Էջ:The Architecture, Tom 1.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ոչ բյուզանդական, այդ մասին ես կխոսիմ առանձին հոդվածով մը, ներկայացնելով իմ հավաքած հավանական փաստերը։ Իսկ պարսկա-արաբական հատկանիշ ունեցող չափական զարդաքանդակներու մասին ես ուրիշ անգամ ալ առիթ եմ ունեցեր ըսելու, թե 5-րդ և 7-րդ դարերու հայ հիշատակարեններու վրա կան այդ ճյուղի զարգացման նախնական սաղմերը։ Այս տեսակետով պետք է մանրամասն քննել Տեկորի, Բագարանի, Մրենի, Ալամանի, Զվարթնոցի և 5 ու 7-րդ դարերուն կանգնված ուրիշ հիշատակարանները:

Ուղիղ արաբական ազդեցություն կարծված չափական զարդաքանդակներ Հայաստանի մեջ երևան եկած են 12-րդ դարու կեսեն հետո, 13 և 14-րդ դարերուն մեջ կանգնված հիշատակարաններուն վրաւ 10-11-րդ դարերուն կանգնված հիշատակարաններ միանգամայն ազատ են արաբական համարվող գծերեն։ Մինչդեռ եթե քաղաքական հարաբերությունով բացատրել պետք ըլլար, պարսկա-արաբական կարծված զարդաքանդակներ, ինչ որ կերևան 13-14-րդ դարերուն մեջ, պետք էր որ երևային ուժեղ թափով դեռ 10-11-րդ դարուն, որ միակ շրջանն է Հայաստանի վրա Բաղդադի քաղաքական զորեղ ազդեցության։ Ի՞նչպես կըլլա, որ արվեստի ներգործությունը հանկարծական փայլով կծաղկի այն ժամանակ, երբ արդեն արաբական ազդեցությունը ընկած և տեղի տված է հունական ու վրացական գերիշխանությանց առջև 11-րդ դարու կեսին մոտ։

Թաթարներու՝ Հայաստան արշավելեն առաջ Զաքարյաններու շրջանին ծաղկող ճարտարապետության նոր վերածնություն մը կա, որ ամենավերջինը եղած է հայ ճարտարապետության մեջ։ Այս վերածնության մեջ ոմանք թաթարներու ազդեցություն կնշմարեն։ Այս կարծիքով բավական չէ որ ժամանակագրական մեծ շփոթության մեջ կիյնան, առանց նկատի ունենալու, որ նույն ոճով բազմաթիվ շենքեր արդեն կանգնված էին թաթարներու արշավանքեն առաջ, այլև շատ զարմանալի կերպով այնպիսի հատկություններ և նրբացած ճաշակ կվերագրեն ցղի մը, որ ընդունակ ալ չէր ճշմարիտ քաղաքակրթության:

Ինչպես արաբը, նույնպես ալ թաթար խաները արյունե ու թալանե զատ, ոչ մեկ բանի մեջ հաճույք չէին զգար, քանդել, ավերել և փչացնելու մեջ էր անոնց ամենամեծ բավականությունը. այս ճշմարտության անհերքելի վկաներն են այսօրվան ևրոպական բոլոր հնությանց թանգարաններու մեջ տեղ բռնող հնությանց առավելագույն բաժինները և ի սփյուռս աշխարհի տարածված անհամար կիսականգուն ու փլատակ գեղարվեստական հրաշալիքները, ինչպես կըսե առած մը, «անոնց ոտքի կոխած տեղերը կանաչ խոտը կչորնար»: Ի՞նչ ունեին արաբն ու թաթարը իրենց բնիկ երկրին մեջ, որ ի՞նչ բերեին արդեն քաղաքակրթված երկիրներու մեջ. անոնց բնիկ երկիրները տակավին մինչև այսօր ալ քաղաքակրթական անապատներ են: Մեծ հեղինակներեն մեկըշատ արդարացի կերպով «քաղաքակրթության պատուհաս» անվանած է մահմեդական արշավանքները:

