Էջ:The Architecture, Tom 1.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այդ նկարներն իրենց վրա ունեցել են զանազան մասեր ցույց տվող համարագրություններ։

Երրորդ մասի վերջում դրել ենք խոշոր արժեք ներկայացնող մի քանի ճարտարապետական հուշարձանների նկարագրին վերաբերող մանր հոդվածներ, որոնք քաղել ենք 1930-ական թվականներին հեղինակի գրած «Երևանի Պետական Պատմական թանգարանի ճարտարապետական բաժնի համառոտ հատկանշական ցուցակ» անտիպ աշխատությունից։ Դրանց ավելացրել ենք 1911 թվականին տպագրված «Ո՞րն է իսկական Հոռոմոսի վանքը» և «Ապուղամբենց սբ. Գրիգոր» անտիպ աշխատությունը։ «Ցուցակից» դուրս ենք թողել մի քանի հուշարձանների նկարագրեր, որոնք ավելի հիմնավոր ուսումնասիրություններով ենք ներկայացրել ժողովածուի մեջ (Տեկոր, Զվարթնոց, Էջմիածին և այլն):

Չորրորդ մասում դրել ենք աշխարհիկ ճարտարապետական մնացորդների ուսումնասիրությանը նվիրված աշխատությունները, որոնք մեծ մասամբ վերաբերում են Անիին։ Առաջինը մի կարևոր աշխատություն է, որը նվիրված է մեր հին քաղաքների կազմության հարցին և որով հեղինակը ցույց է տվել, թե Անիի պարիսպներից դուրս գոյություն է ունեցել մեծ բնակչություն։ Երկրորդ ուսումնասիրությունը՝ «Հայաստանի արքունական և իշխանական ապարանքները և անոնց ներքին կենցաղը»— առանձնապես մեծ արժեք է ստանում մեր ժողովրդի ոչ միայն քաղաքական պատմության հարցերը, այլև ներքին կյանքը, նիստ ու կացը, սովորությունները պարզելու համար։

«Անվո միջնաբերդի պեղումները» հոդվածն արտատպում ենք «Հուշարար»-ից՝ իբրև այս շարքի նախորդ հոդվածները լրացնող ուսումնասիրություն։

* * *

Այս ժողովածուի մեջ բերված լուսանկարների և չափագրությունների մեծ մասը ընտրել և բնագրին հարմարեցրել ենք մենք։ Արտատպվող աշխատությունների լուսանկարները մեծ մասամբ պահպանել ենք հեղինակի հրատարակածները, բայց երբեմն, կրկնություններից խուսափելու համար, որոշ նկարներ կրճատել ենք։ Մի քանի արտատպվող հոդվածներում, որոնք չեն ունեցել նկարներ և չափագրություններ, հնարավորին չափով հարկ եղածն ավելացրել ենք, սակայն օգտագործելով հանդերձ մեզ հայտնի եղած լուսանկարների բոլոր ժողովածուները, այնուամենայնիվ չկարողացանք գտնել պահանջվող բոլոր լուսանկարները և չափագրությունները, այդ պատճառով էլ ժողովածուի որոշ մասերում զգացվում է համապատասխան լուսանկարների և չափագրությունների պակաս։

Բոլոր չափագրությունները վերցրել ենք հեղինակի կատարած աշխատանքներից, բացի Աղթամարի և Բանայի հատակագծերից, որ հեղինակն ինքը դրել էր համապատասխան հոդվածի բնագրի մեջ՝ հրատարակության համար։

Թորամանյանի արխիվում կորստից փրկված սևագիր չափագրությունների հարուստ կոլեկցիան հնարավոր չէր լիովին օգտագործել այս հրատարակության համար, այդ պատճառով ժողովածուի վերջում զետեղել ենք նրա կատարած չափագրությունների և ստվերանկարների ցուցակը։

* * *

Թորամանյանի լեզուն հիմնականում արևմտահայ գրականը լինելով, իր մեջ ունի նաև արևելահայ տարրեր։ Հեղինակն իր սկզբնական աշխատությունների մեջ ավելի շատ է գործածել արևմտահայ գրական լեզուն, իսկ նորերը նա աշխատել է գրել արևելյան գրականով։ Իր կենդանության ժամանակ հրատարակած մի քանի աշխատությունների