Էջ:The Architecture, Tom 1.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շինելե ետքը կըսե Ս. Օրբելյան, «ետ ածել նկարիչս և զաւռախս որ է պատկերագործ ի հեռաւոր աշխարհէ ֆռանգ ազգաւ»... (Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1911, երես 256)։

Թեև կգրե նաև նույն ժամանակին Տաթևի վանքին մեջ սկսեր էին նկարչության դասեր ավանդել, սակայն կկարծեմ, որ այդ դասերը մանրանկարչության ճյուղին կվերաբերեին ձեռագիրներ զարդարելու համար։ Հայոց կրոնական հիշատակարաններուն վրա օտար ազդեցությունները անշփոթ որոշելու համար, պետք է plan-ներ և élévation-ներ առանձին-առանձին քննել, որովհետև ասոնք շատ անգամ իրարմե անկախ տարբեր ազդեցություններու ենթարկված են։ Հայ եկեղեցիներու ոճը ուսումնասիրողներ հաճախ շփոթ եզրակացություններ ունեցած են մեկուն կամ մյուսին վրա դատելով։ Եկեղեցիներու հատակագծերը բնավ պետք չէ որ կապվին շինարարական կամ գեղարվեստական ոճերու հետ, կրոնական վարդապետությունները և ծեսերը ավելի դեր կկատարեն հատակագծերու համաչափությանց և դասավորությանց մեջ, քան արվեստն ու ճաշակը։ Ուստի հայոց հնագույն եկեղեցիներու հատակագծային ոճերուն մեջ, որոնք 7-րդեն մինչև 14-րդ դար միշտ ձևափոխության ենթարկվեր են, ճարտարապետականե կամ գեղարվեստականե ավելի պետք է հույն կամ լատին կրոնական ազդեցությանց հետքերը փնտռել, վասն զի հույն կամ լատին կրոնական վարդապետությանց պարբերաբար հայոց եկեղեցվույն մեջ մուտ գտնելը որոշ ազդեցություններ ունեցեր է հատակաձևերու վրա։

Զվարթնոցի մեջ խորանը արևելյան պատեն հեռու ըլլալը և անոր ետևը հասարակ ժողովրդին համար տեղ գտնվիլը օտար ազդեցության մը հետքը ենթադրել կուտա, որուն արմատը պետք է փնտռել մինչև 7-րդ դար կեդրոնական սրբարան ունենալու համար ելլած մրցումներուն մեջ։ Հույն և լատին շատ մը եկեղեցիներ ավելի պատշաճ համարած էին կեդրոնական սրբարանը, նախնական առաքելական ժողովասրահներու հատկությանց վրա հիմնված։ Հռոմի ս. Ստեփաննոսի բոլորակ եկեղեցին, Գրիգոր Նազիանզացիի, Գր. Նյուսացիի եկեղեցիները բոլորակ կամ բազմանկյունի էին և կեդրոնական սրբարան ունեին։ Զվարթնոցը այս կեդրոնական սրբարանով եկեղեցիներու մոտավոր այլազանությունը կթվի։ Նույնպես 10-11-րդ դարերեն սկսյալ հայոց եկեղեցիներու մեջ խորանավոր ավանդատուններու բազմանալը և քանի մը եկեղեցիներու արևմտյան կողմին կից սյունազարդ ծածկույթներ (portique) շինվիլը, պարզապես արևմտյան ազդեցություններ են կրոնական վարդապետությանց միջոցավ ներմուծված։ Սակայն պետք չէ շփոթել 10-11-րդ դարերուն նույնպես հայոց եկեղեցիներուն կից շինված գավիթ կամ ժամատուն անվամբ սյունազարդ ընդարձակ սրահները portique-ներու և արևմտյան եկեղեցիներու porche կամ nartex ըսված բաժանումներու հետ։ Հայոց եկեղեցիներուն կցված ժամատուններ և գավիթներ թեև ծագում առին Կիլիկիո ե Փոքր-Ասիո սահմաններուն մեջ, սակայն բացառապես հայերն էին շինողները և ունեին իրենց հարկեցուցիչ պտտճառները։ Այս մասին պիտի հրատարակեմ ուրիշ ուսումնասիրություն մը, որուն մեջ մանրամասն պիտի տեսնվի անոր պատճառները, ժամանակը և նպատակները։