Արևելքի այս երկու ցեղերը, արաբն ու թաթարը, իրենց վայրագ սրածությամբ տիրապետած երկիրներուն մեջ կամաց-կամաց ընտելացան վայելչասիրության և քաղաքակիրթ կյանքի պայմաններու շնորհիվ իրենց հպատակներու հեռատես և ճկուն բնավորության:

Բռնակալ սուրի ու անխնա հարվածներու տակ ճնշված հպատակ ազգեր, իրենց անկոչ տերերուն վայրենի հակումները չափավորելու և կատաղություննին սանձահարելու միջոցը գտան անոնց համար վայելքներ ստեղծելով, իրենց բոլոր բարոյական և ֆիզիկական արժանավորությունները անխնա դրին տիրողներու տրամադրության տակ, ու մեծամեծ կենսական զոհողություններով, դարերի տևողության մեջ հազիվ կարողացան զանոնք հակամարդկային կերպարանքե հանելով փոքր ի շատե քաղաքակիրթ վիճակի մեջ դնել: Բայց անոնց քաղաքակրթությունը միայն մեղկորեն վայելելու մեջ կկայանար, այդ իշխողները մինչև վերջն ալ ստեղծագործողներ ըլլալու շոշափելի փաստեր չկարողացան տալ։ Դեռ ավելի ուշ ալ, իրենց տիրապետած երկիրներուն մեջ հպատակ տարրերն են, որ կոչված են ամեն տեսակ գիտություն և արվեստ զարգացնելու՝ տիրող տարրին հանգստության և վայելքներուն համար։ Տասներկու երկար դարեր չկարողացան մահմեդականի հոգվույն պատկերը բարեփոխել, իրենց նկարագրով և հակումներով մնացին նույնը, ինչ որ էին սկզբեն:

Արաբաց տիրապետության ամբողջ շրջանին Հայաստանի մեջ քար քարի վրա դրված չենք գտներ, մինչև Բագրատունի և Արծրունի թագավորությանց վերականգնումը։ Այս երկու թագավորությանը երկիրները կարճ ժամանակի մեջ բազմաթիվ գեղարվեստական շինություններու ցանցով մը ծածկվեցավ, մինչդեռ արաբական տիրապետության տակ մնացած Հայաստանի ուրիշ մասերը մինչև վերջն ալ ավերակ ու անապատ մնացեր են։

Թաթար խաներեն ոմանք՝ իրենց նյութական շահերուն համար հայ ժողովուրդը իր կրոնի և քաղաքակրթության զարգացման մեջ ազատ թողուցին, բավական սեպելով միայն ծանր տուրքեր առնելը. ահա այդ իսկ պատճառով համեմատաբար ավելի շատ գեղարվեստական հիշատակարաններ կանգնվեցան թաթարաց տիրապետության ժամանակ մինչև 14-րդ դարու վերջերը: Բայց այս պարբերաբար եղած հանգստությունը ավելի կորստաբեր կըլլար, քան մշտնջենականը. գիտակից և երկրի շահերուն նախանձախնդիր խանին հանկարծ կհաջորդեին կրոնի և ավանդությանց թշնամի, նախանձով ու ատելությամբ լեցված խաներ, ամեն բան տեղն ու տեղը կոչնչացնեին, ինչ որ աճեր ու ծաղկեր էր իրենց նախորդին օրով: Հուսահատ ու անընդհատ դժբախտության ենթարկված հայը անգամ մը ևս գաղթականությունը ձեռք առավ և մեծամեծ խումբերով գաղթեց աշխարհի ամեն կողմը։ Էպուսայիտ Բահատուր խանը նախագուշակելով հայոց գաղթականությամբ երկրին ավերումը և այդ ավերումով իրենց ցեղին և տիրապետության սպառնացող վտանգը: 1237 թվին հրովարտակ մը արձանագրեց Անիի մզկիթին վրա, որով ամեն դյուրություն, հանգստություն և հարկերու բաշխում կխոստանար, որպեսզի չգաղթեն: