Էջ:The Architecture, Tom 1.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարգացումից և մասնավորապես ճարտարապետության արվեստի տեսակետով, անդադար փոխադրել են Հայաստան նրանց ոճերը և շինելակերպերը։

Թե ճարտարապետական ճյուղից զատ՝ ուրիշ ի՞նչ կուլտուրական մշակույթներից օգտվել է Հայաստան իր շուրջը մեծ պետությունների մեջ զարգացող քաղաքակրթությունից, այդ մասին կգրեն առանձին մասնագետներ. ես պիտի փորձեմ պարզել [թե] ճարտարապետական ճյուղին մեջ հայեր ի՞նչ չափերով օգտվեցին շրջակայից և ի՞նչ փոխառություններ արին զանազան երկիրներից, մասնավորապես որ դարաշրջանների մեջ:

Առաջին դարից մինչև տասնևհինգերորդ դարի վերջերը, մինչև հայ ճարտարապետության վերջին անկումը, Հայաստանի մեջ կանգնված բոլոր շենքերի մեջ անխտիր երևում են շրջակա մեծ երկիրների մեջ զարգացող ոճերի և շինելակերպերի ազդեցություններ հայկական արվեստի վրա. սակայն այս ազդեցությանց մեջ առավելագույն և գրեթե մշտնջենական տեղը գրավել է արևելյան ճարտարապետությունը՝ սկսած ասորա-քաղդեականից մինչև սասանյան վերջին անկման շրջանը։ Երկրորդական և պատահական բնույթ են կրում հունական, հռոմեական, բյուզանդական և այլն արվեստների ներգործությունը հայ արվեստի վրա, որոնք թեև մի կարճ ժամանակով երևացել են հայ ոճի մեջ, սակայն շուտով անհայտացել են, տեղական ճաշակի համեմատ անհունապես ձևափոխվելով։

Հայաստանի մեջ կան չորրորդ դարից մեզ հասած շենքեր, որոնք թե ոճով և թե շինարարական արվեստով այնքան կատարելության հասած են, որ, շինարարական արվեստի զարգացման անվիճելի օրենքներով դատելով, պետք է որ մի քանի դար անդադար մշակման ենթարկված լինելով այդ աստիճանին հասնեին։ Մասնավորապես մի քանի շինությունների ծագումը զանազան փաստերով նախաքրիստոնեական ծագում ունենալնին ենթադրվում է, ուստի սրանցով ապացուցվում է, որ մեր թվականեն շատ առաջ ինքնուրույն մի հայ ճարտարապետություն գոյություն ուներ, որուն արդյունք եղող այդքան կատարելագործված շենքեր հասել են մեզ քրիստոնեական շրջանում։ Եթե նախաքրիստոնեական շենքեր խիստ հազվադեպ են Հայաստանում, սակայն պատմական տվյայներ կան, որոնք անվիճելի են դարձնում Հայաստանի մեջ քաղաքակրթության բարձր զարգացման գոյությունը և նրանց կրթիչ դերը թե արվեստի և թե ընդհանուր կուլտուրայի մշտական խոշոր ազդեցություններն ապագա սերունդների վրա։ Ուստի, հայ ճարտարապետության սկիզբը կամ ծագումը ենթադրաբար ընդունելով նախաքրիստոնեական շրջանի առնվազն երրորդ դարը, քննենք այդ արվեստի զարգացման աստիճանները, նրա կատարելությունները և անկումները, անկումներից հետո յուրաքանչյուր վերածնությունը և վերջին անկումը, որ տեղի է ունեցել 15-17-րդ դարերի ընթացքում։ Այս քննական հայացքի մեջ մենք կտեսնենք, թե որ երկրից ի՞նչ ազդեցություններ եղել են հայ ճարտարապետության վրա։

Մեր թվականի առաջին դարերից մինչև 5-րդ դարու վերջերը մեզ հասած ճարտարապետական հուշարձաններ, ինչպես նախապես մատնանշել եմ, շինարարական այնպիսի կատարելության հասած են, որ արվեստի զարգացման ընդհանուր օրենքների վրա հիմնված, անպայման, նախաքրիստոնեական շրջանին գոնե երկու կամ երեք դար պետք էր որ մշակված լինեին, որպեսզի նույնպիսի կատարելությամբ հասնեին մեր թվականի սկզբնական դարերին։

Այս սկզբնական դարերի մեջ զարգացող ոճը ես համարում եմ հայ ճարտարապետության առաջին վերածնություն, որովհետև մեզ հայտնի չէ փաստացի, թե ի հնումն գոյություն ունեցող և ընկնող մի արվեստի վերածնությունն է, թե Հայաստանում նորոգ կազմակերպված ճարտարապետական մի ինքնուրույն արվեստ է, հետևաբար, առայժմ ընդունելով իբր առաջին վերածնություն, ընդհանուր գծերով պարզենք այդ արվեստին մի քանի հատկանիշները և արտաքին աշխարհի հետ ունեցած կապերը։

Նախապես պետք է գիտնալ, որ հայ ճարտարապետությունն առաջին դարից մինչև իր վերջին անկումը՝ 15-17-րդ դարերը՝ անվրեպ կերպով ենթակա է եղել արևելյան արվեստների։ Արևելյան ճարտարապետական արվեստի հատուկ կառուցման օրենքներ և գեղարվեստական ոճերի կապերն անխզելի կերպով պահված են հայոց մեջ՝ սկսած ասորա-քաղդեականից ու պարսկականից և հետզհետե խմորվելով, մասամբ բարեփոխվելով, հասեր են մինչև հայ արվեստի վերջին անկումը։ Կան նույնիսկ եգիպտական ոճի ներգործություններ՝ պարբերաբար, բայց առավելապես զգալի է դառնում հունա-հռոմեական ոճի ազդեցությունն երբեմն ուղիղ գծով, իսկ հաճախ Սիրիայի ճանապարհով Հայաստան մտած, իր հետ բերելով նաև սիրիական ոճի բավականին հետաքրքրական և ակնահաճո մոտիվներ։ Չեմ խոսում բյուզանդական արվեստի մասին, որովհետև այսօր միահամուռ ընդունված մի ճշմարտություն է, որ բյուզանդական արվեստն Արևելքի և Արևմուտքի ճարտարապետական ոճերի խառնուրդով է կազմված, և գալիս է այնպիսի մի դարաշրջան, որ հտյ ճարտարապետությունն իսկ ունենում է իր ազդեցությունը բյուզանդական արվեստի վրա։ Այս մասին կգրեմ իր կարգին։

Այս առաջին վերածնությունը, պահելով միանգամայն իր զուտ արևելյան տիպը, ցույց է տալիս մի քանի շենքերի վրա հունա-հռոմեական որոշ գծերի ներգործությունը՝ ավելի զարդարանքների տեսակետով, քան թե շինելակերպի։

Դեռ չէ ապացուցված, որ հայ ճարտարապետությունը արտաքին արևելյան կերպարանք ստանալով հանդերձ, որմնաշինության համար աղյուս գործածած լինի, շատ հազվադեպ միայն դիմել են թրծուն աղյուսի, այն է՝ ջրամբարների, ջրմուղների և սոցա նման մի քանի շինությունների համար։

Հայաստանի ճարտարապետությունն իր բազմադարյան տևողության ընթացքում շինանյութ ունեցեր է միայն քարը, սկզբում բազալտ և զանազան տեսակի որձաքար, իսկ հետո, ամբողջ ժամանակ, հրաբխային տուֆ։ Կրաշաղախը ի գործ դրել են ամեն ժամանակ առանց բացառության։

Քարի գործածության սովորությունը, ինչպես երևում