Էջ:The Architecture, Tom 1.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ազգագրական հանդես» պարբերականները, որոնց մեջ Թորամանյանն այս կամ այն ձևով հրատարակել է իր ուսումնասիրություններից մի քանիսը։ Սակայն նա երբեմն էլ ստիպված է եղել օրագրերում և այլ բնույթի պարբերականներում տպագրել իր հոդվածները։ Օրինակ՝ մի շարք մանր հոդվածներ է տպագրել թատերական «Հուշարար» պարբերականում, որի խմբագիր Ա. Վրույրը Թորամանյանի աշխատանքի ընկերներից էր Անիում։ Նա իր թատերական հանդեսում զետեղել է Թորամանյանի մի քանի հոդվածները, իհարկե, որոշ զիջողություններ պահանջելով նրանից (կլիշեներ քիչ դնել, մասնագիտական տերմիններ շատ չգործածել, ծավալը փոքր անել, բոլորին հետաքրքրող նյութի մասին գրել և այլն)։

Այսպիսով՝ տեսնում ենք, որ նախառևոլուցիոն շրջանում Թորամանյանի համար չափազանց դժվար է եղել ուսումնասիրություններ կատարել և այդ ուսումնասիրությունները համապատասխան եղանակով հրատարակել։ Եթե կյանքի զրկանքների գնով հնարավոր էր ուսումնասիրություններ կատարել, ապա նրանք մասնագիտական եղանակով հրատարակելը միանգամայն անհնարին էր, ակադ. Մառն առաջարկում էր Թորամանյանին առանձին հոդվածներով և ուսումնասիրություններով հանդես գալ Գիտությունների Ակադեմիայի և Ռուսական Հնագիտական ընկերության հրատարակություններում, իսկ Թորամանյանն ուզում էր իր ունեցածը միանգամից հրատարակել, այդ պատճառով էլ, պատերազմից անմիջապես առաջ, երբ Վիեննայի պրոֆեսոր Ստրչիգովսկին ցանկություն հայտնեց Թ. Թորամանյանի հետ միասին կազմելու մի մեծ աշխատություն հայկական ճարտարապետության մասին, որի նպատակն էր ճշտված չափագրություններով գիտության ներկայացնել հայկական ճարտարապետության հիմնական կոթողները, ցույց տալով հայկական արվեստի զարգացման կարևոր օղակները և Եվրոպայի կրած ազդեցությունը, Թորամանյանն ընդունեց նրա առաջարկը։

Այդ աշխատության համար Թորամանյանն իր հետ Վիեննա տարավ բազմաթիվ չափագրություններ և լուսանկարներ, որոնք անձամբ ինքն էր կատարել, բայց որոշ պակասներ լրացնելու համար վերադարձավ Հայաստան և, պատերազմն սկսվելով, այլևս չկարողացավ հետ գնալ։ Պատերազմի տարիներին Ստրչիգովսկին Թորամանյանի ուսումնասիրությունների հիման վրա գրեց մի աշխատություն և իր անունով հրատարակեց 1918 թվին[1]։

Թորամանյանն իր ընտանիքի հետ միասին չափազանց ծանր օրեր ապրեց համաշխարհային պատերազմի վերջին տարիներին և մանավանդ դաշնակների տիրապետության օրերին։ Երբ թուրքերը մտան Ալեքսանդրոպոլ, Թորամանյանը նախ գաղթեց Ղարաքիլիսա (Կիրովական) և այնուհետև Լոռու սարերի վրայով փախավ Թբիլիսի:

«Մշակ»-ում (1919 թ., № 199), Ստրչիգովսկու աշխատության հրատարակության մասին ծանուցելուց հետո, ավելացված է. «Ճարտարապետ Թորոս Թորամանյանը, որի երկար տարիների աշխատանքը հնարավոր է դարձրել այժմ պրոֆ. Ստրչիգովսկու մեծ ուսումնասիրությունը, գտնվում է ներկայումս Թիֆլիսում, իբրև գաղթական։ Թողնելով Ալեքսանդրոպոլը, իսկ հետո Ղարաքիլիսան, նա ամիսներ շարունակ ստիպված էր թափառել Լոռվա գյուղերում իր կնոջ և երեք փոքրիկ երեխաների հետ և այժմ, զրկված ամեն բանից, հասել է Թիֆլիս»։

Այդ փախուստի ժամանակ նա կորցրեց էր գիտական արխիվը, բոլոր ձեռագրերը, իր մոտ գտնվող չափագրությունները և լուսանկարների հարուստ ժողովածուի մի արժեքավոր մասը։

Այդ, կարելի է ասել, ամենամեծ հարվածն էր նրա համար, որ հետագայում երբեք

  1. Josef Strzygowski— Die Baukunst der Armenier und Europa. Wien, 1918.