Էջ:The Architecture, Tom 1.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, այն ժամանակ, երբ Հայաստանի մեջ արդեն դադրած է։

Վերը տեսանք, որ 5-րդ դարուն Հայաստանի մեջ սովորական էին պայտաձև աղեղները և կամարները, 7-րդ դարուն ծագում առեր էին նաև ogive ըսված ձևերն ալ[1], բայց չէին վերջացած պայտաձևները, գրեթե մինչև հայ ճարտարապետության վերջին անկումը գործածած կտեսնենք այդ ոճը, թեև շատ ցանցառ։ 8-րդ դարուն արդեն արաբներ Հայաստանը բոլորովին քանդեր էին, այլևս ճարտարապետություն գոյություն չուներ մինչև 9-րդ դարուն վերջերուն մոտ։ Եվ ահա այս ավերման շրջանին, 8-9-րդ դարերուն մեջտեղ Սիրիայի մեջ կգտնենք պայտաձև աղեղներու ոճը հայկական ուրիշ դետալներով միասին։ 10-րդ դարու վերջերն ալ Սպանիայի մեջ երևան կուգա Կորդովայի մզկիթին վրա։ Այստեղ ոչ միայն կտեսնենք, որ 5-րդ դարեն առաջ սովորական եղող հայ ոճը մինչև Կորդովա հասեր է, այլև կպարզվի, թե ինչ շավղով անցեր է մինչև Սպանիա հասնիլը։

Ոմանք կկարծեն, թե (անշուշտ 5-րդ դարու հայ ճարտարապետության ծանոթ չեղողներ) Հնդկաստանեն գացած ըլլա մինչև Սպանիա. այս կարծիքին որչափ անհավանական ըլլալը ստուգելու համար, ես կառաջարկեմ միայն մեկ բան՝ 5-րդ դարեն մինչև 10-րդ դարու պատմությունը բաղդատել աշխարհագրական քարտեզի հետ։

Միայն 5 և 6-րդ դարերու հայ ճարտարապետությունը չէ, որ դեպի հարավ և հարավ-արևմուտք տարածվեր է, այլ ամեն դարու մեջ ծաղկող հայ ճարտարապետություններ միշտ իրենց ներգործությունը ունեցեր են Հայաստանեն դուրս մահմեդական տիրապետության ներքև գտնված երկիրներու մեջ, այն ալ Հայաստանի մեջ ընկած պահուն, բնականաբար այս երևույթը պետք է բացատրել գերեվարությամբ։

Երբ Հայաստանի մեջ 11-րդ դարու վերջին քառորդին ճարտարապետությունը վերջին շունչը տալու վրա էր, հանկարծ Գոնիայի մեջ կերևա Ալայեդդինի հռչակավոր մզկիթը, որուն վրայի զարդաքանդակները մեծ մասամբ հայկական ըլլալեն զատ՝ թե մզկիթը և թե ներսի ամբիոնը հայկական ութանկյուն կաթուղիկե գմբեթներով պսակված կտեսնենք։ Ամբիոնի վրա եղած արձանագրություն մը ցույց կուտա, որ ամբիոնը, հավանաբար նաև մզկիթը, շինած է ախլաթցի դավանափոխ հայ մը (1158 թվին) Մեկկեեն վերադարձին[2]։ Պետք չէ մոռնալ, որ Վան, Ախլաթ, Արճեշ և Վանա ծովի շուրջը ուրիշ քանի մը քաղաքներ հայ ճարտարապետության մեծ օջախներ եղած են միշտ, ամեն տեսակ ոճեր ամենեն առաջ այս տեղերը ծագում առեր և տարածվեր են ամեն կողմ։

Դժվար է առայժմ ամեն շրջանի համար բազմաթիվ օրինակներ բերել արտաքին ներգործություններու մասին, որոնք շատ առատ են, օրինակ մ'ալ վերջին վերածնության փոխանցումներեն բերելով կբավականանամ։

