Էջ:The Architecture, Tom 1.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանրապես մեհյաններ շինվեցին, հունական գեղեցիկ ոճով, այլև աշխարհիկ բոլոր շենքերը ենթարկվեցին այդ չնաշխարհիկ ոճին։ Չափազանց կրոնասիրությունը չէր, որ հունա-հռոմեական ժողովուրդներին մղում էր իրենց հասարակական և անհատական շենքերի համար ընդգրկել այդ միևնույն մեհենական ոճը, այլև ոճի գեղեցկության և ներդաշնակության համար, ամեն ոք ձգտում էր իր անհատական շենքերը ևս նույն ակնապարար ոճով պճնազարդելու նախանձախնդրությամբ։ Ահա այս միակ նկատումներով էր, որ հունա-հռոմեական երկիրներում, անխտիր ամեն տեսակ հանրային և անհատական շենքեր միևնույն մեհենական տարազով պճնազարդվեցին։

Պոմպեի ավերակների պեղումներով մոխիրների և ավազների ներքևից դուրս եկան ամբողջական շենքեր, որոնց վրա եթե հաճախ մեծատառ արձանագրություններ և մասնավոր շենք լինելու գործնական փաստեր չգտնվեին, անպայման մեհյաններ պիտի կարծվեին։ Նույնիսկ Հայաստանում ունենք մի այսպիսի օրինակ. Գառնիի Տրդատի հովանոցը, որ կանգնված է եղել հռոմեական գեղեցիկ ճարտարապետությամբ, մի քանի գիտնականների կարծիքով, այդ շենքը կռապաշտական մեհյան էր, ոչ թե հովանոց։ Սակայն մանրամասն քննությամբ բոլորովին պարզված է այժմ այդ ենթադրության միանգամայն սխալ լինելը, նույնիսկ այժմ ավերակների մեջ գոյություն ունեցող անվիճելի փաստերով. ի՞նչ արժեք կունենան թռուցիկ տպավորությունները և առանց գիտական մանրամասն քննության հայտնված կարծիքներն ու ենթադրությունները, շատ-շատ մի ժամանակ կմոլորվին կարծիք հայտնողներ և կմոլորեցնեն ուրիշներին, հուսկ հետո ճշմարտությունը մեջտեղ կուգա և իրենք կթաղվին իրենց կարծիքների փլատակներին տակ։ Գառնիի շենքին արևելադիր լինելը միանգամայն հակառակ է ընդհանրապես հռոմեական երկիրներում ընդունված մեհենաշինության, հետո մեհյաններ, առանց բացառության, երբեք պատուհաններ չեն ունեցել, իսկ Գառնիի շենքի ավերակներում տակավին պահված են, բացի ճոխ քանդակազարդ դռան շրջանակից, մի քանի հատ արտակարգ գեղեցկությամբ քանդակազարդված խոշոր պատուհանների շրջանակներ: Հետևաբար, Գառնիի մեջ կանգնված այդ գողտրիկ շենքի շինողը՝ Տրդատ Ա (ըստ քննադատական ուսումնասիրության), թե Տրդատ Գ լինի (ըստ Մ. Խորենացվո), շինած է անվրեպ կերպով իբր անհատական հովանոց՝ շրջակա տեսարանների բնական գեղեցկությունը վայելելու համար, ոչ թե իբրև մեհյան։ Թեև պարզ ճշմարտություն է, որ Հայաստանի ճարտարապետներ իրենց միայն հայտնի պատճառներով չսիրեցին այդ ոճը և չընդհանրացրին Հայաստանի մեջ և, հավատարիմ մնալով նախնի ավանդական ոճերին, շարունակեցին իրենց գործը հետագա դարերում, խիստ աննշան մի քանի մոտիվներ ժամանակավորապես որդեգրելով:

Արևելքում, թե Ասորա-Քաղդեայում և թե Պարսկաստանում, մեհյաններ կամ կրոնական պաշտաման տաճարներ բնավ գոյություն չունեցան։ Այդ բնապաշտ ժողովուրդներն իրենց պաշտամունքի տեսակետով տաճարների բնավ կարիք չզգացին. նրանց պաշտամունքը և հանդիսավոր մեծամբոխ տոնակատարությունները տեղի էին ունենում բոլորովին բացօթյա՝ բարձր սարերի, բլուրների կատարին կամ անտառային պուրակների մեջ: Ասորա-քաղդեական տաճարները, որոնց ավերակները մինչև մեզ են հասել, միմիայն Ziggourah անվանված կոնանման աստիճանավոր աշտարակներն են, որոնք շինվում էին զույգ նպատակներով: Զիկկուռահի գագաթին շինված էր միայն մի փոքր սենյակ, որը եթե պաշտամունքի հատուկ մի կոչումն ուներ, սակայն առավելապես ծառայում էր աստեղագիտական նպատակի, այնտեղ մինչև առավոտ գիշերող քուրմը պաշտոն ուներ աստղերի շարժումները դիտելու և արձանագրելու։

Ասորա-քաղդեական երկիրների հետագա ժառանգ պարսիկները նույնպես կանգնեցին Զիկկուռահը հիշեցնող աստղադիտարան աշտարակներ, որոնց գագաթին կվառվեր սրբազան կրակը տոնակատարության օրերին և ստորոտին, բացօթյա հրապարակում, կլինեին կրոնական հանդեսները։ Բացի այս աշտարակներից, ուրիշ սրբավայրեր ևս ունեցան բոլորովին բացօթյա, որոնց վրա կանգնված էին առ առավելն մարդաչափ բարձրությամբ պատվանդաններ— ասոնց վրա կբորբոքվեր սրբազան կրակը բացօթյա հանդեսների ժամանակ և զոհի սեղաններ՝ չափավոր մեծությամբ։ Մազդեականների սրբարանն էր մշտավառ կրակի ատրուշանը, որը նույնպես փոքրիկ մի շինություն էր և որուն մեջ հազիվ կարող էին տեղավորվել մեկ-երկու մոգպետ կամ կրակի պաշտոնյաներ: Ըստ օտար պատմագիրների՝ մազդեականության մեջ շատ ուշ ժամանակ ընդունվեցին կերպավորյալ աստվածությունները շրջակա ազգերի ազդեցությամբ, և ունեցան արձաններ, որոնք դուրս կբերվեին բացօթյա հանդեսների ժամանակ։ Միայն թե առանձին ակնածանքի առարկա էր արքայական պալատը, այն համոզումով, որ թագավորներ երկրի վրա աստվածությանց փոխանորդներն էին, հետևաբար նրանց պալատների վրա և դամբարանների վրա բարձրաքանդակ և ցածաքանդակ կփորագրվեին խորհրդավոր այլաբանական պատկերներ:

* * *

Հայաստանը շրջապատված էր արևելքից, արևմուտքից և հարավից մեծ պետություններով, որոնց մեջ, ըստ իրենց ժամանակի կուլտուրական և քաղաքական զարգացման, ճարտարապետական արվեստը հասած էր բարձրագույն աստիճանի։ Հույն ժողովուրդը բնավ անտարբեր չմնաց իր շուրջը կատարվող հառաջադիմական շարժումներին։ Պատմության մի շարք տվյալներով հաստատվում է, որ Հայաստանը ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերության մեջ էր շևջապատող մեծ պետությունների հետ, այլև երբեմն, ինքնուրույն գոյությունը պահպանելու համար, պատերազմներով չափվելու փորձեր է արել երբեմն նույնիսկ հաղթական դուրս գալով։ Հայաստանի ինքնուրույնությունը պահելու համար, քաղաքականապես ինչ դիրք որ ունեցեր են, այնուամենայնիվ ճանաչելով շրջապատի կուլտուրական մեծությունը և արժանավորությունները, անդադար օգտվել ջանացել են նրանց