Էջ:The Architecture, Tom 1.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չերևեր անոր շուրջը, կնշանակե թե նույն դարուն արդեն վերջ գտած էր այդ սովորությունը։ Նմանապես եթե որևէ կերպով հաստատվի, որ եթե Տեկորի տաճարին կեսեն քաշված corniche-ին նման Էջմիածնի տաճարին բարձրության կեսեն շրջապատված corniche -ն ալ քանդված շուրջանակի սյունազարդ ծածկույթի մը (portique) հետևանքն է, դարձյալ ավելորդ ապացույց կլինի սյունազարդ ծածկույթներու 6-րդ դարուն մեջ գոյության և 7-րդ դարուն սովորական լինելե դադրելուն, որովհետև Էջմիածնի տաճարին բարձրության կեսեն շրջապատված corniche-ը 7-րդ դարուն շինված է։

Քասաղի եկեղեցիին արևմտյան և հարավային կողմերուն վրա կատարված բազմաթիվ նորոգությունների պատճառով շուրջանակի սյունազարդ ծածկույթի (роrtique) հետքը միանգամայն կորած է, միայն հյուսիսային կողմին վրա դեռ կմնան որմնասյուներ իբր ապացույց վաղեմի գոյության։ Թե երբ քանդվեր և վերցվեր է այնտեղ սյունազարդ ծածկույթը, առայժմ դժվար է ըսել առանց երկար ուսումնասիրելու և շուրջը հարկավոր եղած պեղումները կատարելու։ Երերույքի տաճարին նման, բացառաբար պահված է մինչև այսօր Օձունի եկեղեցիի շրջապատի սյունազարդ ծածկույթը. ինչպես կերևի, այդ եկեղեցին կամ երկար ժամանակ նորոգության պետք չէ ունեցեր, և կամ Երերույքի տաճարին նման վաղուց անուշադրության է մատնված, մեծամեծ փոփոխություններ կատարող մարդ չէ գտնվեր իր միջավայրի մեջ։

Այժմ փորձենք հետազոտել, թե ինչպես կարող էին սովորություն դառնալ շուրջանակի սյունազարդ ծածկույթները հայոց եկեղեցիներու մեջ և ինչ նպատակով։


Այս հետազոտության մեջ բավականին հավանական եզրակացության հասնելու համար պետք է հայոց հեթանոսութենե դարձի ժամանակին ունեցած ծեսերն ու ավանդությունները փոքր ի շատե գիտնալ, որոնց հետ սերտ կապված են եկեղեցիներու ալ հատակագծային ձևերը։

Ընդհանուր քրիստոնեության մեջ, առաջին դարուն ծիսական բարդ արարողություններ չգտնվելուն պատճառով, տաճարներն ալ որոշ ձև չէին պահանջեր, աղոթատեղիին ձևը նշանակություն չուներ, հավատացյալներն իրենք էին տաճար աստուծո։ Աղոթատեղիի համար բավական էր մի սրահ, որուն մեջ հավաքված կատարեին հաց կտրելու գլխավոր արարողությունը և շատ համեստ չափով ալ աղոթք կամ սաղմոսերգություն։ Այս հավաքումը ավելի ընտանեկան կամ եղբայրական խմբակցության երևույթն ուներ։

Մինչև 4-րդ դար անսպասելի կերպով բազմացող քրիստոնյա հասարակություններ թեև ունեցան վարչական ուրույն կազմակերպություններ, ծիսակատարության օրենքներ, որոնք առաջին դարու պարզութենեն դուրս եկած էին, սակայն պարբերաբար խստացող հալածանքներու պատճառով ոչ հաստատուն եկեղեցիներ հիմնված էին և ոչ ալ եկեղեցիներու ձևի համար մշակված որոշ համանմանություն։ Այդ ձևը կամ համանմանությունը պիտի տար արևմտյան կայսրության մեջ քրիստոնեության պետական կրոն հռչակվիլը։

Կոսաանդիանոս կայսեր ինքզինքը քրիստոնեության պաշտպան հայտարարելը ասպարեզ բացավ ոչ միայն հազարավոր եկեղեցիներու միաժամանակ հիմնարկվելուն, այլև եկեղեցիներու ձևի մեջ ալ փոքր ի շատե համանմանություն տեսնվելուն։

Քրիստոնեական ճարտարապետությունը ուսումնասիրող գիտնականներ կհավաստեն, թե մինչև 4-րդ դարու վերջն ալ ընդհանուր քրիստոնեից եկեղեցիներու հատակագծային ձևի մեջ համանմանություն չլինելեն զատ, մինչև 7-րդ դար ալ տակավին իրարմե մեծապես զանազանող եկեղեցիներու ձևեր կային, դավանաբանական վարդապետություններ և ըստ հաճույս ս. Գրքի տրված մեկնություններ արգելք եղած էին միշտ եկեղեցիներու միօրինակ ձև և միօրինակ ծիսակատարություն ստեղծվելուն։

Այս անօրինակ խառնակությունը, սակայն, արգելք չէր քրիստոնեության ազատության օրերուն մեջ անթիվ անհամար եկեղեցիներու հիմնարկության։ Պահանջը շատ մեծ էր և պետքը՝ անմիջական. բավական չէին նախկին փոքր ու անշուք սրահ-աղոթատեղիները, բավական չեղան նաև հետզհետե նոր կանգնվիլ սկսող մեծ ու փոքր եկեղեցիները. այս անդիմադրելի ընդհանուր պահանջին գոհացում տալու համար Կոստանդիանոս կայսրը քրիստոնեից տրամադրության տակ դրավ բոլոր նախկին հեթանոսական մեհյանները և basilique ըսված շինությունները[1]։

Հեթանոսական շինությունները անխտիր ընդունվեցան և սրբագործվեցան նոր կրոնի անունով։ Միայն

  1. Basilique-ներու քրիստոնեից տրամադրության տակ դրվելու ճիշտ թվականը հայտնի չէ. համենայն դեպս 312-են առաջ չէ. իսկ երբ ի նկատի տռնենք, որ Կոստանդիանոս կայսրը 312-ին Միլանի հրովարտակով լիակատար հավասար իրավունքներ կուտար ինչպես քրիստոնյաներու, նույնպես հեթանոս կրոնը դավանողներուն, հետևաբար ամենևին հավանական չէր, որ այս թվականին հեթանոս պաշտաման հատուկ շենքեր կարելի լիներ համարձակ հանձնել քրիստոնյաներուն ձեռքը։ Այդ պետք էր որ լիներ 324 թվականին, երբ Կոստանդիանոս, հաղթահարած բոլոր թշնամիները, ոչ միայն բացարձակապես քրիստոնեից կողմն անցնելով պետական կրոն հռչակեց քրիստոնեությունը, այլև խուլ հալածանք հանեց հեթանոսության դեմ։ Հետևաբար Արևմուտքի մեջ մեհյաններ և basilique-ներ սրբագործելու սկզբնավորությունը մոտավորապես 25 տարի հետո պետք է համարել, քան հայոց մեհյաններու փոխարկումը Տրդատի և ս. Գրիգորի ձեռքով։