Էջ:The Architecture, Tom 1.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսած ամենանախնականից մինչև փոքր ինչ արհեստագործական կանոնավոր ձևակերպումներ կերևան այնտեղ, այս գերեզմանատան մեջ պեղումները մեծ պարգևներ և նորություններ կուտան գիտության: Ժամանակի տեսակետով այս վերջին կանոնավորված շրջագիծների երևույթը միանգամայն համոզիչ է, որ երկար դարեր այստեղը գերեզմանատուն եղած է, ուրեմն, մեկ խոսքով, այստեղ կգտնվին թե՛ նախնադարյան շրջանեն մնացած և թե՛ քրիստոնեության մոտիկ փոքր ի շատե կատարելագործված գործիքներով աշխատված քարագործություններ: Հին կրոմլեխներուն մոտ հաճախ չեն երևում մենաքարեր, բայց գերեզմանական ընդարձակ տարածության մեջ կան մենաքարերի բազմաթիվ կոտրտուքներ, որ, անշուշտ, հետագա ժողովրդի քմահաճույքների հետևանքն է:

Եվրոպայի զանազան կողմերում, մասնավորապես ֆրանսիական Բրետան գավառի մեջ բազմաթիվ են մենաքարեր:


Դ
ԲՈԼՈՐԱԿ ԱՇՏԱՐԱԿՆԵՐ

Որոշ չափով զարգացման շրջանի գործեր են երևում այն աշտարակի մնացորդները, որոնք գտնվում են Հաջիղարայի, Օշականի, Աղավնատան և Աղջակալայի շրջաններում: Աղավնատան շրջանում Կոշի ճանապարհի վրա գտնված աշտարակի մնացորդը, որ համեմատաբար ավելի լավ պահված է, և տեղացիք Օյուղ անունն են տալիս, կառուցված է բոլորովին բոլորակ և տրամագիծ ունի 5,10 մ.: Որչափ եղած է բարձրությունը հայտնի չէ, միայն թե աշտարակի վերևի շարքի վրայից մինչև շրջապատի փլատակների վրա 4,80 մ. է, իսկ փլատակի քարերը, անշոշտ, գետնից վերև բարձրություն ունին առնվազն 3 մետր. ուրեմն այս աշտարակն այժմ կանգուն պետք է համարենք ավելի քան 8 մետր: Մի կողմի վրա ունի մի քառակուսի դուռ, որուն լայնությունը և բարձրությունը հավասար մեկ մետր են: Աշտարակի դռնից ներս մտնել հնար չէ, որովհետև բարձրությունից քարեր, ինչպես դուրսը, բոլորտիքը թափել են, այնպես ալ թափել են մեջը՝ շրջապատի բարձրության հավասար: Բոլորակ աշտարակի շուրջը հյուսված քարերի երկարությունը, միջին հաշվով, 70 սանտիմից պակաս չէ, թեև ավելի երկարները և ավելի կարճերը ևս կգտնվին: Բոլոր քարերն անշաղախ դրված են միմյանց վրա և փոքր ի շատե որմնադիրներու մշակած գործ է երևում, քան Օշականի դոլմենները և տոհմատիրական ամրոցներից ոմանք, որոնք պիտի նկարագրվին իբրև ճարտարապետական նախափորձեր: Համենայն դեպս, այս աշտարակի շինությունը և քարերի տաշվածքը բրոնզի շրջանի հատկություններ են ցույց տալիս:

Հաջիղարա գյուղի մոտ, նախաքրիստոնեական