Էջ:The Architecture, Tom 1.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեր էին իրենց կարևորությունը կորսնցնել, որովհետև նույն դարուն սկսեր են շինվիլ ուրիշ եկեղեցիներ ալ. թեև ընդհանուր ձևով նման հիներուն, սակայն առանց արևմտյան սենյակներու։ Հռիփսիմեի վանքի եկեղեցին, որ 7-րդ դարու գործ է, չորս անկյունը չորս սենյակներ ունի, նույնպես Բագարանի կաթուղիկեն երբեմն ունեցեր է, թեև այժմ ձևափոխված։ Իսկ Գայանեի և այլ ուրիշ ժամանակակից եկեղեցիներ արևմտյան սենյակներ չունին։ 7-րդ դարեն առաջ պահանջը անհրաժեշտ լինելուն ապացույց է, որ (հավանաբար 6-րդ դարուն) Երերույքի տաճարին հնագույն ձևին վրա արևմտյան կողմեն ավելցուցեր են երկու սենյակներ։

Հետագա դարերուն մեջ այս չորս սենյակները պարզապես մատուռներ են՝ խորաններով և սեղաններով զարդարված, իսկ հիները, որոնք ոչ խորան ունին և ոչ սեղան, բոլորովին անհասկանալի է անոնց պաշտոնը, գրական աղբյուրներե ակնարկ չունին,, կմնա դարձյալ եկեղեցական կանոններու հետ համեմատելով որոշ եզրակացության հասնիլ:

Քրիստոնեության նախնական դարերուն մեջ երբեմն սովորություն եղավ մկրտության ավազանը զետեղել նույնիսկ ապաշխարողաց կայան նախագավթին մեջ (porche կամ nartex): Պահ մը ենթադրենք, որ այդ սովորության իբրև հետևողություն մկրտարանի պաշտոն կատարեին այդ արևմտյան կողմի սենյակները։ Սակայն քանի մը պատճառներով այս ալ հավանական չեմ գտներ։ Նախ՝ երկու սենյակներն ալ միաժամանակ մկրտարան չէին կարող լինել. գոնե մեկը պետք էր որ ուրիշ պաշտոն ունենար։ Երկրորդ՝ այս ձևի եկեղեցիներուն ընդհանրացած շրջանին մեջ (մինչև 7-րդ դարու կեսը) հայոց եկեղեցվո պետերու և ժողովներու կողմանե մշակված կանոններ կան, որոնք բավականին կորոշեն հայոց մկրտարաններու տեղը և դիրքը։

Լուսավորչեն մինչև ս. Սահակ մկրտարանի տեղին և դիրքին մասին որոշ տեղեկություն չկա։ Ս. Սահակի կանոնով կերևա, որ եկեղեցիեն դուրս առանձին շենքի մեջ էր։ Քորեպիսկոպոսներուն ուղղված կանոններուն բ. հոդվածին մեջ հետևյալ կերպով կավանդե ս. Սահակ. «Եւ զտաճարս աղօթիցն՝ յորս սուրբ և աստուածընկալ սեղանն է հաստատեալ, յորոյ վերայ կատարի մեղսաքաւիչ և կենդանարար խորհուրդ մարմնոյ և արեան ապրեցուցչին մերոյ տեառն՝ ըստ արժանի բաւականութեանն զարդարուն պահեսցեն անխափան լուցմամբք և խնկարկութեամբ, և պարսպեալ քաղաքորմովք, և մերձ ի նա մկրտատունս շինեսցեն. և անդ, որպէս և սովորութիւն իսկ է և յայլսն՝ ի նմին կանգնեսցի աւազան մկրտութեան...» («Սոփերք հայկականք», հատ. Բ., երես 81)։

Պետք է ի նկատի ունենալ նաև, որ ս. Սահակի օրով հայոց եկեղեցիները բոլորովին նախնական ձևի մեջ էին, ոչ կիսաբոլորակ խորան կարող էր գտնվիլ անոնց մեջ և ոչ ալ անկյուններուն վրա մկրտատան հարմար սենյակներ, մանավանդ արևմտյան կողմի սենյակներ բոլորովին գոյություն չունեին, ինչպես մենք կտեսնենք այսօր ալ Բաշ-Ապարանի, Աշտարակի, Տեկորի եկեղեցիներու վրա. հետևաբար չէ կարելի մտածել իսկ, որ մինչև 6-րդ դարու սկիզբը բացի առանձին մկրտատունե, ուրիշ տեղ երեխաներ մկրտած լինին։

