսակետից. Արագածի լանջին գտնվող Ավան գյուղում կա 5-րդ դարի մի շենք, որի շաղախը, փոխանակ սպիտակ գույն ունենալու, մոխրագույն կամ գորշագույն է, ճիշտ այն գույնը, ինչ ունի այժմյան ցեմենտը: Չափազանց կասկածելի է, որ այդ շենքի շաղախը սովորական կրով զանգված լինի, անպայման կամ կրի հետ մի ուրիշ նյութ է խառնված, կամ առանց կրի, բացառապես կրի տեղը բռնող մի այլ նյութով է զանգված։ Ամրության և տոկունության մասին խոսք լինել չի կարող, որովհետև վրայից անցել է 15 դար և մեզ հասել է մեծ մասամբ անվնաս, իսկ արևմտյան կողմի վրա, ուր մարդիկ քանդել ու տարել են ստորին մասի քարերը, վերևը գրեթե 2-3 մետր տեղ հորիզոնական կերպով կախ է մնացել օդի մեջ, առանց մի տեղից ճեղքվածք կամ պատռվածք ունենալու։

Հնում շենքի պատերի համար գործածված կրի հետ ավազի խառնուրդը կրի ծավալից ավելի չէ, միայն Զվարթնոցի մույթերից մեկի մեջ երևում է մի շերտ, ուր թերևս ավելի քան երեք չափ ավազ է խառնված։ Սակայն մի ուշագրավ երևույթ կա հայկական շաղախի մեջ, որ արժե ուսումնասիրել։ Քարուկիր մեծ շենքերի մեջ, մաքուր ավազից պատրաստված շաղախի հետ երբեմն խառնված են երևում սիսեռի, կաղինի, ընկույզի մեծությամբ մանր խիճեր. անշուշտ նկատել էին, որ այս ձևի խառնուրդով պատի ծուծն ավելի ամուր է ձուլվում քարի անհավասար մեծությամբ բեկորների հետ, սակայն հայտնի չէ՝ այս քարի մանր փշրանքները կրաշաղախի հե՞տ են խառնած, թե՞ հետո քարաբեկորների հետ միասին տեղավորած ծուծի մեջ:

Այժմ մնում է իմանալ, թե ինչպես են այրել կրաքարը և ինչ ձևով են պատրաստել կիրը։ Կրաքարն այրելու կերպի մասին կարծիք հայտնել, ըսա իս, ավելորդ է, որովհետև նախ՝ մեզ անծանոթ է նրանց կիր այրելու կանոնը, երկրորդ՝ բնական է, որ Հայաստանը բացառություն չպիտի կազմեր հարևան քաղաքակիրթ ազգերի մեջ, որոնց կրաքար այրելու վառարանների մասին տեղեկություններ կան նույնիսկ նախաքրիստոնեական շրջաններում, ինչպես ֆրանսիացի գիտնականի 1822 թվին տեսած էտրուրական կրի վառարանը, որի նկարագրությանը նայելով, ոչնչով չի տարբերվում մեր այժմյան վառարաններից։ Սակայն կարելի է որոշ կարծիք հայտնել վառարանից դուրս եկած կիրը մարելու և շաղախը պատրաստելու նախապատրաստական աշխատանքների մասին, հիմնվելով թե վաղեմի ավանդական սովորությունների շարունակության և թե բարեբախտ դիպվածով գտնված ապացույցների վրա, որոնք թեև մի քիչ ուշ ժամանակի (11-րդ, 12-րդ դ. դ.), այնուամենայնիվ անպայման նախորդների սովորության շարունակությունն էին։ Վերևում մասամբ ցույց տվի ևրոպական և ասիական