Էջ:The Architecture, Tom 1.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայոց ազգային եկեղեցական կանոններն արդեն ապաշխարության մասին այնքան խիստ չեն, ինչպես ուրիշ ազգերունը, բնականաբար ավելի շուտ կորսնցուցեր են իրենց նշանակությունը Հայաստանի մեջ։ Ինչպես կերևի, նույնիսկ 7-րդ դարուն բոլորովին վերջ գտեր է հայոց եկեղեցվույն մեջ առանձնացած ապաշխարել տալու սովորությունը, որով նաև վերջացեր է արևմտյան սենյակներ շինելու սովորությունը։

Այժմ կմնա գիտենալ, թե քանի որ ապաշխարության օրենքի գործադրություն չկար, որպեսզի հարկ լիներ ապաշխարողաց կայան կամ գավիթ շինելու, ուրեմն, ինչո՞ւ համար շինված են այն բազմաթիվ նախասրահները եկեղեցիներու առհասարակ արևմտյան կողմին որմնակից և երբեմն ալ կրկնված հյուսիսի կամ հարավի կողմերուն վրա։

Այդ նախասրահները մեզ հայտնի են ժամատուն և գավիթ անուններով, սակայն չգիտենք հաստատապես անոնց իսկական կոչման մասին։ Նաև որոշ չէ, թե ի հնումն ալ այս երկու տարբեր անունները միևնույն նշանակությամբ կգործածվեին։

Առաջուց տեսանք, որ ամենահին եկեղեցիներու շուրջը սյունազարդ ծածկույթներ և արևմտյան կողմերուն վրա սենյակներ կան, որոնց ենթադրաբար ապաշխարողաց կայանի կոչումը վերագրեցի՝ ամենահավանականը համարելով։

Ժամատուն բառին մասին ալ տեսանք, որ 7-րդ դարուն պաշտոնակատար քահանաներու բնակարան կնշանակեր, եկեղեցիեն դուրս անջատ շինված։ Անտարակույս, 7-րդ դարու ժամատուններ ունեին իրենց մեջ կանոնավոր սենյակներ, քահանայի, ժամկոչի և այլ եկեղեցական գիշերապահ պաշտոնեից համար, ինչպես մինչև այժմ ալ կան արևմտյան եկեղեցիներու մեջ (presbytere): Փոքր ասիական հայաբնակ գավառներու մեջ տակավին կշարունակվի այս շինության սովորությունը, և ժամատուն, խուց, մասնատուն, մատաղատուն և այլն անուններ կտրվին անոր։

Այն ժամատունները, որոնցմով պիտի զբաղիմ այստեղ, որոնք երբեմն ալ գավիթ անունը ունեցեր են՝ բոլորովին տարբեր են 7-րդ դարուն մեջ Եզր կաթողիկոսի շինած ժամատան ձևեն և նպատակեն։ Վերջին տեսակները ընդարձակ սյունազարդ ծածկույթավոր և երբեմն ալ գմբեթավորյալ նախասրահներ են՝ եկեղեցվո մեկ կամ մյուս կողմին կոչած, եթե այս ձևի շինության սովորությունը 11-րդ դարեն անդին չանցնիր։

Նախ փորձեմ ապացուցանել ժամատուն անվանված ընդարձակ նախասրահներու սովորության 11-րդ դարեն առաջ գոյություն չունենալը և հետո անոնց անվան կամ կոչման մասին հայտնեմ կարծիքս։

Ամենահին ժամանակներե սկսած մինչև 10-11-րդ դարերուն շինված եկեղեցիներեն ոչ մեկը չունի հարակից նախասրահներ։ Եթե երբեմն կպատահին, անոնք ալ, թե ճարտարապետական ոճի և թե արձանագրությանց տված թվականներու անվրեպ ապացույցներով կհաստատվի, որ հետնագույն հավելվածներ են հին շենքերու վրա՝ 10-11-րդ դարերեն ոչ առաջ։

Նախասրահներուն մինչև 10-11-րդ դարու շինություններուն վրա հետնագույն հավելվածներ լինելը շինարարական տեսակետով քննելով, վերին աստիճան պարզ կտեսնվի, թե ինչպես նոր շենքի կցումեն հառաջ եկեր են շատ մը անախորժ երևույթներ։ Բացի այն, որ շենքին րնդհանուր ներդաշնակությունը խաթարված է, այլև կցված մասերու տակ մնացեր են քանդակազարդ սյուներ, կամարներ և արձանագրություններ։ Հավելյալ մասերու տակ մնացած արձանագրություններեն կարելի է գտնել Անիի Առաքելոց եկեղեցվո հարավային պատին վրա Հոռոմոսի վանքի