Դվնա բ. ժողովը (555) և ե. ժողովը (719) ունեն առանձին հոդվածներ, որոնց բովանդակութենեն կտեսնվի, որ եթե հետզհետե եկեղեցիներու մեջ մկրտություն կատարելը թույլատրելի կդառնար, այնուամենայնիվ եկեղեցիեն դուրս առանձին մկրտատան գոյությունն ալ պարտավորիչ էր։

Ահավասիկ Դվնա ժողովներու կանոնները։

Դվնա բ. ժողովի (555) 15-րդ կանոնը. «Մկրտութիւնս ոք ծուլութեամբ մի՛ իշխեսցէ առնել, որպէս լսեմք, այլ երկիւղիւ և զգուշութեամբ, բուրուառաւք և ճրագովք և առագաստեաւ վարագուրաւք, որպէս վայել է լուսաւորութեամբ սրբոյ աւազանին և աւազանն կանգնեսցի յեկեղեցւոջն կամ ի տան պաշտամանն. թէ քարեղէն իցէ թէ զինչ և իցէ. երկիւղածութեամբ արժանի և բաւականութեամբ գործոյն լուսաւորութեան, լայնութեամբ և խորութեամբ, զի բաւականաբար ծածկեսցէ ջուրն զհասակ մանկանցն որք մկրտեցինն»... («Հայոց եկեղեցական իրավունքը», գիրք Ա., երես 379)։

Դվնա ե. ժողովի (719) 13-րդ կանոնը. «Ոչ է պարտ զաւազանն յայլ իմեքէ նիւթոյ պատրաստեր և կամ ուրանաւր և կամեսցի, այլ աւազան քարեղէն հաստատել ի նմին իսկ յեկեղեցւոջն, և կամ յանդէն մերձ յեկեղեցին ի մկրտատունսն» (նույն, երես 414)։

Ինծի կթվի, թե Դվնա ժողովներով եկեղեցվո մեջ մկրտության ավազան դնելու մասնավոր արտոնությունները ակամա տրված են օրենքին անսաստող դավանական հատվածի մը հարուցած դժվարությանց պատճառավ, այս հատվածը կլինեին, անշուշտ, քաղկեդոնականության հակված կաթողիկոսներ և կամ անոնց հետևողներ, որոնք պակաս չէին 6-րդ դարեն սկսած։ Սակայն եթե այս շեղվող հատվածը պարբերաբար ուժեղացած է, այնուամենայնիվ բոլորովին չէ կարողացած հին կարգերը խախտել. առանձին մկրտատուն ունենալու սովորություն տևած է մինչև 13-14-րդ դարերը։ Զվարթնոց եկեղեցիեն զատ, տակավին չէ տեսնված մի հնագույն եկեղեցի, որուն մեջ մկրտության ավազանին գոյությունը հաստատվի այսօր, իսկ եթե Զվարթնոցի բացառիկ ձևը և շինողի օտարոտի հակումները ի նկատի առնենք, այն ատեն դյուրավ կհամոզվինք, որ այնտեղ գոյություն ունեցող մկրտության ավազանը հայկական եկեղեցիներու հատուկ սովորություն չէր. և Զվարթնոցի միակ օրինակը, եկեղեցիներու մեջ մկրտության ավազան շինելու մասին, ընդհանուր սովորության արդյունք չենք կարող համարիլ:

Ամեն անգամ, հին եկեղեցիներ քննած ժամանակս, բնավ չեմ մոռացած եկեղեցվո մեջ մկրտության ավազաններու հետքեր փնտռել, սակայն մինչև այսօր ամենաուշ 14-րդ դարուն կանգնված եկեղեցիներուն մեջ անգամ չեմ հաջողած գտնել, եթե կենային, անպատճառ գոնե մեկ քանի հատ կպահվեին, ինչպես պահվեր է Զվարթնոցի ավազանը։ Որովհետև կանոնադիր ժողովներ, եթե կամա թե ակամա թույլատրեր են եկեղեցվո մեջ ավազան կանգնել, միևնույն ժամանակ պարտադիր են ըրած անպատճառ քարեղեն շինել և հաստատուն շինել, այն ալ ոչ այնչափ փոքր, որպեսզի բավականություն տա մեծահասակ մկրտվողին մարմնույն մեծ մասը ջրով ծածկելու։ Գուցե Վասպուրականի,