Մինչև այժմ ուսումնասիրության համար հավաքված նյութերն ալ շատ անկարգ և անկանոն կերպով հավաքված են։ Որևէ հիշատակարանի մը հատակագիծը առնված է առանց անոր ճարտարապետական մանրամասնություններուն, երբեմն ալ առանց հատակագծի հաջող կամ անհաջող լուսանկարներ միայն առնված են, այն ալ առանց ընտրություն կատարելու կարևոր կողմերուն վրա. բայց ինչ որ ալ ըլլա, շատ դժվար է որևէ խնդրի լուծում տալ միմիայն ընդհանուր տեսքի լուսանկարներով առանց մանրամասնություններու։

Ինչպես կերևի թե հայերուս պարտականություն եղող և թե անհունապես կարևոր այս գործն ալ ևրոպացի գիտնականները կկատարեն անընդհատ նորանոր և մանրամասն նյութեր հավաքելով։ Պարզապես անոնք հետաքրքրված են հայ ճտրտարապետությունը մոտ են ճանչնալու և ազգաց արվեստներուն մեջ անոր դիրքը և տեսակը որոշելու համար։ Երբևիցե հայ ճարտարապետությունը ոչ այսքան հետաքրքրական եղած էր և ոչ ալ գիտնականներու համար վեճի նյութ, որ հետզհետե ավելի լուսաբանվելու և ճոխանալու ապագա կխոստանա: Չգիտեմ մեզ համար ո՞րչափ պատվաբեր է այս պարագան, այնուամենայնիվ ճշմարտություն է, որ այս ցանկալի հառաջադիմությունը դարձյալ պարտական ենք միայն ևրոպացի գիտնականներու ջանքերուն՝ առանց մեր կողմանե մազաչափ աջակցելու անոնց։

Ինչպես իր նախորդներեն շատերը, նույնպես ալ Ch. Diehl, զուտ օտար աղբյուրներու վրա հիմնված, սակայն ավելի սրատես և մանրազնին քննությամբ, նոր գույն և նոր կերպարանք կուտա հայ արվեստին, նախորդներեն մեծ մասամբ տարբեր, և որ ավելին է՝ ազդեցությանց խնդիրը ճշտիվ որոշելու մեջ ինքը նախաձեռնող և առաջին լրջորեն առաջին քայլերը առնողն է, երբեմն միանալով Ստրչիգովսկիին հետ և երբեմն անկեց անկախ ճանապարհներ փորձելով: Այս մասին շատ հաճելի է լսել զինքը.

«Բայց հայկական հիշատակարաններու նկատմամբ էական խնդիր մը մեջտեղ կուգա, թե անոնք երբևիցե բտն մը պարտական են բյուզանդական արվեստին, թե՞, ընդհակառակը. Հայաստանն էր, որ ուսումներ բերավ Բյուզանդիոն։ Այս շատ վիճելի խնդիրը տակավին չէ գտած իր վերջնական լուծումը։ Ստրչիգովսկի առաջ լիովին կընդուներ, որ հայոց 5-րդեն մինչև 7-րդ դարու արվեստը, իր ամբողջական քաղաքակրթության նման կախում ուներ բյուզանդականեն և այս տեսությանց հիման վրա ապացույցներ ներկայացնելով, ինքը մինակ կվճռեր, թե անհերքելի կթվին։ Անկեց հետո անիկա փոխած է այս բոլորը և կհայտարարե այսօր, թե բյուզանդական արվեստն է, որ, ընդհակառակը, մեծապես պարտական է Հայաստանին, որն Արևելքի ազդեցության տակ շատ կանուխ ստեղծեց իր նահանգներուն մեջ ինքնուրույն արվեստ մը և ճարտարապետական հատուկ ձևեր, որոնք անկե փոխադրվեցան 7-րդեն 1-րդ դարաշրջաններու մեջտեղ, մեկ կողմեն շրջան