Էջ:The Architecture, Tom 1.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ս. Հովհաննեսի տաճարի հյուսիսային անկյունի մոտ և ուրիշ շատ տեղեր։ Եկեր է ժամանակ, որ Անիի կաթուղիկեին արևմտյան կողմեն ալ կցեր են մի ընդարձակ նախասրահ, որուն բարձրությունը հասած է եղեր մինչև պատուհաններու ստորին եզերքներուն: Նույնպես առանց նախասրահի շինված է Անիի Առաքելոց եկեղեցին, որ 10-րդ դարու վերջերու շինություն է ամենայն հավանականությամբ։ Գավիթը կցված է հարավային կողմին վրա 13-րդ դարու սկզբին՝ ծածկելով միանգամայն որմնասյուներ, աղեղներ, խորշեր և պատուհաններ։ Վերջին պեղումները ցույց տվին, որ Առաքելոց եկեղեցվո մյուս կողմերն ալ ենթարկվեր են նույն հավելումներուն՝ դարձյալ 12-13-րդ դարերուն։

Ուրիշ բազմաթիվ օրինակներ կարելի է ցույց տալ, սակայն ես պիտի բավականանամ մի շատ բնորոշ օրինակ ևս ցույց տալով։

Հոռոմոսի ս. Հովհաննեսի տաճարի նախասրահը, որ, ըստ արձանագրության, տաճարի շենքին հետ միաժամանակ պետք էր որ շինված լիներ, դարձյալ պարզ քննությամբ մը կտեսնենք, թե եկեղեցին ամբողջապես ավարտելեն տարիներ հետո ավելցված է արևմտյան կողմին վրա։ Անշուշտ, Հովհաննես թագավորը, ի սկզբան մինչև եկեղեցվույն ի կատար ածվիլը, երբեք ի նկատի չէ ունեցեր նախագավիթ շինել. հետո որևէ պատճառով հարկ տեսեր է հարակցել։

Նախասրահներու կամ նախագավիթներու ամենեն շատ ընդհանրացած շրջանին՝ 12-14-րդ դարերուն մեջ կանգնված եկեղեցիներու կից անգամ չէ կարելի գտնել նախասրահ մը, որուն շինությունը տաճարի շենքին հետ միաժամանակ կատարված լինի։ Այս վերջին շրջաններուն ալ միևնույն անախորժ երևույթները հառաջ եկած են, ինչպես մինչև 10-11-րդ դարերուն կանգնված եկեղեցիներու կից նախասրահներու հավելումով։

Այս իրողությունը հաստատող անվիճելի փաստերեն մեկն է և Անիի ս. Գրիգոր Լուսավորչի (Նախշլի) եկեղեցին, որը, ինչպես իր վրայի արձանագրութենեն գիտենք, 1215 թվականին կանգներ է Զաքարե սպասալարի զորավար Տիգրան Հոնենց։

Այս եկեղեցին, որ իր ժամանակի ճաշակով չորս կողմեն քանդակազարդված է, արևմտյան կողմին վրա նախասրահի հետնագույն հավելումով ծածկվեր է անոր քանդակներուն մեծ մասը:

Եկեղեցիներու կից նախասրահներ ավելցնելու ամենահին օրինակներեն մեկը պետք է համարել Հոռոմոսի վանքին ս. Հովհաննեսի տաճարին սյունազարդ գմբեթավոր նախասրահը, որ կանգնված է, ըստ արձանագրության, 1038 թվականին։

Հոռոմոսի նախասրահը ամենահին օրինակներեն մեկը համարելուս պատճառը այն է նախ, որ ավելի հնագույն օրինակը դեռ չէ պատահած ինծի, երկրորդ՝ մի ուրիշ պատմական վկայություն ալ կուգա ապացուցանելու, որ Բագրատունի թագավորաց ժամանակ այդ սովորությունը տակավին գոյություն չուներ։ Այս վկայությունը կգտնենք Ներսես Լամբրոնացիի «Պատարագի մեկնություն» գրքին մեջ՝ հետևյալ կերպով.

«Յարձանացեալ խորանացն որք կան մինչև ցայսօր հաստատուն, և ոչ ունին առընթեր ժամատուն. և Սահակ ս. հայրն մերձ առ սեղանն տէրունական նստելով՝ ետես զհրաշազանն տեսիլ, ըստ որում ասէ պատմութիւնն. նա և թագաւորքն Բագրատունեաց, և որ առ նոքօք հայրապետք ընդ նոյն գնացին շաւիղ եկեղեցիս միայն շինեալ տունս աղօթից...» (երես 26)։

Գուցե տեղի հեռավորության պատճառով Լամբրոնացիին ծանոթ չէր Հովհաննես թագավորի շինած ժամատունը, բայց այս ալ ապացույց է, որ 11-րդ դարեն առաջ հայոց եկեղեցիներուն համար բոլորովին անսովոր էր, որուն պատճառավ Ներսես Լամբրոնացին համոզված է, թե նույնիսկ Բագրատունիք իրենց եկեղեցիները առանց ժամատան շինած են։

Նախասրահներու հետնագույն հավելված լինելուն անվիճելի փաստերեն հետևցնելով՝ կարելի է որ կարծվի, թե Հովհաննես թագավորի արձանագրության մեջ ակնարկված ժամատունը նախասրահ չէր, այլ առանձին շենք մը եկեղեցիեն հեռու, նման Եզր կաթողիկոսի Գայանեի վկայարանին մոտ շինածին։ Այս մասին ալ դարձյալ Ներսես Լամբրոնացիի մեկ ուրիշ վկայությունը ոչ միայն կհաստատե, թե Հովհաննես Սմբատի շինած ժամատունը նույն իսկ այժմյան մեր տեսած սյունազարդ նախասրահն է, այլև շատ հետաքրքրական կարծիք կհայտնե ժամատուններու ծագման ժամանակին և պատճառներուն վրա.

«Ինձ թուի թէ յորժամ ըստ մեղաց մեր ի ծառայութիւն մատնեցաք այլազգեաց, և տիրեաց հասարակաց ի վերայ աշխարհին Հայոց սուրն Իսմայէլացւոց, փախստական եղեն բնակիչք աշխարհին՝ տարաբերեալք երկիրս յորում եմք, որ էր Հոռոմոց. և ոչ ունելով ընդ նոսա հաղորդութիւն՝ զորոյ պատճառն քննեալ է յայլում |վայրի, ոչ թուլացուցին նոցա Հոռոմք յիւրեանց սեպհական յեկեղեցիս որք են յայսմ աշխարհի՝ աղօթել. իսկ նոցա թափառական գոլով և բարեյոյս ի վերստին դառնալն յաշխարհն հայրենի, շինեցին միայն ըստ ժամանակին պիտոյից մատրունս փոքրկունս, որպէս և տեսանեմք. և զի ոչ գտին վերստին դարձք և աստ սկսան բազմանալ, տկարանայր եկեղեցին ամփոփել զնոսա, և ի հարկէ շինեցին առ ընթեր զտունսն. իսկ այն շինութիւն տանց որ ի հարկէ, փոփոխմամբ ժամանակի առ յետինս արմատ չարի եղև և հեշտութեան. քանզի յաղօթելե յեկեղեցին՝ զգոյշ լինէին որպէս ի տուն աստուծոյ, և յարտաքոյն թուլանային որպէս ի տուն մի հասարակացս։ (Սրբոյն Ներսեսի Լամբրոնացւոյ Տարսոնի Եպիսկոպոսի խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ պատարագին։ Վենետիկ) 1847, երես 29-30)։

Այս հատվածեն այլևս պարզ կերևա, որ նախ այս ձևը զուտ հայկական ստեղծագործություն է, բոլորովին տարբեր արևմտյան եկեղեցիներու porche կամ nartex ըսված բաժանումեն, երկրորդ` ծագում առեր է Կիլիկիո կամ Փոքր Ասիո հայերուն մեջ և կամաց [կամաց] հասեր է բուն Հայաստան, հավանորեն 11-րդ դարեն առաջ։

Այժմ կմնա քննել խնդիր մը, թե մասնավորապես Հովհաննես Սմբատ թագավոր ինչու շինեց Հոռոմոսի վանքի նախասրահը և ինչո՞ւ ժամատուն անվանեց։