Էջ:The Architecture, Tom 1.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր նախապես զարգացող ճարտարապետության և գեղարվեստի սկբունքները նույնությամբ ընդունելե հետո, նվիրվեցին աշխարհաշինական և քաղաքակրթական խիստ մեծ աշխատանքների: Անդադար զբաղվեցին հասարակական և ժողովրդական նշանակություն ունեցող կուլտուրայի զարգացմամբ և այդ ուղղությամբ կատարեցին անթիվ շինարարական մեծագործություններ, որոնք հին Հունաստանում կամ գոյություն չունեին և կամ խիստ հազվագյուտ էին: Հռոմայեցիների տիրապետության օրով շինվեցին քան Հունաստանը գերազանցող կատարելագործված թատրոններ, կրկեսներ, մեծամեծ ջրանցքներ, ջրմուղներ, ձեռագործ լայն ճանապարհներ և ուրիշ շինություններ:

Եկավ մի ժամանակ, որ հռոմյեցի ճարտարապետներ իրենց ինքնուրույն մեծագործություններով ստեղծագործություններով չափազանց հպարտացան, սկսեցին նախկին ավանդական հունական ճարտարապետության մեջ սրբագրություններ մտցնել ավելի գեղեցիկ և հանկուցիչ ձևեր ու ոճեր ստեղծած լինելու հավակնությամբ, ուրիշ խոսքով՝ ուզեցին ջնջել ճարտարապետական ոճի հունականությունը և հռոմեականացնել, սակայն հետևանքն եղավ անկում, որովհետև հունական ոճի գերագույն ներդաշնակությամբ պարզությունը ծանրաբեռնելով անճահ և աններդաշնակ քանդակագործական զարդաքանդակներով, փութացուցին հունական վսեմ ճարտարապետության անկումը:

Քսերքսեսի և Ալեքսանդր Մեծի արշավանքների ժամանակ թեև հունա-հռոմեական ոճեր անցան մինչև Առաջավոր Ասիա, սակայն փոխադարձաբար աքեմենյան և սասանյան ճարտարապետության բացառիկ հառաջադիմություն արած ոճեր անցան դեպի Արևմուտք: Որովհետև եթե Հունաստան և հռոմեական երկիրներ ճարտարապետական արվեստի մեջ գերագույն կատարելության հասեր էին, այնուամենայնիվ Արևելք ևս նախնական վիճակի մեջ բևեռված չմնաց: Մասնավորապես պարսկական տիրապետության ժամանակ, բացի մի շարք շինարարական գործնական կատարելությունը, որ նույնությամբ փոխադրեցին այս ոճը դեպի Հռոմ նախաքրիստոնեական առաջին դարուն: Հռոմի Պանթեոնը, առաջին գմբեթավոր շինությունն է Արևմուտքի մեջ, որուն ձևը և գաղափարը գնացել է Պարսկաստանից:

Արևելքի և Արևմուտքի մեջ միմյանցից անկախ կերպով տարբեր ուղղությամբ զարգացող ճարտարապետություններն իրենց մեջ ստեղծեցին հարամասունքների այնքա՜ն մանրամասնություններ թե ներքին բաժանումների, թե արտաքին խորհրդավոր կամ գեղարվեստական զարդարանքների և թե շինելակերպի տեսակետով և այս ոճերը միշտ իրենց բնիկ երկրեն դուրս գալով՝ հառաջանում էին դեպի Արևելք ու Արևմուտք և մոտենում էին միմյանց, որուն արդյունքն եղավ բյուզանդական ոճի ծնունդը՝ քաղաքական և կրոնական մի մեծ հեղաշրջման հետևանքով: Բյուզանդական ոճը, որ մի ժամանակ համայնական տիրապետություն էր սպառնում ամբողջ Եվրոպային և Ասիային, կազմված էր արևմտյան և, խոշոր չափով, արևելյան ճարտարապետական ոճերի պատվաստումով:

Նախքան ճարտարապետական ոճերի հատկությանց և նրանց փոխանցումների մասին խոսելը, ըստ իս, կարևոր է պարզել մի հանգամանք, որուն մասին շփոթ կամ սխալ հասկացողությունը հառաջ է բերում մեծամեծ հակասություններ:

Ճարտարապետական շինություններ երկու գլխավոր հատկություններ ունին. 1) ոճը (style), 2) շինելակերպը (precedé de construction): Շատ անգամ այս երկու հատկանիշներն են, որ շփոթված են միմյանց հետ և մեկը մյուսին տեղ առնված: Երբ մեկն ուղիղ էխոսել ոճի մասին, քննության տակ է առել շինելակերպը կամ շինելակերպին վրա խոսել ուզելով, խոսել է ոճ անվան տակ, որով գրվածքներ առհասարակ անհասկանալի դառնալով, կորցրել են իրենց արժեքը:

Ճարտարապետական ոճ ըսելով, մենք պետք է հասկանանք միևնույն կոչումով որևիցե շենքի զանազան երկիրների մեջ ստացած տարբեր ձևերը և տարբեր տարազը: Տարբեր երկիրների մեջ միևնույն նպատակով շինված շենքերի տարբեր ձևերը և զարդարումը համարվում է տվյալ երկրի հատուկ ոճը: Այս միակ պատճառով է, որ պատմության հեռավոր շրջաններից մինչև մեր օրերը ծնող, զարգացող և մեռնող ճարտարապետական հուշարձանների ավերակների և բեկորների վրա, գիտնական արվեստագետներ դրոշմված են տեսնում կերտող ազգերի ինքնուրույն մտավոր զարգացման աստիճանը և բարոյական ու ֆիզիկական արժանավորությանց ճշգրիտ պատկերը՝ լինի դրական կամ բացասական: Ոճերը ոչ միայն զանազանվում են երկրե երկիր տարբեր ազգությունների մեջ, այլև հաճած նկատվել է, որ միևնույն երկրի մեջ, զանազան կետերու վրա, տարբերվում են ոճերը՝ պահելով միայն ավանդական, երկրին հատուկ գծերը: Ուստի այդ ոճերի զանազանությունները ցույց են տալիս նույն երկրում ապրող տարբեր ժողովուրդների կրթական աստիճանը և նկարագիրը: Այսպիսով ամբողջանում և սրբագրվում է նույն երկրին պատմական ուսումնասիրությունը:

Ամեն երկրի մեջ ճարտարապետական ոճերը որոշ դարաշրջանների կամ որոշ հանգամանքների հետևանքով միշտ փոփոխության− զարգացման կամ անկման− ենթարկվելե զատ, հաճախ դուրս են գալիս իրենց բնիկ երկրեն և ազդում ուրիշ մոտ կամ հեռու երկիրների վրա, հեռավոր երկիրների ոճեր դուրս բերվելով իրենց բնիկ երկրից, բերվել և պատվաստվել են բնիկ ոճի վրա, փոփոխվելով և տեղական ճաշակին հարմարեցվելով։ Այս ազդեցությունների և ներգործությունների հետևանքով է, որ ստեղծվեր են ընդհանուր ճարտարապետության մեջ ոճերի մի բազմակողմանի և ճոխ այլազանություն։ Ահա այս պարագան է, որ ուսումնասիրության գործում բավական դժվարություն է պատճառում գիտնական արվեստագետներին: Որովհետև հարկ է լինում որոշելու նախ բնիկ ոճը կամ տեղական ստեղծագործությունը, հետո զանազանել եկամուտ ոճերը, նրանց կրած փոփոխությունները և, որ ավելին է, եր երկրից եկած լինելը: Այս մանրամասնությանց ճշտիվ ուսումնասիրությունն ապացուցում են նույն երկիրների քաղաքական և տնտեսական