Հայ ճարտարապետության չորրորդ վերածնությունը, որ մասնավորապես զարդաքանդակներու տեսակետով ամենեն հարուստն էր, տևողության տեսակետով ամենեն դժբախտը եղավ, 13-րդ դարու կեսեն հետո արդեն սկսած է կամաց կամաց իր փայլը կորսնցնել։ Այս անգամ թաթարներու արշավանքը այնպես քանդեց երկիրը, որ այլևս չվերականգնեցավ ընդմիշտ. ժողովուրդը գաղթականության մեջ փնտռեց իր խաղաղությունը, միանգամայն երկիրը թողելով թշնամիին ձեռքը։

Ահա այս վերջին արշավանքներեն հետո Հայաստանեն դուրս ուրիշ երկիրներու մեջ կգտնենք դարձյալ մաքուր հայկական ոճերով կանգնված մահմեդական հիշատակարաններ։

Գոնիայի մեջ Իննե մինարելի մէտրեսե ըսված շենքը կանգնված է 1351 թվականին, որուն վրա դարձյալ արձանագրված է ճարտարապետին անունը, դավանափոխ հայ մը Գալուաո անունով[3]: Շատ զարմանալի երևույթ է այս դարուն մեջ մանավանդ դավանափոխ հայերուն անունին արձանագրելը իրենց կանգնած շենքերուն վրա, մինչդեռ Հայաստանի մեջ հայ ճարտարապետներուն այդ սովորությունը ամենևին չտեսնվիր։ Կարմիր վանքը (Ղոշավանք} բացառություն է, որուն արձանագրության մեջ հիշատակված է շենքը կանգնող Սամեհան ճարտարապետին անունը։

Իմ հետազոտած սահմաններուս մեջ կերևի, որ մինչև 14-րդ դարու կեսը հազիվ թե կարողացեր են հայերը իրենց տնտեսական և քաղաքական գոյությունը պահել։ Մինչև այս ժամանակ հատ-հատ կպատահինք փոքրիկ մատուռներու, դամբարաններու շինությանը, իսկ 14-րդ դարու կեսեն հետո ամեն բան անհայտության մեջ թաղված է, ճարտարապետական կամ գեղարվեստական ոչ մեկ բան կարելի չէ գտնել. ասկե անդին երկրեն դուրս գաղթականության չված ճանապարհներու վրա պետք է փնտռել հայ գեղարվեստի շարունակությունը կամ վերջին մնացորդները։


IV

Հին հայերու ներքին կյանքին և անոնց ապրելու պայմաններուն ծանոթանալու համար առայժմ մեր պատմագրությանց դիմելե զատ, ուրիշ միջոց չունինք։ Բայց որովհետև նորագույն քննադատական ուղղությունը, առանց իրական փաստերու պատմագրական տեղեկությունները իբրև ճշմարտություն ընդունելու համար շատ դժվարահաճ է, այդ պատճառով ալ մենք հազվադեպ պարագաներու մեջ պատմության վրա հույս դնելով՝ պիտի դիմենք մասնավոր ուսումնասիրություններու և պեղումներու միջոցավ ձեռք բերված արդյունքներուն:

  1. Երբ ogive աղեղներու մասին դարձյալ սխալ կարծիք կազմեր է A. Choisy (Hist. de l'Arch., t. II, page 21), անշուշտ, 7-րդ դարու հայ հիշատակարաններու մասին ժամանակագրական կամ նկարագրական ճիշտ տեղեկություն չունենալուն պատճառավ, որովհետև ոչ թե առաջին անգամ Անիի կաթուղիկեին մեջ երևցած է ogive աղեղը 1010 թվին, այլ դեռ 7-րդ դարուն Ալամանի ս. Անանիան, Բագարանի ս. Թեոդորոս և ուրիշ կարգ մը ժամանակակից եկեղեցիներու մեջ աղեղները առանց բացառության ogive են, միայն Մրենի եկեղեցիին աղեղներն են, որ թեև դարձյալ բեկում ունին կատարին վրա, սակայն այնքան քիչ, որ անզգալի է և առաջին նայվածքով ուղիղ կիսաբոլորակի տպավորությունը կթողու։
  2. G. Migeon, Manuel d’art musulman, tome II, page 120.
  3. H. Saladin, Manuel d'art musulman, tome I, page 456.