Էջ:The Architecture, Tom 1.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նաև որմնաշինության մեջ մեր հին արհեստավորների ունեցած գերագույն առավելությունները շինելակերպի տեսակետով։ Բյուզանդական կայսրության մի նահանգին հազիվ հավասարվող Հայաստանը որմնաշինության արհեստին մեջ ավելի բարձր կանգնեց իր քարագործությամբ։ Հայաստանի քարեղեն որմնաշինությունն ավելի մեծ հմտություն և գիտակցություն կպահանջեր, քան Բյուզանդիայի աղյուսյա որմնաշինությունը։ Հայեր եթե այն ժամանակ ուզեին Պարսկաստանի և Բյուզանդիայի աղյուսյա որմեաշինության ձևերը մտցնել իրենց երկիրը, անշուշտ, քիչ ժամանակի մեջ կատարելության կհասցնեին: Սակայն պարզ է, որ ճարտարապետությունը խուսափել է աղյուսաշինութենեն և գերադասել է շինությունը, որը երկրի լավագույն և ամենաառատ արտադրությունն էր:

Նախապես գրեցի, որ աոաջին վերածնության շրջանում, 5-րդ դարուն, փորձեցին գմբեթներ շինել, մատնանշեցի նաև Տեկորի գմբեթի նախնականությունը։ 6-րդ դարու շինությունների մեջ գմբեթների գոյությունը չի ապացուցվում, բացի Ավանի եկեղեցիի վրա շինված գմբեթից։ Սակայն Ավանի եկեղեցին, որ հինգ գմբեթանի եղած է, կենտրոնական գմբեթն ամբողջովին կործանած է, իսկ չորս անկյունների վրա եղած չորս գմբեթներից միայն մեկ հատին ստորին շարքը երևում է։ Ուստի այս վիճակին մեջ չի կարելի լիովին դատել, թե ի՞նչ աստիճան կատարելագործված էր գմբեթաշինության արվեստը 6-րդ դարուն։ Բայց 7-րդ դարուն, ըստ ամենայնի կատարելության հասած է Հայաստանում գմբեթաշինության արվեստը, տեղական այնպիսի ինքնուրույն ոճով, որուն արվեստագիտական հայ և օտար բոլոր գրականության մեջ միաձայն հայկական գմբեթ են անվանում։

Հայաստանում գմբեթաշինությունը զարգացել է մեկը մյուսից անկախ երկու գծով. մեկը թմբուկավոր կոնաձև ծածկով, առհասարակ անկյունավոր կամ բոլորշի գմբեթն է։ Արտաքուստ ութ ճակատից մինչև տասնվեց ճակատներ ունին. ութանկյունները չորս գլխավոր կողմերի վրա ունեն չորս պատուհաններ, իսկ բազմանկյուն թմբուկավոր գմբեթները երկու ճակատից մեկին վրա ունեն հաջորդաբար պատուհաններ։ Թմբուկի խարիսխը միշտ բարձր է կանգնած կտուրից առնվազն մեկ մետր. շրջապատում որմնասյուներ չկան. ինչպես ամբողջ շենքը, նույնպես գմբեթը բոլորովին պարզ է, սրբատաշ քարերով շինված։ Ի ներքուստ, կենտրոնական չորս մույթերի աղեղնակապումից առաջ եկած քառակուսի բացվածքի վրա, ութանկյուն կամ բոլորշի ձևով գմբեթի մի խարիսխ կազմելու համար դիմել են հետևյալ ճարպիկ միջոցներին։ Նախապես քառակուսի բացվածքի անկյունների վրա շինել են կամարակապ խորշեր, և այդ խորշերը պսակող կամարներին այն չափով մի տրամագիծ է դրված, որ ինքնին կազմում է ութանկյուն մի խարիսխ գմբեթի համար. եթե ուզել են բազմանկյուն շինել գմբեթը, կրկնել են այս գործողությունը նախկին ութանկյունից գոյացած անկյուններին վրա, որով ավելի բթացրել են անկյունները և բացվածքը մոտեցրել գրեթե բոլորակի։ Այս գործողությունը կատարելուց հետո, բարձրացրել են թմբուկի պատերն ուղղահայաց կերպով, պահանջված չափով, հետո վրան ծածկել են կիսագնդաձև մի գտակով։ Իսկ արտաքուստ, ինչպես բյուզանդական և այլ երկիրներում, վերջավորում էին կիսագնդաձև, որուն շինությունն ավելի հեշտ էր. Հայաստանում բնավ չիրագործեցին այդ ոճը, այլ իրենք ունեցել էին իրենց սեփական ձևը՝ որևէ մի ավանդությամբ նվիրագործված. այն է՝ ներքևի կիսագունդին վրա արտաքուստ բարձրացրել են մի կոնաձև այնչափ ճակատներով, որքան ճակատների որ բաժանված էր ներքևի թմբուկը։

