Էջ:The Architecture, Tom 1.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկ. 6-ը Աղավնատան և Հարամլվի սահմանի վրա գտնված մեկ հատիկ կրոմլեխն է, որ բացառությամբ 3-4 քա պակասի, շատ լավ շինված է և լավ ևս պահված։ Այսչափ կատարելությամբ շինված կրոմլեխ ուրիշ տեղ ինձ չէ հաջողված տեսնել։ Աղավնատնից քիչ ավելի ստորին աստիճանի վրա են Շամիրանի գերեզմանատան կրոմլեխները, որոնց մասին իհարկե շուտով կարտահայտվիմ։

Արագած լեռան շուրջը բազմաթիվ կրոմլեխներ կան զանազան տեղերու վրա և տրամագծային տարբեր չափերով։ Տեղեր կան, ուր ընդարձակ գերեզմանատներ եղած են, սակայն գյուղացիք մշակության նպատակով տեղահան են արել և մաքրել են գերեզմանների շուրջը եղած սև քարերով շրջագծերը. և ահա, ընդարձակ գերեզմանատան մեջ հազիվ մի քանի կրոմլեխներ մնացած են։ Անշուշտ, ժամանակի ընթացքում մնացածներն ալ պիտի կորչեն։

Հաջի-Խալիլ գյուղի շրջակայքում և այդ շրջանի բոլոր քրդական գյուղերում ոչ միայն դոլմեններ կան, այլև բազմաթիվ կրոմլեխներ, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունն անհրաժեշտ է գիտության համար։

Մի ընդարձակ տարածություն է բռնում Հաջիղարայի մոտի հին, նախաքրիստոնեական գերեզմանատունը, որ սկսվում է Օշականից և ընդհատումներով անցնում է Քասաղ գետը, հասնում է մինչև Հաջիղարայի գետեզերքը, այնուհետև գետի հանդիպակաց կողմը, դարձյալ ընդհատումներով. կհասնի մինչև Շամիրան գյուղը՝ Ղըզնավուզի կողմից, իսկ Աղավնատնից Կոշ գնալու ճանապարհի վրա տարածված է ավելի քան երկու կիլոմետր։

Ինչպես կերևի, այս շրջանում, անհիշատակ ժամանակի մեջ իսկ եղել է մարդկանց հոծ բազմություն և վերոգրյալ տարածությունը շատ երկար ժամանակ ծառայել է իբրև հասարակաց գերեզմանատուն, որովհետև այս ընդարձակ գերեզմանատան մեջ է, որ կգտնվին ոչ միայն արհեստագործական տեսակետով տարբեր զարգացում ունեցող կրոմլեխներ, այլև տարբեր գերեզմանական ձևեր։

Հաջիղարայում երեք տեսակ կրոմլեխներ կան։ Մի տեսակը, որ կտարածվի դեպի արևմուտք և կհասնի գետեզերք, գերեզմանները միայն մի կլոր շրջագծով են՝ սև քարից կազմված. շրջագծի քարերն անտաշ են և միմյանցից բավական հեռու շարված՝ ինչպես դրուիդներից մնացած կրոմլեխները։ Այս մասն անջատված է առանձին պարիսպով։ Պարիսպի արևելյան կողմը, որ բավական ընդարձակ հողամաս է, իր մեջ կպարունակե զանազան ձևի հետաքրքրական հուշարձաններ։

Կրոմլեխները, փոխանակ մեկ արտաքին շրջագծի, ունին երկու շրջանակ մեջեմեջ. արտաքին շրջագծի քարերը բավականին խիտ շարված են և շրջագծի քարերը տնկված են բարձրության վրա, սակայն, առաջին շրջանակին մեջ ամփոփված երկրորդ փոքր շրջանակին քարերը թե փոքր են և թե տափակ դրված են. միջին բոլորակի տրամագիծը հազիվ արտաքին բոլորակ շրջագծի կեսի չափ է: Բավական խիտ են այս մասի մեջ կրոմլեխները. այստեղ կան նաև փոքրիկ քարաբլուրներ, կրոմլեխներից բոլորովին տարբեր: Այստեղ կան նաև երկու մեծ բոլորակ աշտարակների մնացորդներ, որոնց մասին կարգ կու գա խոսելու։

Գերեզմանատան այս մասը, ինչպես արևմուտքից, նույնպես և արևելքից փակված է պարիսպով. պարիսպները շինված են անշաղախ մեծամեծ որձաքարերով։ Այս երկու պարիսպներեն դուրս երևում է մի երրորդ գերեզմանատուն, որըը մեկ կողմեն ձգվում է դեպի Օշական, մյուս կողմեն դեպի հարավ, Էջմիածնի կողմը։ Այս մասի մեջ գտնված կրոմլեխներն ունին նախորդներից բոլորովին տարբեր տիպ, և պետք է ըսել, որ խիստ աղճատված։ Շրջապատ բոլորակների քարերը մեծ մասամբ տարել են, միայն հողաթումբերն են մնացել մի քիչ բարձր մակերևույթով, որոնցով պարզվում է այս վայրերի գերեզմանատուն լինելը։ Մոտավորապես կես կիլոմետր դեպի արևելք բացել էին մի ընդարձակ քարահանք. այս քարահանքի մեջ ևս գտնվեցին հեթանոսական գերեզմաններ և տարբեր չափերի զանազան խեցեղեն ամաններ, առանց մետաղյա որևէ իրեղենի։ Գերեզմանատների այս մասի մեջ երևում են քարակույտ դամբարանների մնացորդներ. սրանցից մեկը չափազանց որոշ է, որ նման է այն մեծ քարակույտ դամբարաններին, որոնց տեղը և նկարագիրը պիտի տամ ներկա աշխատությանս մեջ, միայն թե այստեղ հիշած քարակույտ գերեզմանները փոքր են և հավանական է, որ սովորական մարդկային ընկերականությունից մի քիչ բարձր խավի ննջեցյալներ են այս քարակույտերի ներքև թաղվողները։ Հակառակ գերեզմանատան այս մասի ընդարձակ տարածության, շատ ցանցառ են երևում կրոմլեխների մնացորդներ. այնուամենայնիվ պարզ է, որ մշակության նպատակով, քարերը մաքրել և հողը արտի համար վարել են։

Աղավնատան հյուսիսային կողմը գտնված հին գերեզմանատունը,