Էջ:The Architecture, Tom 1.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ներկա աշխատությունս անպայման կունենա յուր շատ թերի կողմերը, որովհետև մեկ կողմանե զրկված եմ պատմական գեղարվեստի գրականության մեջ խորասուզվելու հնարավորութենեն, մյուս կողմանե զրկված օժանդակ ուժերու աջակցութենեն, որ անհրաժեշտ է այսօրինակ աշխատություններ նպատակահարմար կերպով գլուխ հանելու համար։ Արդ՝ ինկատի ունենալով սույն պարագաները, անշուշա կներվին այն թերությունները, որոնք կարող են սպրդած լինել ներկա աշխատությանս ընթացքին մեջ։

Շատ պարզ է, որ ես մինակս բավական չէի Տեկորի տաճարի նման հնադարյան մեծ առեղծված մը ըստ ամենայնի ճշտությամբ լուծելու, ուստի այս առթիվ կհայտարարեմ, որ ինծի մեծ հաճույք պիտի պատճառեն ազնիվ ու անաչառ քննադատներու լուսաբանությունները հոգուտ այս մեծ հիշատակարանի ճշգրտագույն ուսումնասիրության։

Ներկա ուսումնասիրությանս մեջ, բացի անհրաժեշտ պահանջված տեղերեն, առհասարակ պիտի հրաժարիմ զուտ ճարտարապետական և գեղարվեստական մասերուն վրա դատելե և ընդհանուր ճարտարապետության մեջ անոնց դիրքը, ազդեցությունները և փոխանցումները քննելե։ Այդ ճյուղը վերապահած եմ առայժմ մի ուրիշ աշխատությանս, որ պիտի բովանդակե ամբողջ հայ ճարտարապետության ուսումնասիրությունը յուր բոլոր ճյուղերով։ Այստեղ պիտի ամփոփեմ միայն Տեկորի տաճարին մինչև մեզ հասնելը կրած փոփոխությունները և պիտի համեմատեմ հայ ճարտարապետության առանձնահատուկ ոճերու և շենքերու հետ։

Որպեսզի քննական պարզաբանություններս ավելի դրական օրինակներու վրա հաստատեմ, նախքան Տեկորի տաճարի մասին խոսելս, հարկ կհամարիմ մի համառոտ ընդհանուր տեսություն կատարել հայ ճարտարապետության ամբողջ տևողության շրջանին մեջ կանգնված հայոց (basilque) բազիլիկ եկեղեցիներու հատակագծային զանազան ոճերու վրա, որոնք ընդհանրացած են տարբեր ժամանակներու մեջ։

Բայց որովհետև նախքան 7-րդ դար կառուցված եկեղեցիներեն շատ քիչեր հասեր են մեզ, և անոնք ալ տակավին ժամանակագրական տեսակետով լիովին գիտական ուսումնասիրության բովեն չեն անցած, ուստի սույն համառոտ տեսությունս պիտի ընդհանրացնե 7-րդ դարեն սկսյալ գոյություն ունեցող բազիլիկներու վրա և անոնց հետ պիտի համեմատեմ ավելի հնագույն լինելու հավանականություն ներկայացնող եկեղեցիները, որոնց գլխավորն է ներկա աշխատությանս նպատակակետ Տեկորի տաճարը։

Իմ կատարած բոլոր հետազոտություններով նկատեր եմ, որ հայոց եկեղեցիներու հատակագծային ոճերու մեջ 7-րդ դարեն սկսյալ մինչև 14-րդ դար երեք գլխավոր զանազանություն կա։

Առաջին զանազանությունը կվերաբերի այն բոլոր բազիլիկ (basilique) եկեղեցիներուն, որոնք ունին