Էջ:The Architecture, Tom 1.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիպել անսպասելի չէ, և նույնիսկ Տեկորի տաճարին մեջ այսօր ոչ մի ուղիղ և կանոնավոր չափ չէ կարելի գտնել մասնավորապես պարբերաբար եղած նորոգություններու պատճառով, սակայն այս միջոցին մեջ 0,50 մետր տարբերությունը շատ մեծ էր և պատահական պատճառներու կամ վարպետներու անզգուշության չէր կարելի վերագրել[1]։

Ավելի հաստատվեցա համոզմանս վրա, երբ Մրենի տաճարին մեջ ալ նույն մասի վրա գտա չափերու զգալի տարբերություն (նկ. 120, AA և նկ. 121 AA)։

Մրենի տաճարին մեջ, ուր ավելի կանոնավոր պահված են հին չափերը և ավելի խնամքով կատարված են հետնագույն հավելումները, կպարտավորեի գտնել այս հատուկ սլատճաոե մը ծագում առած տարբերության գաղտնիքը։ Սակայն ինչ լուծում ալ որ տայի թե Տեկորի և թե Մրենի մեջ եղած այս տարբերություններուն, ամեն ինչ ենթադրություններու և կարծիքներու վրա պիտի հիմնվեին, ուստի, ավելի համոզիչ եզրակացության գալու համար, հարկ էր ավելի գրական օրինակներու դիմել, որոնք բարեբախտաբար պահված կան տակավին։ Այդ օրինակներն են, ի միջի այլոց, Երերույքի և Քասաղի տաճարները։

Երերույքի տաճարը Տեկորի տաճարեն կտարբերի արևմտյան անկյուններու վրա երկու սենյակներով (նկ. 61)։ Բացի այս, Երերույքի մեջ փոխանակ չորս անջատ մույթերու, կգտնվին վեց անջատ մույթեր, առանց սակայն գմբեթի և խաչաձևված տանիքի։

Տեկորի մեջ արևմտյան անկյուններու վրա սենյակներու բացակայությունը, իմ կարծիքով, կբացատրվի անոր շինության ժամանակակից հայոց դավանաբանական կամ ծիսական վարդապետություններով։ Բնականաբար, Տեկորի շինության ժամանակ այդ արևմտյան սենյակներու պահանջը չէ եղած, ինչպես որ կար Երերույքի շինության ժամանակ։

Երերույքի տաճարը, եթե Տեկորի տաճարին ձևին վերածել ուզենք, բավական է, որ միմիայն արևմտյան անջատ մույթերը և անոնց հանդիպակաց հյուսիսային ու հարավային որմնասյուները միացնող աղեղներուն projéction-ը արևմտյան պատ համարինք (նկ. 61), չեղած համարելով մյուս մնացած արևմտյան մասերը, կստանանք Տեկորի տաճարին ճիշտ ձևը. և զարմանալի մի զուգադիպությամբ ալ ամբողջ խորությունը ենթադրյալ արևմտյան պատեն մինչև խորանին կից սենյակներու պատը, կունենանք 19 մետրեն քիչ ավելի խորություն, որ քանի մը սանտիմով միայն ավելի է Տեկորի տաճարին խորութենեն։

Այս արդյունքը Երերույքի տաճարին վրա ստանալե հետո, կամա ակամա կմնա համոզվել, որ Տեկորի տաճարը ունեցեր է երբեմն ալ նկ. 110 հատակագիծը, անոր սև և մութ ներկված մասերը միասին առնելով և ճիշտ նման Երերույքի տաճարին, երկու կարգի վրա վեց անջատ մույթերով՝ կամարակապ, բացի արևմտյան անկյուններու սենյակներեն, որոնց գոյությանը ապացույց ամենևին չերևիր Տեկորի տաճարի վրա։

Քասաղի եկեղեցին, որ ավելի պարզ նմանություն է Երերույքի տաճարին, անոր մեջ հավելված է միայն արևելյան կողմեն խորանը, մնացյալ բոլոր մասերը նույնությամբ կմնան գրեթե առանց կարևոր փոփոխության, բացի շրջապատող սյունազարդ ծածկույթին քանդվելեն։ Սյունազարդ ծածկույթին որմնասյուները հյուսիսային ճակատին վրա դեռ պահված են մինչև այսօր։ Այստեղ կողմնակի սենյակներ ալ չկան խորանին երկու կողմը այն ձևով, ինչպես ունին Տեկորն ու Երերույքը։ Թեև հյուսիսային կողմեն մի ժամանակ մի սենյակ ավելցուցեր են շենքեն բոլորովին դուրս՝ դռնով միայն հաղորդակցող տաճարի հետ, սակայն այդ սենյակը տաճարին շինության հետ բնավ կապված չէ, որ կնշանակե, թե Քասաղի եկեղեցին ավելի նախնական վիճակի մեջ մնացած է, քան Տեկորի ու Երերույքի տաճարները։

Այս եկեղեցիներուն մի ուրիշ օրինակն է Օձունի եկեղեցին, որուն մեջ ներքին ձևը Երերույքի, Քասաղի տաճարներուն նման պահված լինելեն զատ, հյուսիսի կողմեն սյունազարդ ծածկույթն ալ դեռ կմնա[2]: Այստեղ ալ արևելյան և արևմտյան կողմերու վրա մյուսներեն տարբերող շեղումներ կնկատվին, սակայն այդ մասին չեմ կարող առայժմ կարծիք հայտնել, մինչև որ ինծի հաջողվի մանրախույզ քննություն կատարել տեղին վրա։ Դեռ կան այս տիպի տաճարներ շատ տեղեր, սակայն անոնց ոչ մեկը տակավին չէ ուսումնասիրված,

  1. Ես կկարծեմ, որ հակառակ գաղափարի մեծության և արվեստագործությանց կատարելության, հայոց հին շինություններու մեջ անկանոնություններ հառաջ եկեր են անոնց գործածած չափերուն մանր ստորաբաժանումներ չունենալեն, ինչպես ֆրանսիական սանտիմետրը կամ սաժենի сот-երը։ Նաև լայն միջոցներ չափելու համար հավաքական չափեր չեն ունեցեր, որպիսին է այսօրվան roulette-ը, այլ չափեր են պարզ լարերով կամ չվաններով, ինչպես դեռ կգտնվի Հայաստանի խորերը այդ ձևով ղեկավարվող տեղեր մինչև այսօր ալ։ Ճշմարիտ է, որ հայերը համաչափություն չեն սիրած, սակայն մասեր կան շինությանց մեջ, որոնք անհրաժեշտ չափերու միօրինակություն կպահանջեն. այդպիսի տեղերու վրա ալ հաճախ անկանոնություններ տեսնվիլը ինծի առիթ կուտա մտածելու, որ արվեստագործության մեջ այնքան մաքրություն և կանոնավորություն սիրող վարպետներ չէին սխալվիր չափերու մեջ, եթե իրենց ձեռքը գտնված չափերը զիրենք խաբող հատկություններ չունենային։ Իսկապես, արհեստավորը շատ անգամ խաբողը իր ձեռքը գտնված առանց մանր ստորաբաժանումի չափն է։ Անձնական փորձերով տեսեր եմ ալեքսանդրոպոլցի վարպետներու մեջ, որ երբ որմնահյուսը քարտաշին պիտի հանձնարարե որևէ չափով քար տաշել, չափը կուտա հետևյալ ձևով. այսքան վերշոկ, չեթ մը, ասմիշկա մը, նայիսսա մը: Այս նայիսսա ըսածը երբեմն 3 միլիմետրեն ավելի է, ի բացառյալ այն տարբերությունը, որն որ ավելի կթողուն տեղի վրա հյուսելու ժամանակ հղկելու համար, այսպիսի անորոշ տարբերությամբ երբ քանի մը քարեր միևնույն տեղի համար տաշվին, արդեն շարվելեն հետո վերջին քարին վրա դուրս կուգա տեղին անպատշաճ չափ։ Տեղական այսօրվան գործածական արշինները, եթե մետրի ստորաբաժանումները չունեն, սակայն դարձյալ բավական մանր բաժանված են, երբ ի նկատի առնենք հին արշիններ և էնտազեներ, որոնք բոլորովին զուրկ էին այդ մանրիկ ստորաբաժանումներեն։ Հետևաբար, շատ բնական էր, որ միևնույն չափով հանձնարարված քարերը տարբեր չափ պիտի ստանային հին վարպետներուն ձեռքին մեջ և պիտի հառաջ գային այն մանր ու խոշոր անկանոնությունները, որոնք կտեսնվին հին հիշատակարաններու վրա։
  2. Մյուս կողմերու սյունազարդ ծածկույթներն ալ պահված են եղեր մինչև վերջին տարիները։ Քանի մը տարի առաջ քանդեր են ննորոգության մը առթիվ։