Էջ:The Architecture, Tom 1.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնված ավերակների մասին պիտի զբաղվիմ այն ամրոցների և բերդերի նկարագրությամբ, որոնք տեղի վրա թողել են չափազանց բնորոշ հետքեր, նշանակելի չափով գոյություն ունին շրջապարիսպների երկար մասեր, բնակարանների հատակագծեր, ընդարձակ քաղաքատեղիների և բնակարանների մնացորդներ, որոնցով մոտավորապես հայտնի կլինին անոնց շինության դարաշրջանները։ Իսկ այն վայրերը, ուր ամրոցների հազիվ հետքերը կան, սակայն ունին ուրիշ ուշագրավ հնություններ, ինչպես՝ դոլմեններ, կրոմլեխներ և այլն և այլն, մասնակի պիտի հիշատակեմ անոնց մասին

Արմավիր.- Արմավիրը մեծ քաղաքի ավերակ է, ունի իր մեջ թե բերդաքաղաքի և թե քաղաքատեղիի որոշ և հետաքրքրական մնացորդներ, հավաքվել են բևեռագիր արձանագրություններ այդ ավերակներից և տեղում կան նաև մի քանի ժայռագիր հունարեն արձանագրություններ։ Մեծ գիտնականների ձեռքով մասնակի պեղումներ եղել են այդ մեծ ավերակին մեջ. բայց, իհարկե, այդ մեծ ավերակի մեջ փոքր պեղումներ բավարար չեն։ Նայելով թե մասնավոր պեղումների արդյունքին և թե անհատների ձեռքով գտնված պատմական անգնահատելի արժեք ունեցող իրերին, չհաշվելով բազմաթիվ բևեռագիր արձանագրությունները, որոնք այժմ գտնվում են Երևանի Պատմական թանգարանում, Արմավիրի պեղումները չափագանց կարևոր են մեր անցյալի պատմության համար։

Հաջի-Խալիլ.− Նախնադարյան ամրոցների մեջ,իմ կարծիքով, ամենից հնագույններից մեկն է Հաջի-Խալիլ գյուղի մոտի բազմադարյան բերդը և քաղաքատեղին: Այս ամրոցին Հաջի-Խալիլ գյուղացիք Ղալա իչի (միջնաբերդ) կանվանեն, առանց նշանակությունն իմանալու, իրենց տված անունի և տեղի պատմական անցյալը։ Շատ քայքայված է այս ամրոցը, սակայն չափազանց ուշագրավ է իրեն ժամանակակից հնագույն ամրոցների հետ համեմատելով: Նախապատմական առաջին շրջանների սովորության համաձայն, ամրոցի համար ընտրված է այժմյան գյուղի մոտիկ չափազանց քարքարուտ սարերի ամենաբարձրը, որի գագաթի վրա շինված է իր ժամանակի իշխանի կամ տոհմապետի բնակարանը, ուրիշ հարակից փոքր շինություններով։

Հնագույն շրջանում, երբ որմնաշինական մշակված գործիքներից և քարերի տեղափոխության անհրաժեշտ միջոցներից զուրկ էին, առհասարակ ընտրում էին քարքարուտ սարերն իբրև բերդատեղի և անոնց ստորոտն իբրև քաղաքատեղի՝ տեղի վրա գտնված քարերն օգտագործելու համար։ Այդ քարքարուտի քարերն ևս, առանց փոխադրելու, տեղի վրա օգտագործելու համար, մենք կտեսնենք, որ արհեստ և ճարտարություն միանգամայն բացակայում է, մարդկային բիրտ ուժն է շահագործված այն ժամանակվա որմնաշինության մեջ։

Ինչպես կտեսնվի պատկերների մեջ, ամբողջ լեռը շրջապատված է զանազան հորիզոնական, միմյանցից մի քանի քայլ հեռավորության վրա, կիկլոպյան պարիսպներով: Բացի հորիզոնական շրջապատումից, տեղ-տեղ, վերևից դեպի ցած շառավիղաձև պատեր են շինված, հորիզոնական պատերի արանքում, իբր