Ընդհանրապես կարծիք կա, որ Հայաստանի գմբեթաշինության այդ ոճին մեջ հայոց նախաքրիստոնեական հին պաշտամունքների մի ավանդական սովորությունը կա թաքնված, որը եթե ի սկզբան պաշտամունքի հետ էր կապված, սակայն հետո, քրիստոնեական շրջանում, փոխվեց մի խորհրդանշանի։ Հայոց նախաքրիստոնեական բնապաշտության շրջանում, պաշտաման առարկա էին, բացի երկնային մարմիններից, նաև մի քանի բարձր սարեր և բլուրներ, ի շարս որոց Արարատ լեռը, որը նույն էր հայոց համար, ինչպես աստվածաբնակ Վոլիմպոսը Հունաստանի համար։ Դեռ Արշակունի շրջանում իսկ, Արարատ լեռան համար պատմված առասպելներ կգտնենք հայոց հին մատենագրության մեջ։ Բնապաշտության և հետո հունական դիցապաշտության հաջորդող քրիստոնեությունը թեև ջնջեց մասամբ այդ առասպելական ավելորդապաշտությունները, սակայն Արարատ լեռն այնքան էր նվիրականացած հայության աչքում, որ կրոնական պաշտամունքը ջնջվելուց հետո իսկ, Արարատ լեռը երկար ժամանակ մնաց իբրև պետական և ազգային խորհրդանշան։ Հին պետական դրոշակների վրա դրոշմվեց Արարատը գլխին Նոյան տապանով (այս վերջինս, անշուշտ, քրիստոնեական կրոնի ազդեցությամբ)։ Արդարև, Հայաստանի կենտրոնի վրա վեհափառորեն բազմող Արարատից ավելի հարմարագույն խորհրդանշան չէր կարող լինել։ Ուստի հավանականությունից բնավ հեռու չէ, որ հայկական գմբեթների ձևը վաղեմի պաշտաման առարկա եղող Արարատին նմանցնեին՝ դեպի վեր սլացող գագաթով։ Քրիստոնեական շրջանում թեև Արարատը պաշտաման առարկա չէր, սակայն պետական խորհրդանշան էր։

Որպեսզի բարձր կոնաձև ծածկով չծանրաբեռնվին գմբեթակիր կամարներ և մույթեր, կոնին մեջ սովորաբար դրած են մեծ ու փոքր դատարկ կարասներ, որոնք թե թեթևացնում են ծանրությունը և թե խիստ սուր արձագանք են տալիս շենքի մեջին։

Գմբեթների ստորին խարիսխը կազմելու համար շինված կամարապսակ խորշերը, որ ներկա արվեստի մեջ փող (trompe) անունն ունին, շարունակվեր են մինչև 10-11-րդ դարերը. թեև նույն 7-րդ դարու կեսից հետո երևան էր եկել մի ուրիշ, ավելի պարզ ձև, այն է՝ pendentif-ները, որոնք միանգամայն հնարավորություն էին տալիս գմբեթի թմբուկը բոլորովին բոլորակ շինվելու, սակայն կառուցման դժվարության պատճառով անշուշտ, երկար ժամանակ չընդհանրացան, հետևաբար մինչև 11-րդ դարու երրորդ վերածնությունը