Էջ:The Architecture, Tom 1.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրներում կրաշաղախը պատրաստելու և պատի մեջ լցնելու ձևերը: Անկասկած է, որ Հայաստանում կրաշաղախ պատրաստելու վերոհիշյալ երկու ձևն է գործադրված. 1) կիրը բաց էին անում տաշտի մեջ և քամում հորում, 2) ջրասրսկմամբ մարում էին և փոշիացնում: Տաշտի մեջ բաց արած ու քամված կիրը նախնիք գործ են ածել միայն ծեփի համար: Երկար քննել եմ 13-րդ դարուց սկսած մնացորդ ծեփերը, որոնց բաղադրությունը ոչ միայն նուրբ ավազով և համեմատաբար առատ կրով է, այլև դրանց մեջ ոչ մի պայթում կամ ուռչում տեղի չի ունեցել, որ ապացույց է կրի քամված և երկար ժամանակ հորի մեջ պահված լինելուն: Կրաքարը տաշտի մեջ բաց անելը և հատկապես պատրաստված հորի մեջ հավաքելն իր կարևոր օգուտներն ունի: Կրաքարի մեջ գտնվում են երբեմն տարբեր տեսակի քարի ավազներ, որոնք թեև այրվում և կրի են փոխվում, սակայն ջրի տակ շուտ են բացվում և փոշիանում, ուստի երբ հորի մեջ լցվում է գոյացած կրախյուսը, հորի խոնավության մեջ, մի քանի օրվա ընթացքում, բացվում և փոշիանում են այդ ավազահատիկները և կրախյուս դառնալով՝ խառնվում են հորի մեջ եղած քամվածքի հետ: Պատահել է, որ գործի շտապողական լինելու պատճառով, ծեփի հատուկ կիրը բացել են սրսկելով կամ այլ եղանակով, առանց տաշտի մեջ բացելու և հորի մեջ ծածկված պահելու, անմիջապես ծեփել են պատը, սակայն քիչ ժամանակից հետո ծեփի վրա երևացել են այտուցներ կամ փոքրիկ պայթումներ, տեղի տալով նոր բացված հատիկների ծավալի ընդարձակման ուժին:

Ոչ միայն ծեփի, այլև պատերի մեջ անգամ, հաճախ նկատելի է, որ որմնաշինության համար շտապով մարեցրած կրի մեջ եղած քարերը (անշուշտ հասարակ քար կարծելով) խառնված է ծուծին և լցված պատի մեջ, սակայն, որոշ ժամանակից հետո այդ կարծեցյալ քարերը բացելով և կրի փոխվելով, այնպես են ընդարձակվել, որ վրան դրված ծանր քարերը շարժել են տեղից և դուրս քշել պատից: Այս անտեղությունները չեն նկատվում հնագույն պատերի մեջ:

Կիրը սրսկելով մարելու սովորությունն ընդհանրացած էր թերևս դյուրության և ժամանակի խնայողության համար: Երբ ջրասրսկմամբ կիրը մարում և փոշին կիտում են մի տեղ, նրա մեջ պահված խոնավության պատճառով շարունակվում են բացվել տարբեր խմորներից եղող ավազահատիկները, իսկ երբ կազմում են կրաշաղախի կալը, այստեղ, ավազի շերտի խոնավության պատճառով 2-3 օրվա ընթացքում բացվում են մնացորդ բոլոր ավազահատիկները, որոնք նախնական գործողությունների ժամանակ դեռևս չէին բացվել: Կալ բառը թերևս անսովոր է մեր ժամանակի մարդկանց համար, բայց շատ սովորական է վաղեմի Հայաստանից գաղթած և Փոքր Ասիայում ու Սև ծովի ափերի մոտ բնակություն հաստատած հայերի մեջ: Այս բառը սերնդից սերունդ եկել հասել է մեր օրերը և այն կողմերի բնակիչներից ում որ ասեք քիրաճի կամ կրի կալ, անմիջապես կհասկանա համեմատական չափով իրար խառնված կրի ու ավազի մեջ կույտը: Կալ կազմելու այս գործողությունից երկու տեսակ օգուտ է ստացվում, նախ՝ ավազի խոնավ շերտերի տակ բացվում են բոլոր մնացորդ կրացած և տակավին չբացված ավազահատիկները, երկրորդ՝ յուրաքանչյուր կրաշերտ, ծածկվելով ավազի թանձր խավի տակ, միանգամայն ազատ է մնում օդի ազդեցությունից և երկար ժամանակ պահում է իր կատարյալ ուժը:

