Էջ:The Architecture, Tom 1.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քրիստոնեության նախնական տաճարներ, թեև ավելի հավանականը, ըստ իս, այն է, որ մյուս նմաններն ալ հեթանոսական շենքեր էին, միայն մի քիչ ավելի ուշ փոխարկված, քան Տեկորի ու Քասաղի տաճարներր։ Որչափ որ հայ պատմագիրներ կջանան մեզ համոզել, որ Լուսավորչի օրով այլևս հեթանոս հայեր չմնացին, սակայն գիտնականներու խորաթափանց քննադատական հետազոտությունները կհաստատեն, թե դեռ 5-րդ դարու վերջերն ալ կային հեթանոս հայեր և հեթանոսական տաճարներ, որոնց դեմ կռվելու համար բավական չեղան բարոյական միջոցները, առանց պետական ուժի միջամտության։ Ուստի տարօրինակ չի լինիր ենթադրել, որ եթե Երերույք ու Մրեն և այլ նմաններ մեհենական պարզ դրոշմը կկրեն, կարող էին ավելի ուշ ժամանակ փոխարկված լինել, քան իրենց նախորդները. փոխարկման ժամանակի քրիստոնեության ծիսական պահանջներուն համեմատ հավելվածներու ենթարկվելով։

Մինչև այստեղ կատարված քննությունները բավական կհամարիմ ապացուցանելու, որ Տեկորի տաճարը երբեմն ունեցեր է նկ. 110 սև ներկված ձևով հատակագիծ, առանց կիսաբոլորակ խորանի (abside), միայն արևելյան կողմեն դուրս ցցված ներքին ուղղանկյուն խորշով մը (նկ. 110) և այս եղեր է անշուշտ մինչև 5-րդ դարու սկիզբները, երբ դեռ կիսաբոլորակ խորանի (abside) ոճը Հայաստան չէր հասած։ Շենքին արտաքին և ներքին պարզութենեն ալ կերևի, որ տակավին այն ժամանակ ծիսական բարդ արարողություններ չեն եղած, որովհետև անոր մեջ չեն տեսնվիր ինչպես կիսաբոլորակ խորան, նույնպես ավանդատուններ, հաստատ կարելի է վճռել, որ նույնիսկ Լուսավորչի օրով ընդունված ձևն է սա անպայման, որուն վրա հետո սլարբերաբար ավելցեր են նոր ծիսական պահանջներու համապատասխանող մասեր, այսինքն՝ ավանդատուններ և ապաշխարության գավիթ[1]:

Տեկորի տաճարին վրա շուրջանակի սյունազարդ ծածկույթներու (portique) ավելի ուշ ժամանակ ավելցված լինելը ինծի ենթադրել կուտա, թե ինչպես Հունաստանի մեջ, այնպես ալ Հայաստանի մեջ մեհյաններու ձևը երկու ուղղությամբ զարգացած էր, այսինքն կային շուրջանակի սյունազարդ ծածկույթներ ունեցող և չունեցող մեհյաններ։ Ուստի երբ քրիստոնեական եկեղեցիներու մեջ ալ հեթանոսական սյունազարդ շուրջանակի ծածկույթը ծիսական որոշ պահանջներու ծառայեցնել անհրաժեշտ սեպվեցավ, այն ժամանակ Տեկորի տաճարին շուրջն ալ ավելցուցեր են սյունազարդ ծածկույթ, ավելցնելով միաժամանակ արևելյան կողմեն դեպի հյուսիս և հարավ ցցված թևերը (նկ. 109, DD և նկ. 110, UU), որոնց մեջ կան դեպի հյուսիս և հարավ ուղղված երկար քառակուսի սենյակներ (նկ. 109, AA), բայց առանց դարձյալ կիսաբոլորակ խորանի (abside): Թևերու հավելումով արևելյան կողմեն ուղղանկյուն խորշ մը միայն գոյացեր է (նկ. 116 Е), նման ներսի կողմեն եղած խորշին (նկ. 110, F), հետևաբար այս հավելումն ալ պեաք է որ համարենք դարձյալ 4-րդ դարու վերջին քառորդին, կամ առառավելն 5-րդ դարու սկիզբը, քանի որ դեռ կիսաբոլորակ խորան գոյություն չունի, նույնիսկ չէր շինված ոչ գմբեթ, ոչ ալ խաչաձև տանիք:

Քասաղի տաճարը, կերևի որ, հիմնարկված օրեն ունեցեր է շուրջանակի սյունազարդ ծածկույթ (portique) և փոխարկման ժպմանակ առանց վնասելու անոր ամբողջական ձևին, միայն ավելցուցեր են կիսաբոլորակ խորան (abside): Համոզված եմ, որ այս տաճարը ավելի երկար մնացեր է նախնական վիճակին մեջ, ծառայելով իբրև մեհյան կամ եկեղեցի, վասնզի միմիայն կիսաբոլորակ խորանն է, որ հավելված է, և այդ կիսաբոլորակին Հայաստան հասնելն ալ 5-րդ դարեն առաջ հավանական չէ։ Նայելով իր բոլորովին պարզ, այսինքն՝ առանց կողմնակի սենյակներու, կամ ավանդատուններու միմիայն կիսաբոլորակ խորան մը հավելվածին, կարելի է կարծել, որ սկզբնական օրինակներեն եղած լինի abside-ի և նախատիպ 5-րդ դարու վերջին կանգնվող Էջմիածնի կաթուղիկեին չորս abside-ներուն։

Ճիշտ է, որ թեև հյուսիսային կողմը կա մի սենյակ՝ տաճարին հետ հադորդակցող, սակայն այդ սենյակը իր անկանոն ձևով և անճաշակ արհեստագործությամբ հետնագույն հավելված կներկայանա, թեև դարձյալ ոչ այնչափ նոր, ինչպես Երերույքի սենյակները:

Հետևելով այս օրինակներուն, Երերույքի տաճարը փոխարկված կարելի է համարել ավելի ուշ, բան Տեկորի տաճարի երկրորդ հավելումը, որովհետև Երերույքի մեջ ավելի կատարելագործված ձևով եղած են հավելումները և ավելի ճոխ ծիսական պետքերով։ Միաժամանակ ավելցված են կիսաբոլորակ արևելյան խորանը և անոր երկու կողմի երկար քառակուսի սենյակները, նույնպես նաև արևմտյան անկյուններու քառակուսի սենյակները՝ արտաքին փոքր abside-ներով միասին։

Այս փոփոխությունն ալ հավանական կհամարիմ 5-րդ դարու վերջերին, երբ արդեն մտած էր հայոց եկեղեցիներու մեջ թե կիսաբոլորակ խորան և թե արևմտյան կողմը սենյակներ ունենալու սովորությունը Վաղարշապատի կաթուղիկե Էջմիածնի օրինակով։ Թերևս միևնույն ատեն Երերույքի վրա ալ շինեին գմբեթավոր խաչաձև տանիք, եթե շենքը հարմարություններ տար այդ փոփոխության. որովհետև, նախ՝ շենքը համեմատաբար շատ նեղ էր, երկրորդ՝ գմբեթին որոշ չափով կեդրոնական համաչափություն տրվելու համար անոր երկայնությունը և մույթերու դասավորությունը աննպաստ էր։ Տեկորի մեջ գմբեթը համաչափություն ստացեր է արևելյան կողմի երկու մույթերու ոչնչացումով, փոքր ի շատե վայելչության համար հարկ էր, որ Երերույքի տաճարի շենքը կարճացնեին արևելյան կամ արևմտյան կողմեն, ինչպես Տեկորի տաճարին մեջ, և հետո համաչափ կեդրոն կազմող մույթամեջերուն վրա կանգնեին գմբեթը, այն ալ անշուշտ փայտե, պետք էր որ շինեին Էջմիածնի գմբեթին

  1. Երևացած այս ակներև փաստերուն առջև այլևս հնացած պետք է համարել այն ընդհանուր կարծիքը, թե Էջմիածնի կաթուղիկեի ձևը պահված է անփոփոխ՝ Լուսավորչի հիմնարկած ձևով: Լուսավորչի հիմնարկածը ոչ կարող էր abside ունենալ, ոչ ալ գմբեթ՝ խաչաձևած տանիքով: Լուսավորչաշեն կաթուղիկեին համար չէ կարելի ենթադրել ուրիշ մի ձև, քան Քասաղի, Տեկորի, Աշտարակի և այլ նմաններու հատակագծային ձևը: