Էջ:The Architecture, Tom 1.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկային բնակության հատկացված տեղեր, բլուրի շուրջ, բաց դաշտի վրա էին։ Բլուրի թե լանջերի և թե գագաթի ամեն կետերու վրա խոր հնությանց նշաններ և մնացորդներ աստանդական ցրված են։ Ուրիշ նախաքրիստոնեական վայրերի նման, ապառաժների վրա փորագրված են բոլորակ փոսիկներ։ Այստեղ, ուրիշ տեղերից ավելի, մինչև50-60 սանտ. տրամագծով մեծ փոսիկներ ևս կան, որոնք 25-30 սանտ. խորություն ունին։ Սևագույն ժայռերի վրա, պակաս չեն մեհենադրոշմների նշանագրեր և պաշտամունքի ուրիշ խորհրդավոր նշաններ։

Մեծ բլուրի մի ծայրին կգտնվի մի փոքրիկ ժայռաբլուր, որ ժամանակով մեծ բլուրի մասը կկազմեր և ժամանակի տևողության մեջ անջատվել է մեծից։ Այս փոքրիկ ժայռաբլուրի վրա չափազանց հին ժամանակի քարափոր սանդուխների կանոնավոր հետքեր կան, սակայն միայն վերելքի նախնականությունը որոշելու չափ պահված են։ Այս սանդուխից մինչև ժայռի գագաթ բարձրանալուց հետո, այնտեղ մի փոքրիկ հարթության գոյությունը մասամբ անհասկանալի է. թերևս մի ուխտատեղի էր և մի փոքր շենքի կամ վրանի նման մի բան գոյություն ուներ, որ այժմ անհայտացած է։ Ժայռերի կողքերի վրա անվերծանելի տառեր են փորագրված, որոնք, իհարկե, խորհրդավոր նշանակություն ունին։ Մեծ բլուրի վրա ցրված են ժայռեր թե հողից բարձր և թե հողին հավասար, որոնց վրա առհասարակ փորագրված են խորհրդանշաններ և բոլորակ փոսիկներ։

Ամենից ուշագրավն այն է, որ բարձր ու երկայնաձև բլուրի ներքևից դուրս է գալիս վճիտ և ընտիր ջրի մեծ առու, որ Սև-ջուր ըսված գետակի գրեթե կեսն է կազմում. մյուս կեսն Այղըր ըսված լճի մոտից է դուրս գալիս։ Այս լճի մոտերքն են ըսված բարձր սարերը, որոնց վրա ևս կան հետաքրքրական հին նախապատմական մնացորդներ, սակայն միանգամայն կարոտ գիտական այցելության և մանրակրկիտ ուսումնասիրության։ Այղըր լճի մեծ առուն և թուրքի Զեյվայի սարի ներքևից դուրս եկող նույնպես մեծ առուն միմյանց հետ միանալով՝ կազմում են Սև-ջուր ըսված վտակը։

Վաղ ժամանակ, թերևս քրիստոնեական սկզբնական դարերում, դարձյալ հատուկ խնամք եղել է Զեյվայի այս մեծ առվին. թերևս իբրև ամբարտակ շինել են առվի աջ կողմին սրբատաշ քարերով մի պարիսպ, որն այժմ ջրի մակերևույթից խորը, մոտավորապես 1 մետրից ավելի ցած երևում է ջրի պարզության պատճառով։ Շատ լուրջ քննություն է հարկավոր, թե ինչու այժմ ջրի մեջ է երևում այս պարիպը, արդյոք ջո՞ւրն է հետզհետե շատացել, թե պարիսպի վերի մասը քանդվել է։

Օշական.— Ավելորդ չէր լինի տեղեկացնել Օշական գյուղի սահմաններում գտնված այն ընդարձակ հին գերեզմանատան մասին, որ դոլմեններից քիչ հեռու, դեպի արևելք, սարի մյուս լանջի վրա գոյություն ունի։ Նույնպես Օշական գյուղին կից, Քասաղ գետի ձախ ափին աստանդական մնացորդ կրոմլեխների մասին, որ շարունակությունն է երևում Հաջիղարա գյուղի մոտ գտնված նախաքրիստոնեական գերեզմանատան:

Այստեղ մասնավորապես պետք է հիշատակել Օշականի Դիտի-կոնդ ըսված մեծ բլուրը, որի գագաթին և շրջապատում կան նախաքրիստոնեական հին դարերից մնացած հիմեր։ Ինչսլես գագաթի շենքերի մնացորդներից երևում է, բլուրի գագաթի վրա երբեմն իշխում էր տոհմապետական ապարանքն իր բազմաթիվ բաժանումներով, շրջապատ պարիսպներով և քարայրերով։ Դիտի-կոնդի գլխին այժմ գյուղացիք շինել են մի մատուռ, որը բլուրի գագաթի տոհմապետական ապարանքը շրջապատող պարիսպից ներս կգտնվի, իսկ ցածի լանջերուն վրա հին քարայրերը գյուղացիք օգտագործում էին իբրև դարմանոց և երկրագործական գործիքների պահեստներ։

Ուշադրության արժանի է մեծ բլուրի, գյուղի կողմի լանջի վրա այն ուռուցիկ գիծը, որ սկսած բլուրի գագաթից, լանջի վրայով իջնում է դեպի ցած մինչև գյուղի եզերքը։ Դժվար է հասկանալ այս երևույթի պատճառն առանց փորձնական պեղումների։ Ըստ գյուղացի ծերերի տված տեղեկության, երևցող ուռուցիկ գիծը հին ժամանակ կոնդի գագաթը բարձրացող ջրի ճանապարհն էր, որ ցածից կբարձրանար դեպի գագաթ, երբ գագաթում բնակչություն կար։ Սակայն առանց մանրակրկիտ քննության, այս տեղեկությունները չի կարելի ընդունել իբրև ճշմարտություն։ Եթե ստուգվի, որ իսկապես ջրի ճանապարհ է, հարկ է նաև ստուգել այդ ջրի աղբյուրը որ կողմ լինելը և ինչ միջոցով առաջ էր գալիս այն ճնշումը, որով մինչև բլուրի գագաթը բարձրանում էր ջուրը։

Կուլիջան.− Արագածի հյուսիս-արևմտյան լանջի վրա, հայաբնակ մի գյուղ է Կուլիջանը։ Այժմ գյուղում գտնված մնացորդներից և պատահական կերպով երևան եկած զանազան իրեղեններից երևում է, որ ի հնումն այստեղ եղել է մի ուրարտական քաղաք և, ըստ ներկայիս գոյություն ունեցող բևեռագիր արձանագրության՝