Էջ:The Architecture, Tom 1.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասով արդեն պիտի հասկնանք բոլոր ուրիշ նախասրահներու ալ նպատակը:

Նախապես մեջ բերված ապացույցներե կհետևի, որ իբրև ապաշխարության գավիթ չէր կարող շինված լինիլ, քանի որ ապաշխարության կանոնը անգործադրելի էր, իսկ իբրև ժամատուն սլաշտոնակատար քահանայից համար (presbytere), այդ ալ չէր կարող լինել, որովհետև անոնց մեծ մասը բնակության հարմար սենյակներ չունին։ Եթե բացաոիկ оրինակներ կան այդ կարգի նախասրահներու կամ ժամատուններու մեջ՝ վրան կամ կողքերը սենյակներ ունեցող, այդ սենյակներուն մեջ ալ պատարագի խորաններ շինված են, բնականաբար անոնց մեջ բնակություն ունենալ սրբապղծություն պիտի համարվեր։ Հոռոմոսի և Բագնայրի վանքերու ժամատունները, ծածկի տակ, իբրև երկրորդ հարկ, ունին մանր սենյակներ, որոնցմե ոմանք խորաններ ունին. կան, որ խորան չունին, բայց անոնք ալ կանոնավոր վերելքի ճամբա կամ սանդուխ չունին. հետևաբար դժվար է ենթադրել, թե այդ սենյակներն իբրև բնակարան շինված էին. առհասարակ պատերուն մեջեն նեղ անցքերով մը միմիայն կհասնվի այդ սենյակներուն, որոնց մեջեն մեկ մարդ դժվարավ կրնա սողոսկիլ:

Ինծի կթվի, թե 11-րդ դարեն սկսած երևցող նախասրահներում ժամատուն անունը տրվելը պարզապես նախկին ժամատուններուն ավանդական ազդեցությունն է, որոնք գոյություն ստացեր էին հայոց ձեռքով Հայաստանեն դուրս: Իսկ վերջիններուն նպատակին մասին պիտի հայտնեմ կարծիքս՝ հիմնված մասնավոր հետազոտություններու վրա։

Ինչպես ուրիշ քրիստոնյա ազգերու մեջ, նույնպես ալ հայոց մեջ, ի հնումն մեծ ձգտում եղեր է եկեղեցվո մեջ մեռել թաղելու, սակայն հայոց եկեղեցական կանոնները խստիվ արգելեր են այդ սովորությունը՝ սրբապղծություն համարելով. այս խիստ արգելքի հետևանքով իշխաններ, ազնվականներ և ուրիշ բարձրաստիճան մարդիկ սկսեր են եկեղեցիներու շուրջը տեղ գրավել առանձին շիրիմներ և դամբարաններ կանգնելու համար։

Հոռոմոսի վանքի ս. Գևորգ եկեղեցվո արևմտյան ճակատի վրա Հովհաննես թագավորի արձանագրութենեն կերևա, որ այդ տեղը արքայական դամբարան էր. այս եկեղեցվո հարավ-արևելյան անկյունին մոտ կա շիրիմ մը՝ վրան «Աշոտ թագաւոր» փորագրված, թեև հայտնի չէ, թե «Ողորմածն» է կամ անոր թոռը՝ Հովհաննեսի եղբայր Աշոտը։ Նույնը կհասաատե նաև արևելյան ճակատի՝ Գագիկ Ա-ի անունով դրված արձանագրությունը։ Այս արձանագրության վրա հիմնված՝ կարելի է կարծել, որ Գագիկ Ա ալ թաղված է Հոռոմոսի վանքի մեջ: Չգիտեմ ի՞նչ հիման վրա հայր Ալիշան իր «Շիրակ» երկասիրության մեջ ս. Գևորգ եկեղեցվո հյուսիս-արևելյան կողմը գտնվող բոլորակ մատուռը հանգստարան Գագկա կանվանե։ Նույնպես ս. Հովհաննեսի արևելյան կողմը բարձունքի վրայի մատուռը Սմբատ Տիեզերակալի դամբարանը կհամարի։ Այս ամենուն մեջ մի բան շատ պարզ է, որ բոլոր իշխանական ցեղեր իրենց յուրաքանչյուր անհատի անունով առանձին դամբարաններ ունեցեր են շատ անգամ։ Ասոր ոչ նվազ ապացույց է Ապուղամրենց ս. Գրիգորի կից Ապլղարիպ մարզպանի շինած փոքրիկ տապանատունը երկու մատուռներով, ուր երեք մեծ և մի փոքր երեխայի գերեզմաններ կային։ Ս. Գրիգորի վրայի Ապլղարիպ մարզպանի արձանագրութենեն կերևա, որ յուր մյուս եղբայրները ոչ այդտեղ թաղված էին և ոչ ալ անոնց համար հոգեհանգիստ սահմանված էր, նույն դամբարանը հատուկ էր միայն իր հորը՝ Գրիգոր իշխանին, մորը՝ Շուշիկին, քրոջը՝ Սեդային և փոքրիկ եղբորը՝ Համզեին:

Ապլղարպի եղբայրը՝ Վահրամ Պահլավունին շիներ է Մարմաշենը որպես հանգստարան իր սերունդին համար, ուր թաղված են ինքը, իր կինը և անոր թոռ Ղարիպը. թերևս ամբողջ սերունդը այնտեղ են, սակայն մեզ հայտնի չէ։ Ապլղարպի գերեզմանը հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, պետք է լինի Անիի Փրկիչ եկեղեցվո մոտերը, որն որ ինքը շինել տված է առանձնապես։ Եթե սովորություն լիներ անպատճառ ամբողջ տոհմը մի դամբարանի մեջ ամփոփել, այն ատեն այս բաժանումները տեղի չէին ունենար։ Թե Բագրատունի թագավորներու և թե Պահլավունի իշխանական տան յուրաքանչյուր անդամի առանձին դամբարաններ ունենալեն կարելի է հետևցնել, որ Հովհաննես Սմբատ թագավորն ալ ունեցավ յուր անկախ դամբարանը և, ամենայն հավանականությամբ, այդ դամբարանը կլիներ իր կանգնած եկեղեցվո մոտը: Ուստի մեծ սխալ գործած չեմ լինիր, եթե ըսեմ, որ Հովհաննես Սմբատ թագավորն ալ թաղված է իր շինած եկեղեցվո մոտ, կամ ժամատուն ըսված նախագավթին մեջ և կամ անոր հարավային կողմին որմնակից տապանատան մեջ։

Ս. Հովհաննեսի հարավային պատին որմնակից տապանատունը թեև 13-րդ դարու սկիզբին կանգնված է վրան երեք փոքր մատուռներով, և շինողն է Խութլու խաթուն՝ դուստր Ռուզուքանա, որն որ իր արձանագրության մեջ կըսե թե՝ «շինեցի զիմ նախնեաց տապանատունս եւ զերեսին եկեղեցիս ի վերայ սորա», բայց արձանագրութենեն կերևա, որ ի հնումն ալ այնտեղ տապանատուն կամ դամբարան եղած էր. և Խութլու խաթուն վերաշիներ է իրեն և իր սերունդին համար։ Այսօրվան մեզ հասած տապանատունը Խութլու խաթունին շինածն է, բացի արևելյան պատեն, որուն վրա կան չորս գեղաքանդակ խաչքարեր՝ 10-11-րդ դարու ոճով քանդակված։ Այս չորս խաչքարերեն մեկը թե շինությունով և թե ձևով բոլորովին նման է ս. Հովհաննեսի ժամատան գմբեթի զետեղված ութ քարերեն մեկուն, որն որ ինծի կարծել կուտա, թե միևնույն ժամանակ շինված են ժամատան հետ և միևնույն քանդակագործի ձեռքով։ Շատ հավանական է, որ Հովհաննեսի դամբարանը այստեղ եղած է, և Խութլու խաթուն որևէ ազգակցական կապ ուներ Բագրատունիներու հետ, որով իրավունք կստանար «զիմ նախնեաց տապանատուն» անվանելու։

Ինչ կվերաբերի ս. Հովհաննեսի տաճարին կից ժամատան, անոր ալ իբրև տապանատուն կամ դամբարան շինված լինելուն ոչ մի կասկած չեն թողուր. թե՛ պատմական որոշ վկայություններ և թե՛ ուրիշ նույնօրինակ բազմաթիվ շինություններ մեզ հասած, որոնց