Կրի կալը մի ուրիշ օգտակարություն ևս ունի աշխատանքի տեսակետից. բանվորը կույտի մի կողմից մաս առ մաս վերցնում է խառնուրդը և, ջրով զանգելով, տալիս որմնադիր վարպետին, մյուս կողմից նորն է բերում զանգելու:

Անիում, մինչև Գագիկի կանգնեցրած բոլորակ եկեղեցու պեղումները, անհայտ էր, թե անեցիք ինչպես են պատրաստել կրաշաղախի զանգվածը: Բարեբախտաբար, պեղումների ժամանակ դուրս եկավ մի մեծ քարեղեն տաշտ, որի մեջ պատրաստել էին կրաշաղախը, շենքը վտանգվելուց հետո, երբ կառուցել էին մի շրջակամար (1013 թ.)՝ կործանվելուց ազատելու համար: Արկղի ստորին անկյուններից մեկում մնացել էր մի կտոր չզանգված ավազով խառն կրի փոշի, սա արդեն ցույց էր տալիս, որ կիրը ջրասրսկմամբ մարել են և ավազը խառնելուց հետո լցրել տաշտը՝ զանգելու համար:

Կրաշաղախի ծեփը, որը ծածկում է պատի արտաքին երեսի վրա ամեն մի տգեղություն և արհեստի պակասություն, Հայաստանի մեծ հիշատակարանների մեջ բնավ չեն գործածել, գործածական էր միայն մասնավոր տների մեջ, այն էլ 12-րդ և 13-րդ դարերից սկսած. այս դարերի եկեղեցիներից մի քանիսի մեջ ևս երևում են պատի ընտիր ծեփեր, որոնց վրա պետք է որ նկարեին զանազան կրոնական պատկերներ, իսկ երբ կանխորոշված չի եղել նկարազարդել, երբեք չեն ծեփվել: Կաթուղիկեի հյուսիս-արևմտյան կողմում անակնկալ կերպով բացվեց մի սենյակ, որի պատերն առանց ծեփի այնպես մաքուր և գեղեցիկ քարերով էին շինված, որ ոչ մի ծեփով չէր կարելի փոխարինել այդ մաքրությունն ու վայելչությունը: Կաթուղիկեի, Ապուղամրենցի, Փրկչի մեջ ծեփեր կան, որոնց վրա նկարազարդված են, սակայն փաստեր շատ կան, որ այդ ծեփերը 13-րդ դարից առաջ չեն: Զվարթնոցի գմբեթակիր սյուների վրա երևացին ծեփեր՝ ավելի նախնական, քան Անիի մեջ երևցածները, հավանորեն 9-10-րդ դարերի, բայց և այնպես քննությունից երևում է, որ ընդհանրապես պատերը ծեփված չեն և ծեփի փոխարեն որոշ տեղեր պատերը ներկված են, ինչպես արծվախոյակները, թե ի՞նչ բաղադրություններ ունին այդ ներկերը, որ 7-րդ դարից մինչև այսօր հետքերը չեն կորել, կարիք կա հատուկ մասնագիտական քննության:

* * *

Աղյուսի գործածությունը Հայաստանում շատ հազվադեպ է հին դարերում. պատմագիրները հատ ու կտոր հիշատակություններ ունին 5-7-րդ դարերում աղյուսով կառուցված շենքերի մասին. բայց ինչպես երևում է, այդ դարերի աղյուսաշեն շենքերը կամ բոլորովին կործանվելով կամ վերանորոգությամբ փոխվելով, այսօր մեզ չեն հասել, ինչպես Դվինում Վարդան բդեշխի կառուցած աղյուսաշեն եկեղեցին, որ հետո