Էջ:The Architecture, Tom 1.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Իսկ Անին,– գրում է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը,— Անին նրա համար ապրող, շնչող իրականություն էր։ Անիի անցյալը նրա աչքում կենդանի ներկա էր. նա տեսնում էր անցած իրերը, դեպքերը, պատկերները։ Լսում էր անցյալի ձայնը, զգում էր անցյալը։ Անիում նրա համար մեռած կամ կիսամեռ կամ փլատակ իր չկար։ Բոլորը նրա առաջ լրիվ կանգուն էին, անթերի և կատարյալ, որովհետև բոլորը նա վերակառուցել էր արվեստագետի իր հրաշագործ և ճշգրիտ երևակայության մեջ։ Կարծես, նա աչքով տեսել էր այս հոյակապ շենքերի կառուցող վարպետներին, խոսել էր նրանց հետ, աշակերտել էր, միասին աշխատել, և այսպիսով որսացել էր նրանց վարպետության գաղտնիքները։ Ականատեսը միայն այսքան կարող էր գիտենալ»[1]։

Անին սիրելու և այնտեղ երկար ժամանակ մնալու առաջին դրդապատճառը եղել է հետևյալ հանգամանքը։ Մինչև Հայաստան գալը Թորամանյանը ծանոթ էր Տեքսիեի և մի քանի այլ հեղինակների կողմից հայկական ճարտարապետական մնացորդների հրատարակված չափագրություններին։ Երբ տեղում այդ չափագրությունները համեմատության դրեց իրական մնացորդների հետ և տեսավ, որ միանգամայն անհարազատ ու թույլ են, որոշեց երկար ժամանակ մնալ այնտեղ և ճիշտ ձևերով ու չափերով վերարտադրել այդ խոշորագույն հուշարձանները։

1907 թվականի նոյեմբերի 25-ին Պետերբուրգի Կայսերական Ակադեմիային ուղղած իր նամակում Թորամանյանը գրում է.

«1903 թվականին հուլիս ամսո մեջ դիպվածով մը եկա Էջմիածին, և անոր շրջակա հիշատակարանները աչքի անցնելով՝ հետո մտա հայոց հին մայրաքաղաք Անին, հետաքրքրված գիտնական ճանապարհորդներու անոր մասին տված շահեկան տեղեկություններեն։

«Անակնկալ նորություն էր ինձի համար տեսնել այնքան գեղարվեստական թանկագին գոհարներով լեցուն անկյուն մը, ուր իբր օվասիս, Արևելքի հնադարյան խավարին մեջ ծլած ու ծաղկած էր, հակառակ զինքը շրջապատող քանդելու, ավերելու միայն ընդունակ, բազմաթիվ ցեղերու շահատակությանց։

«Զիս հետաքրքրեցին անոր ոչ միայն մինչև այն ինձ գրեթե անծանոթ գեղարվեստի գեղեցիկ ու ներդաշնակ հորինվածներու անհուն հարստությունը, այլև մեր ներկա գիտության համար ալ նորություն համարելու չափ շինարարական արվեստի հետաքրքրական մասերը։

«Իբր գեղարվեստի նվիրված խոնարհ մշակ՝ զոհաբերելով սեփական գործերս, և գուցե շատ բան, որոշեցի մնալ ժամանակ մը և իմ լումաս ալ ձգել արևելյան գեղարվեստի այն գանձարանին մեջ, ուր արդեն թափված էին ինձմե առաջ շատ մը արժանավոր մասնագետներու քաղցրիկ պտուղները։

«Թղթատեցի նախ և համեմատեցի այն բոլոր հետազոտությունները, որոնք գրված էին այս քաղաքի ու շրջակայից ճարտարապետության և գեղարվեստի մասին։

«Բայց դժբախտաբար, ցավոք սրտի, ստիպված եմ ըսելու, որ համեմատաբար ավելի շատ էին անոնց մեջ թերի և իրականին անհամապատասխան մասերը։

«Ասոնց մեկ մասը կբաղկանար լոկ ողբերգական ներբողներե, առանց գիտական բացատրությանց, իսկ մեկ մասն ալ քմածին և անհավատարիմ ընդօրինակություններե. նյութի խիստ համեստ քանակությամբ ալ անբավական էին ուսումնասիրությունն համարելու մեծ արվեստի մը, որն որ ապրած էր ավելի քան տասն և հինգ դար, ունենալով իր անկումները, վերածնությունները և վայելչափոխությունները անընդհատ։

«Ոչ ոք դեռ լրջորեն չէ հետազոտած ծագումն ու զարգացումը, փոխանցման և ազդեցության շավիղները, ինքնուրույն ստեղծագործությանց և օտար խմորներու զանազանությունները

  1. Ավ. Իսահակյան— «Թ. Թորամանյան» (Հուշեր), 1934 թ.: