Էջ:The Architecture, Tom 1.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենայն հավանականությամբ Զվարթնոց եկեղեցիի պսակն է եղած այս ձևի պսակների նախատիպը Հայաստանում. միայն թե Զվարթնոցի մեջ խիստ շատ առաջակարկառ է, որով թե հաստատության տեսակետով կասկածելի էր և թե շինությունն ավելի դժվար. հետագայում պսակի այս ձևը ընդունվելով, ենթարկված է զգալի բարեփոխության։ Նախ առաջակարկառը նվազած է, և թե փոխանակ հորիզոնական կերպով պատից դուրս ցցվելու, ավելի դեպի վեր թեքված է, որով թե շինությունն է դյուրացած և թե ավելի հաստատությունը երաշխավորված է։

Պատերի արտաքին երեսին վրա քարերը շարելու մի կերպ ունի 7-րդ դարը, որ ուրիշ վերածնությունների մեջ չկա քարերի տաշվածքի և շարվածքի այս ձևը։ Մեծածավալ քարերը սրբատաշ մաքրվելե հետո, ներքևի և վրայի (հորիզոնական) եզերքները կես սանտիմ. կամ քիչ ավելի լայնությամբ հակուղիղ ձևով տաշված են դեպի ներս, այնպես որ երկու քար միմյանց վրա դրվելիս, գոյանում է մի եռանկյուն փոս գիծ։ Այս կերպ տաշվածքն ու շարվածքը թերևս այն օգուտն ուներ, որ քարերը միմյանց վրա դրվելիս, ծանրության տակ նուրբ շինված եզերքները չէին փշրվում։ Եվ իրոք որ, 7-րդ դարուց մեզ հասած մեծամեծ քարերով հյուսված պատերին վրա քարերի եզերքները միշտ մաքուր են մնացած։

Առաջին վերածնության մեջ ընդունված portique-ներն այլևս գոյություն չունին եկեղեցիների շուրջ 7-րդ դարուն, այժմ կան գեղեցիկ քանդակազարդ խոյակներով որմնասյուներ՝ շենքի զանազան մասերի վրա։ Portique-ները թերևս շարունակվեցին աշխարհիկ շենքերի վրա, որոնց նկարագրությունները, թեև թռուցիկ կերպով ակնարկված, պատահում ենք հին մատենագրությանց մեջ։ Զվարթնոցի մոտը շինված աշխարհիկ շինությունների մեջ շինված են երկու տեսակ portique-ներ, որոնք թերևս պահանջ էին միշտ, և հիմք են տալիս ենթադրելու, որ շատ հին ժամանակներից է հասել մինչև մեր օրերը բնակարաններին կից portique շինելը. իրական փաստեր պակաս չեն Հայաստանի զանազան կողմերի մեջ բնակարաններին կից portique-ներ շինելու սովորության, որոնք, ինչպես 5-րդ դարուն, նույնպես այժմ անվանվում են սրահ։

Երկրորդ վերածնության հատուկ է շենքի զանազան կողմերի վրա բարձր և կամարակապ խորշեր (niche) շինելու ոճը։ Այս ոճի ծագման պատճառների մասին բացատրություններ տվել եմ «Տեկորի տաճարը» անունով ուսումնասիրությանս մեջ. սակայն հարկ է ուղղել այստեղ, որ այդ աշխատությանս մեջ համարել էի 10-րդ դարու ոճ, բայց հետագային կատարած ուսումնասիրություններս ապացուցեցին, որ 7-րդ դարու ոճ է և ոչ 10-րդ դարու։

Վերջապես, հայ ճարտարապետությունը 7-րդ դարուն այնպիսի գլուխգործոցներ ունի, որոնք գրչով նկարագրել գրեթե անկարելի է, և ներկա աշխատանքիս անձուկ սահմանը չի ներեր պատկերներ և համապատասխան գծագրություններ ավելցնել փոքր ի շատե հասկանալի դարձնելու համար, պետք է որ արվեստագետ մասնագետներ իրենց սեփական աչքերով տեսնեն և քննեն այն հոյակապ շենքերը, որոնք միահամուռ մեծ մասնագետ գիտնականների հիացումն են գրավել, և հավիտյան հայ ճարտարապետության պարծանքը պիտի լինին գիտական աշխարհի մեջ։ Ամեն տեսակ քննադատություններից բարձր պիտի կանգնեն Մրենի, Թալինի, Թալիշի և Զվարթնոցի հոյակապ տաճարները իրենց հսկայական մեծությամբ, արտաքուստ և ներքուստ սքանչելի պարզությամբ և շինանյութերի ու շինելակերպերի վերին աստիճան խնամքով և կատարելությամբ, կամարների, աղեղների շլացուցիչ սլացքներով և, վերջապես, զարդաքանդակների մասին թեև ժլատ, այնուամենայնիվ եղած դույզն քանակը ևս իր հարմարագույն տեղերու վրա ներդաշնակ դասավորությամբ։ Վերջապես, այս երկրորդ վերածնությունն է, որ իր հուշարձանները կանգնել է զուտ արևելյան, ավելի ճիշտը՝ զուտ հայկական ոճով, առանց օտար խառնուրդի։

Օտար խառնուրդի տեսակետով Զվարթնոցն է, որ մի քիչ շեղվում է իր ժամանակակից ոճերից, մի քանի գեղարվեստական մասերի փոխառություններով։ Համարձակ կարելի է ասել, որ Զվարթնոցն իր ոճով և շինելակերպերով միակն է ճարտարապետության ընդհանուր պատմության մեջ, քանի դեռ չէ գտնված իր նախորդը որևէ երկրամասի վրա։ Գիտնական ճարտարապետներ գրեթե մաղել են Արևելքն ու Արևմուտքը և իրենց տեղեկություններն ու մանրամասն ուսումնասիրությունները վաղուց մամուլի սեփականություն դարձրել, սակայն գեթ Զվարթնոցի հեռավոր նմանություն ունեցող շենքերից ոչ մեկը չունի Զվարթնոցի ճարտարապետի խիզախ հղացումը և հանդուգն, բայց հեռատես ու նրբին հաշիվները կառուցման գործի մեջ։ Զվարթնոցը մենակ չէ Հայաստանի մեջ. մինչև 11-րդ դարու վերջը մի քանի հատ են կանգնվել Զվարթնոցի օրինակով, ինչպես Թավուզքյարում, Բանայում, Անիում և այլն, և այլն։ Բագրատունի Գագիկ Ա, հատկապես Զվարթնոցի և նրա կանգնողների հիշատակը հավերժացնելու համար (որովհետև նույն ժամանակ գրեթե կիսավեր էր Զվարթնոցը), Անիում կանգնել է