Էջ:The Architecture, Tom 1.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են վերածել՝ առանց սակայն արևելյան կիսաբոլորակ խորան շինելու:

Մատռանման մնացորդ Արմտլու գյուղի մոտ.− Արմտլու գյուղի մոտ մի բարձր բլուր կա, որուն վրա հին ժամանակ եղել է նախաքրիստոնեական մի ամրոց: Այժմ բլուրի գագաթին մի կտոր միայն մնացել է շրջապատող կիկլոպյան պատերից՝ իբրև վկա բլուրի նախկին դրության: Սակայն, այս բլուրի ստորոտում կա հնագույն մատռանման մի մնացորդ՝ անշաղախ միմյանց վրա դրված հսկայական քարերով: Կասկած չկա, որ բլուրի գագաթի ամրոցին ժամանակակից է այս փոքրիկ մատռանման շինությունը և, ամենայն հավանականությամբ, մի հերոսական գերեզման:

Հետագա քրիստոնյա հասարակությունը, օգտվելով այս պատրաստ կիկլոպյան շինությունից, վերածել է քրիստոնեական ուխտատեղիի՝ Թուխ մանուկ անուն տալով այդ մատուռին, ինչպես սովորություն էր այդօրինակ փոխանցումներին: Եվ որպեսզի քրիստոնեական երևույթ ստանա այս նախաքրիստոնեական շենքը, ուրիշ տեղերից բերել են խաչքարեր, եկեղեցիի որմնասյուներ, անջատ սյուների բեկորներ, պատուհանի շրջանակներ և շինելով ուղտատեղի, տարվան մեջ մի օր հատկացրել են ժողովրդական հավաքույթի համար՝ իբրև ուխտատեղի:

Մատռանման ավերակ՝ Աղավնատան Օյուղի մոտ.— Աղավնատան նախաքրիստոնեական ընդարձակ գերեզմանատունը Կոշ գյուղի ճանապարհով անցնելուց հետո, երբ կմոտենանք հնագույն բոլորակ աշտարակի մնացորդին, այնտեղ (քիչ հեռու աշտարակից) գոյություն ունեցել է մի մատռանման շենք, որուն ավերակներն այժմ գոյություն ունին տեղին վրա։ Այստեղ բոլոր շրջապատը, ընդարձակ տարածության վրա, միմիայն նախաքրիստոնեական հնագույն մնացորդներով ծածկված է։ Հետևաբար, այն մատռանման ավերակի մեջ միանգամայն օտար են խաչքարերի բեկորներ և այս քրիստոնեական սրբարանների քարեր։ Այս ընդարձակ միջավայրի վրա նայելով, ուր նախաքրիստոնեական պաշտաման հատուկ մնացորդներով ծածկված է. կասկած չի կարող լինել, որ սա ևս մի հերոսական հիշատակարան կամ գերեզման է, փոխված քրիստոնեական մատուռի և ուխտատեղիի, խաչքարեր և եկեղեցիների ավերակներն հանված բեկորներ դնելով անոր մեջ։

Նախաքրիստոնեական մատռանման շենքերի Հայաստանում գոյության և նպատակի մասին մենք ունինք հին պատմագրական վկայություն, որ բացատրում է ոչ միայն ի հնումն հունաց մեջ գոյությունը, այլև Հայաստան անցնելով այդ սովորությունը, տարբեր անվան կամ վերադրումների տակ շարունակում էր միևնույն հունական սովորության նման տոնակատարության հանդեսը։

Ահավասիկ այդ մասին Փավստոս Բյուզանդի նկարագրությունը:

«Քանզի այնպէս իսկ սովոր էին եպիսկոպոսապետքն հայոց, հանդերձ թագաւորօքն և մեծամեծօքն, նախարարօքն և աշխարհախումբ բազմութեամբք պատուել զնոյն տեղիս, որ յառաջ էին տեղիք պատկերաց կռոցն, և ապա յանուն աստուածութեանն սրբեցան, և եղեն տուն աղօթից և տեղի ուխտից ամենայն ումեք: Մանաւանդ յայն ի գլխաւոր տեղին յեկեղեցին ժողովել ի յիշատակ սրբոցն՝ որ էին անդ, կատարել անդ ամի ամի եւթն անգամ, որք զնոյն ունէին սովորութիւն, առաւել ևս ի մեծի մարգարէարան մատրանն Յովհաննու: Այնպէս և յառաքելարանս տեառն աշակերտացն և ի վկայարանս մարտիրոսացն, ամի ամի ժողովեալք զոր տօնին յիշատակի նոցա վարուց, գործոց կենաց քաջութեան խմբեալ ցնծային»: (Փաւստոս Բիւզանդ, Ս. Պետերբուրգ, 1883, գլ. Գ., էջ 7):

Նախաքրիստոնեական ոճով շինություններ շարունակել են քրիստոնեական մինչև 4-րդ դարը, գեթ վկայարանների գծով, որոնց մասին նույնպես ունինք պատմագրական վկայություններ։ Այժմ մեջ կբերեմ այն վկայությունները, որոնք ապացույց են նախաքրիստոնեական կիկլոպյան ոճի շարունակության քրիստոնեական շրջանի մինչև 4-րդ դարը։ Ըստ վկայության Ագաթանգեղոսի՝ Հռիփսիմեի և Գայանեի վկայարանները շինվեցան Վաղարշապատի մեջ հին կիկլոպյան ոճով։ Երբ այս մասին մանրամասն կարդանք Ագաթանգեղոսի նկարագրությունը, մեր առջև կպատկերանա կետ առ կետ նախաքրիստոնեական որմնաշինության կերպերը, որոնց մասին գրել եմ ներկա աշխատությանս ընթացքում։

Հռիփսիմեի և Գայանեի վկայարանների շինության համար իրողությունը հետևյալ կերպով կնկարագրե Ագաթանգեղոս.

«Եւ եկն թագաւորն, խնդրեաց հրաժեշտ ի սրբոյն Գրիգորէ. եօթնօրյա ճանապարհ կալեալ ի վեր, ի բարձր լեառն ի Մասիս։ Եւ անդ ի գլխոյ լեռնէն առեալ վէմս արաստոյս, անտաշս, անկոփս, յաղթս, ծանունս, երկայնս, ստուարս և մեծամեծս, որ զմի մի ոչ ում եք լինէր հնար, թեև դիպելոյ բազմութեան ի մարդկանէ զայն շարժել, արդ առեալ սկայազօրն հայկաբար զութ արձանսն ի վերայ թիկանցն զայն դնէր և ստանձնեալ բերէր ի վկայարանս տաճարացն։ Մէն չորս արձանս սեամս կանգնէր, իբրև փոխարէն անմիտ մարտին, զոր ընդ սրբոյն պատերազմեալ յիւրումն սենեակին, ուր ամենապահ շնորհացն յաղթեալ՝ զայնչափ զարմանալիսն գործեաց։ Եւ սա պսակ յաղթութեան զիւրոյ ձեռացն զօրութեան զվաստակն ամենեցուն ցուցանէր»։ (Ագաթանգեղոս Հայոց Պատմութ. Գ. Տէր Մկրտչյան, Ստ. Կանայանց, Տփխիս, 1909, էջ 398):

Նախաքրիստոնեական հին ոճով գրիգորաշեն Հռիփսիմեի և Գայանեի վկայարանները նախկին վիճակով մնացել են մինչև 7-րդ դար։ Հռիփսիմեի նախնական վկայարանը քանդել և տեղը հոյակապ եկեղեցի է շինել Կոմիտաս կաթողիկոսը, իսկ Գայանեի վկայարանը նույն դարուն քանդել և տեղին վրա վերաշինել է մի փառավոր եկեղեցի կաթողիկոսը: Սույն վկայարանների վերաշինությունների վկայությունները նաև վկայություններ են նախկին շինությունների բոլորովին նախնական վիճակին։