Էջ:The Architecture, Tom 1.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առառավելն 9-րդ դարու հայ արվեստի ստեղծագործություն է։ Հին շրջանի մեջ շատ դժվար է գտնել նույն ոճով հյուսված զարդաքանդակներ։

Տանիքները քարով ծածկելու սովորությունն ալ բացարձակապես Բագրատունի հարստության շրջանի արվեստագործություն է։ Բագրատունի կանվանեմ անոր համար, որ հայ ճարտարապետության 10-րդ դարու վերածնությունը պարզապես սկսած է այդ ցեղի վերականգնման շրջանեն և ծաղկած ու զարգացած է գրեթե անոնց տիրապետության սահմաններուն մեջ։ 10-րդ դարու ճարտարապետներ օգտվելով Շիրակի քարահանքերուն նպաստավոր հատկություններեն՝ կղմինդրի պաշտոնը քարին կատարել տվել են՝ սղոցով ձևելով իրենց պետք եղած հաստությամբ. երբեմն տեղեր մինչև 3 սանտիմ. բարակությամբ ձևված են։ Մինչդեռ 7-րդ դարեն անփոփոխ մեզ հասած տանիքներու վրա առանց բացառության կղմինդր ծածկված է. Մրենի գմբեթին վրա մինչև այսօր անվնաս պահված է կղմինդրի շարքը. Բագարանի ս. Թեոդորոսի վրա նույնպես կղմինդր է եղած, թեև այժմ թափված ու կոտրտված[1]. Զվարթնոցի պեղումները ցույց տվին, որ անոր վրան ալ կղմինդրով ծածկված էր. Տեկորի մասին արդեն գիտենք: 10-րդ դարեն առաջ կանգնող հիշատակարաններու վրա եթե այսօր քարե ծածկեր կտեսնենք, պետք է անպայման հավատալ, որ շենքի հիմնարկության ժամանակակից չեն, հետնագույն նորոգություններով քարի փոխված են:

Տեկորի տաճարի գմբեթին խորանարդ պատվանդանեն վեր եղած ութանկյուն ցածլիկ թմբուկը իր կոնաձև ծածկով չէ կարելի ավելի հին համարել, քան 10-րդ դար։ Այդ ծածկի ձևը ամենեն առաջ իրագործված կերևի Խծկոնքի վանքի ս. Աստվածածին ըսված եկեղեցիի և Մարմաշենի վահրամաշեն եկեղեցիի վրա, ասոնցմե հետո արդեն շարունակված է մինչև հայ ճարտարապետության վերջին անկման շրջանները։ Կոնը շրջապատող պսակը (corniche) դարձյալ նախքան 10-րդ դար ամենևին չէ երևցած. Զվարթնոց եկեղեցին 7-րդ դարուն ունի թեև համանման քանդակով պսակ, սակայն, ինչպես կտեսնվի պատկերին վրա (նկ. 130, ձև 3), մեծ տարբերություն կա թե համաչափության և թե moulure-ներու դասավորության մեջ։ Արևելյան տարազով հետևողություն է հին հունական առաջակարկառ պսակներու և ունի վերին մասին վրայի շերտին տակ larmier[2] ըսված փորվածքը (նկ. 130, ձև 3 A), որն որ երբեք գոյություն չունի ուրիշ բոլոր հայ հիշատակարաններու մեջ, բացի Գառնիի Տրդատա թախտի պսակներեն. սա արդեն պարզապես հունական ոճի ուղիղ ազդեցությունն է Զվարթնոցի վրա։ Տեկորի տաճարին մեջ գմբեթի կոնաձևի հետ միաժամանակ շինված է ներսի կողմեն կանոնավոր կաղապարի վրա ձուլված կիսագնդաձև ծածկը (calotte): Նույնպես ներքին կողմեն մույթերը և որմնասյուները միացնող մեծ աղեղներու նորոգությունները, որովհետև միևնույն քարերով են շինված այդ աղեղները, ինչ քարով որ շինված են 10-րդ կամ 11-րդ դարու համարված բոլոր նորոգությունները։

Տարակույս չկա, որ որևէ շենքի մը մեջ այնպիսի պատասխանատու մասեր, որպիսիք են գմբեթակիր աղեղներ, առանց բնության պատահարներու ալ հանդիպելու, դժվար թե կարողանային կարողանային դիմանալ այսքան երկար դարեր. կերևի, Տեկորի տաճարին մեջ մի անսովոր պատճառ ավելի փութացուցեր է ներքին գմբեթակիր աղեղներու շատ վտանգավոր և դժվարին նորոգությունը, որն որ կատարվել է բավականին հանդուգն և գործին մեջ համարձակ ճարտարապեաի մը կողմանե: Հին աղեղներու բոլոր քարերը քանդվեր են առանց ձեռք տալու վրայի մասերուն և ներքևեն վերստին նոր քարեր շարելով՝ աղեղներ (arc) կազմվեր են: Եվ որովհետև շատ դժվար էր նոր

  1. Շատ հետաքրքրական է տեսնել այս կղմինդրները, գաղափար կազմելու համար, թե որչափ հառաջ գնացած էր այս արհեստը հայոց մեջ. քիչ կմնա հավասարի մեր այսօրուն ևրոպական կղմինդրներու հետ թե շինության կատարելության և թե ձևով, ունին իրարու մեջ ագուցվող մասեր, նաև գմբեթներու կոնաձևի համար մեկ կողմեն լայն, մյուս կողմեն նեղ ձուլվածներ:
  2. Larmier ըսված պսակին ամենեն վերի մասին դուրս ընկած տեղին վրա ներքևեն ամբողջ խողովակաձև փորվածք մ'է, որն որ պաշտոն ունի տանիքին վրայեն վազող անձրևին ջրերուն դեպի պատը վազելն արգիլել. ուստի, երբ կհասնի ջուրը այդ խողովակաձև փորվածքին՝ այլևս չէ կարող անցնել այդ փորվածքեն դեպի պատը և կկախի վար՝ պսակին դեպի դուրս կարկառած չափով հեռու շենքին հիմեն։