Էջ:The Architecture, Tom 1.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են միջավայրի կլիման և շինանյութերու հատուկ՝ երկրի բնական արտադրությունները։

2. Գեղարվեստական կամ զարդարանքներու ոճ, որը ամեն տեղ տարբեր ձևով զարգացավ, բնիկ ժողովրդի մտավոր զարգացման, միջավայրի ներշնչող հատկության և քանի մը շինանյութերով նպաստավոր ընդունակության համեմատ։

3. Կրոնական ոճ, որ հատուկ է ամեն տեսակ կրոններու անունով կանգնված տաճարներով ներքին և արտաքին բաժանումներուն։ Այս ոճին գլխավոր ղեկավարները եղած են ծեսերը և կղերականներու քմահաճույքը. ճարտարապետին բաժինը եղած է պահանջված մասերու վրա կրոնի պաշտոնեին ցույց տված պարտավորիչ հարամասունքներուն պատշաճ ներդաշնակությամբ դասավորումը։

4. Քաղաքային և տնտեսական ոճ, որոնք կվերաբերին հանրային շինություններու, ընտանեկան բնակարաններու և ուրիշ զանազան տեսակ տնտեսական պետքերու հատուկ ներքին բաժանումներուն. ասոնք ամեն երկրի մեջ տարբեր ձև և դասավորություններ ստացան տեղական առանձնահատուկ պահանջներու և սովորություններու համաձայն։

Ասոնցմե դուրս թերևս առանձին ճյուղ մը համարվի զինվորական ոճը, որ հատուկ է բերդեր և մարտկոցներ կանգնելու։ Հայոց մեջ շատ հետաքրքրական կողմեր ունի այս ոճը, բայց ոչ մեկ մասնագետ մինչև այսօր չէ շահագրգռված անոնց ուսումնասիրությունով։

Ահա այս ստորաբաժանումներն են, որ երբեմն հավաքաբար, երբեմն ալ անոնցմե մեկը կամ երկուսը փոխանցվեր են մոտ կամ հեռու ճարտարապետական արվեստներուն։

Այժմ համառոտակի քննենք, թև ի՞նչ աստիճան ինքնուրույնությամբ մշակեր են հայերը ճարտարապետական արվեստը և ի՞նչ չափերով օգտվեր են այս կամ այն ազգի ստորաբաժանումներեն։

Առանձին ուշադրության արժանի են նաև հայ ճարտարապետության ուրիշ ազգերու վրա ունեցած ներգործությունները, որոնք որոշ դարերու մեջ ավելի մեծ տեղ կբռնեն, քան փոխառությունները։

Շինարարական ճյուղին վրա իբրև զուտ գիտական նյութ ավելորդ կսեպեմ այստեղ խոսիլ։

Քաղաքային և տնտեսական ճյուղերու մասին ալ մեր նյութերը առատ չեն, քանի դեռ ընդարձակ չափերով պեղումներ չեն եղած, հետևաբար պիտի ջանամ եղածը միայն պատկերացնել։

Իսկ կրոնական և գեղարվեստական ճյուղերու վրա կարելի է բավականին ճոխ նյութեր տալ, քաղելով կանգուն ու կիսականգուն հիշատակարաններե և վերջին տարիներու մասնավոր պեղումներե, որոնք կհուսամ թե հաճելի ըլլան պատմական հայ գեղարվեստով հետաքրքրվողներու համար։

II
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈԻԹՅՈԻՆ

Որովհետև հեթանոս հայերու մեհենական ոճերուն վրա տակավին գրական ոչինչ չգիտենք, այդ պատճառով ալ մեր տեսության նյութը պիտի կազմե այս մասին մեջ հայ եկեղեցական ոճը։

