Էջ:The Architecture, Tom 1.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևով շինված են որպես արգելափակ։ Այս տեսակ որմնաշինությունը սոսկալի տանջանք է կառուցողների համար, որ անվիճելի ապացույց է քարերը ձևավորելու և տանելի դարձնելու համար գործիքներ չգտնվելուն և մեծամեծ քարերը տեղափոխելու համար փոխադրական միջոցներ չլինելուն։ Այս տեսակ շինությունը եթե բաղդատենք մեր ժամանակի որմնաշինության հետ, պիտի տեսնենք, թե հիները պատեր չէին, որ շինում էին, այլ քարակույտեր դեպի սարի գագաթ բարձրացող վերելքը խափանելու համար։

Նախքան ամրոցի ստորոտի պարիսպի դռնից ներս մտնելը, պետք է անցնել ամրոցը շրջապատող քաղաքատեղիով՝ ուր տեղ-տեղ հայտնի են թե փողոցներ և թե բնակարանների անաղարտ մնացած հատակաձևեր։ Ստորին պարիսպի արևելյան կողմի վրա է ամրոցի առաջին դռան տեղը։ Այս առաջին դռնից ներս մտնելով միայն ճանապարհ կառաջանա դեպի հյուսիս, մոտավորապես երեսուն կամ քառասուն քայլաչափ. այստեղ ճանապարհը երկուքի կբաժանվի, մեկ ճյուղը կառաջանա դեպի հյուսիս-արևմուտք և հայտնի չէ, թե ուր կտանի, որովհետև սաստիկ քայքայումով խառնված են քարակույտեր, իսկ մյուս ճյուղը հյուսիսային ուղղությամբ շեղակի կբարձրանա մինչև գագաթ՝ ամրոցի վերին շրջափակի դուռը, որ կգտնվի ուղիղ հյուսիսային կողմի վրա։ Դռան բարավորները քանդված են, սակայն ելումուտից մաշված ստորին շեմը տակավին կմնա։ Գագաթի դռնից ներս, ամրոցի ներքինը մի երկար քառակուսի ձև ունի, մի քայլ ներսից, արևելյան կողմի վրա սկսվում է մի մեծ բնակարանի շինության հատակաձևը զանազան բաժանումներով, որ, անտարակույս, տոհմապետի հատուկ է այս մասը: Այս բնակարանի արևմտյան կողմը, միջնաբերդի ամբողջ երկարությամբ մի անցք թողելով, շինած են հարակից շինություններ՝ հյուսիսից դեպի հարավ երկարած, որոնք դեռ բոլորովին մաքրված և վերջացած չեն և մի շարք սենյակներ բնավ ներքին հաղորդակցություն չեն ունեցել, ինչպես երևում է, յուրաքանչյուրն իրեն համար արտաքին դուռ ունեցել է և ծառայել է իբրև մառան կամ շտեմարան տոհմատիրական բնակարանին։ Հարավային կողմը, բնակարաններից դեպի հարավ, դեռ չեն պայթեցրած կամ փշրած բնական ժայռերը, որոնց երկուքն ավելի քան մարդաչափ բարձրություն դեռ կմնան տեղի վրա, թե ինչու համար կիսատ թողվել է այս գագաթի մաքրումը, մեզ անհայտ է։

Ամրոցի հարավային կողմի վրա ևս երևում է մի փոքր դռան տեղ, բայց, ըստ իս, այս դռնից դուրս կարելի էր ազատ ման գալ միմիայն ամրոցի շուրջը, որովհետև ոչ մի կողմից անդնդային զառիվայրերի պատճառով ցած իջնելու տեղ կամ ճանապարհ չի երևում:

Ամրոցակիր սարի ստորոտը, արևմտյան կողմի վրա, հյուսիսից դեպի հարավ երկարող ձորանման մի տեղ կա, որի ծայրին կգտնվեր ի հնումն ամրոցի և քաղաքի արտաքին դուռը։ Այս փոքրիկ ձորանման վայրի հարավ-արևմտյան կողմը կգտնվի մի պարսպապատ