Էջ:The Architecture, Tom 1.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի սկզբան Էջմիածնի տաճարը արտաքուստ ունեցել է պարզ ուղղանկյուն քառակուսի ձև՝ առանց դուրս ցցված abside-ներու. ասոր ապացույցներեն մեկը, ինչպես վերև նկատեցի, քարերու շարվածքին և որակին մյուս պատերուն հետ որևէ կապ չունենալն է. մեկ նայվածքով կարելի է տեսնել այդ տարբերությունը նույնիսկ լուսանկարին վրա (նկ. նկ. 137 և 138), բացի այս տարբերություններեն, կա մի ուրիշ բնորոշ երևույթ ևս. հարավային ճակատի abside-ին անմիջապես հաջորդող պատուհաններուն archivolte-ները մնացեր են մասամբ abside-ի հետնագույն շինվածքի ետևը (նկ. 138, 1, 2)։ Նույն բանը պատահեր է նաև հյուսիսային ճակատի վրա ստից դռան արևելակողման պատուհանին (նկ. 138, 3)։

Կթողում այժմ ուրիշ մանր-մունր ապացույցներ և պիտի քննեմ ճարտարապետական ու շինարարական տեսակետով այն մասերը, որոնք անվրեպ ընդունված օրենքներ էին հայոց մեջ և թե անոնցմե մեծ մասը տակավին օրենք է ներկա ճարտարապետական արվեստի մեջ։

Տաճարի ներքին կողմեն, առանց abside-ներու խորության, արևելքեն արևմուտք ամբողջ երկայնությունն է 22,55 մետր, իսկ լայնությունը հյուսիսեն հարավ, նույնպես առանց abside-ի խորության՝ 20,72 մետր։ Արևելքեն արևմուտք ձգվող երկայնության վրա ավելցնելով արևելյան և արևմտյան ճակատներու պատի թանձրությունները, արևելքեն 0,80 մետր[1], արևմուտքեն 1,15 մետր, հյուսիսային ճակատի արտաքին երկայնություն կունենանք 22,55+0,80+1,15=24,50: Նույնպես լայնության վրա ավելցնելով պատերու թանձրություններ՝ 20,72+1>15+1,15=23,02, կունենանք արևելյան և արևմտյան ճակատներու արտաքին երկարություն։

Նախապես պետք է գիտնալ, որ հաճախակի նորոգություններու և անկանոն կարկատաններու մեջ, տաճարին արևելքեն արևմուտք երկայնությունը ճշտիվ որոշող մի նշան մնացած է, այն է շենքին երկայնությունը վերջանալեն անմիջապես հետո մի ուրիշ շինության կցվածքի գիծը նկատելի է բարձրեն։ Երկրորդ շինությունը ավելի ցած է տաճարեն, որուն բովանդակ ճակատը պսակող fronton-ին միայն մնացած է տաճարի արևելյան կողմի անկյունին կից (նկ. 137, 4): Միևնույն անջատման գիծը կերևա նաև հարավային ճակատին վրա (նկ. 138, 6)։ Այս մնացորդները կապացուցեն, որ տաճարին արևելյան կողմին կից, անոր բովանդակ լայնության հավասար գոյություն ունեցել է մի ուրիշ շինություն, որը մի ժամանակ քանդվելով՝ տաճարին կից մի մասը մնացեր է. նորոգության ժամանակ օգտվեր են նույն պատի մնացորդներեն և կազմեր են այժմյան խորանի երկու կողմի քառակուսի սենյակները, որոնք կծառայեն իբրև ավանդատուն (նկ. 139, 1, 1): Ավանդատուններու մեջ գտնված պատուհանները, անտարակույս, ի հնումն կվերաբերեին հարակից շինության: Սույն հարակից շինությունը, դատելով իր fronton-ի թեքության աստիճանեն և գրաված դիրքեն, պետք էր որ բավական լայնություն ալ ունենար: Ի՛նչ բանի էր ծառայած այդ շենքը, իհարկե, չէ կարելի հաստատ գիտնալ, միայն թե երկու եզրակացություն պիտի հանեմ, որոնցմե մեկը դարձյալ իբրև ապացույց պիտի ծառայե այժմյան abside-ներուն հետնագույն ժամանակի մեջ արտաքին պատերեն դուրս հանված լինելուն։

Որչափ խորություն և ինչ ձև ալ որ ունենար տաճարի ամբողջ լայնության հավասար այս հարակից շենքը, անոր մեջ մեծ անտեղություն և անհարմարություն պիտի ներկայացներ տաճարին արևելյան abside-ին դուրս ցցվելը. ուստի պարզ է, որ հարակից շինությունը քանդվելեն հետո է, որ դուրս հանված են abside-ները առանց որևէ անտեղության պատճառ տալու։

Մյուս եզրակացությունս, շատ վերապահոթյամբ սակայն, պիտի կապեմ Էջմիածնի Ուչքիլիսե անվանելու ավանդության հետ. ենթադրելով, որ թերևս արևելյան կողմեն կային երկու ուրիշ մատուռներ ևս, որոնց մեկուն ճակատի մնացորդն են այսօրվան երևցած fronton-ի կտորը և տաճարին կից պատի մնացորդները:

Չգիտեմ՝ որչափ հավանական վկայություն կարելի է համարել Տեկտանդերի գրածը այս մասին, որն որ այնտեղ կուզե տեսնել երեք եկեղեցիներ, որոնցմե մեկը միայն կանգուն էր իր այցելության ժամանակ։ Արդյոք տեսա՞վ այդ մատուռներու մնացորդներեն այն

  1. Տաճարը արևելակողմի քառակուսի ավանդատունեն բաժնող պատի թանձրությունը ոչ թե 0,80 մետր է, այլ 1,32, բայց, ինչպես պիտի տեսնվի քիչ հետո, քանի որ երկու շինությունները իրարմե բաժնող գծին ուղղությունը կանցնի 0,80 մետր թանձրություն թողելով տաճարին կողմը, այդ պատճառով ալ 0,80 մետր հաշվեցի. հայտնի բան է, որ այժմյան 1,32 մետր թանձրությունը հետնագույն նորոգություններու արդյունք է:
    Այս առթիվ պետք է ըսեմ նաև, որ տգետ արհեստավորներու ձեռքով անընդհատ եղած նորոգություններու պատճառով, այնպիսի ծուռութ՛յուններ և անկանոնություններ հառաջ եկեր են շենքին ամեն կողմին վրա, որ գրեթե անհնար է ուղիղ չափել և գծել առանց միջին ճանապարհը ընտրելու. նկ. 145-ի վրա գրված իսկական չափերեն կարելի է եզրակացնել, թե ոչ մի համեմատական ուղիղ չափ չէ մնացած. նույնիսկ տաճարին երկայնությունը հարավային կողմեն 0,40 մետր երկայն է։