Մինչև 4-րդ դար ոչ մեկ քրիստոնյա հասարակության մեջ եկեղեցիներու համար մշակված որոշ ձև չկար. ընդհանուր կարծիքը այն է, թե առհասարակ տուներու մեջ գտնված մեծ սրահներ բավականություն կուտային քրիստոնեից այն ժամանակվան պարզ ու համառոտ ծիսակատարություններու, ուր բոլորովին կամայական կերպով կզետեղվեր ընթրիքի սեղանը և հավատացյալներ սրահի պատշաճության համաձայն դիրք կբռնեին։

Չորրորդ դարեն առաջ այս անորոշության գլխավոր պատճառներեն մեկն էր քրիստոնեության դեմ եղած գրեթե մշտնջենական հալածանքը, մյուս կողմանե նույնիսկ քրիստոնեական վարդապետությունը, որ մեղք կհամարեր երկնային աննյութ աստվածության մը անունով՝ որ խոնարհաբար հանձն առած էր մսուրին մեջ ծնիլ, նյութական փուչ փառքերով զարդարված տաճարներ շինելը։ Մարդոց հոգին պետք էր որ ըլլար աստուծո տաճար։ Մինչև իսկ ճշմարիտ քրիստոնյա անհատին ալ ներելի չէր աշխարհային անցավոր փառքերու մեջ ապրիլ։ Այս վարդապետությունը, որ անընդհատ երեք դար իր քարոզիչը և հետևողները ունեցավ, սոսկալի անկում պատճառեց ճարտարապետության և գեղարվեստի, քրիստոնեության բազմացած երկիրներու մեջ։ Նախքան 4-րդ դար հազիվ կհիշատակվին քանի մը մասնավորապես կանգնված եկեղեցիներու անուններ, որոնք այնչափ ողորմելի և անշուք կազմվածք ունեին, որ մինչև 5-րդ դար հետքերնին անգամ մնացած չէ։

Կոստանդիանոս կայսրը, քրիստոնեությունը պետական կրոն հայտարարելեն քիչ հետո, փորձեց մինչև այն ատեն պառակտված և բաժանված քրիստոնյա հասարակությունները մեկ դրոշակի տակ հավաքել, դավանանքի և ծիսակատարությանց միօրինակություն հառաջ բերել, որուն հետևանքը պիտի ըլլար նաև եկեղեցիներու ձևերու մեջ ալ միօրինակություն։

Ի՞նչ եղավ Կոստանդիանոսի ջանքերուն հետևանքը, այդ իմ գործս չէ քննել, միայն հայտնի է, որ բոլոր քրիստոնյաները օգտվելով նորագույն ազատութենեն, սկսան անթիվ եկեղեցիներ կանգնել կայսրության ամեն կողմը. պետությունն ալ մեծապես կաջակցեր ժողովրդին այս աշխատության. կպատմվի՝ թե ավելի քան ութ հարյուր ճարտարապետներ զբաղված էին կայսրության ամեն կողմը եկեղեցիներ կանգնելու... և 337 թվականեն մինչև 527 թվականը տասնևութ հազար եկեղեցիներ կանգնված էին։

Կոստանդիանոս տեսնելով բազմամիլիոն քրիստոնեից եկեղեցիներու համար ունեցած անմիջական կարիքը, և բավարար չափով կարճ ժամանակի մեջ նորերը կառուցանելու դժվարությունները, հրամայեց հեթանոսական մեհյանները և basilique ըսված շինությունները քրիստոնեից տրամադրության տակ դնել նոր կրոնի անունով սրբագործվելու համար։

Հունական մեհյանները առհասարակ քառանկյուն սրահներ էին, երբեմն արտաքուստ շրջապատված սյունազարդ ծածկույթով, ներսը երկայնության մեկ ծայրին վրա (սովորաբար արևմտյան կողմը) կգտնվեր հեթանոս աստծույն գահը։ Կային նաև բոլորովին բոլորակ ձևերով մեհյաններ, որոնք ևս ուշ կամ կանուխ նվիրվեցան քրիստոնեական պաշտաման։