Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց տեսած շենքերի կառուցման թվականների մասին, հայկական շենքերը համարեր են գոթական ոճով կառուցված, Texier-ին հավատացրեր էին, որ Տեկորի տաճարը 8-րդ դարու շենք է, մինչդեռ պատկանում է 5-րդ դարուն՝ առաջին վերածնության: Սակայն Texier-ի ստացած այդ ժամանակագրական սխալ տեղեկությունը չէր ազդած նրա՝ Տեկորի տաճարի մեջ երևցող պայտաձև աղեղների կամ կամարների հայկական ոճին պատկանելու մասին առաջին անգամ արած հայտարարության, որովհետև արաբական համարված պայտաձև աղեղներն ու կամարները շատ ավելի ուշ, 10-րդ դարուն են երևում Կորդովայի (Սպանիա) մեջ. ուստի, ըստ Texier-ի սխալ տեղեկության իսկ, պայտաձևի ոճը մնում է Հայաստանի սեփականություն, համարելով երկու դար առաջ, քան արաբական պայտաձևերի երևումը: Թե ինչպես Հայաստանից մինչև Սպանիա հասել է այդ ոճը, այդ մասին առանձին, իր ժամանակին:

Իհարկե, երկկեդրոն աղեղներով դժվար էր հաստատել, թե հայկական երրորդ վերածնության ոճը իր մեջ զարգացնում էր գոթականի նախնական սաղմերը, եթե չլինեին ուրիշ անվիճելի փաստեր 10-11-րդ դարերուն հայկական ոճի մեջ գոթական նախատիպ մասեր գտնվելուն: Գոթական ոճը երևան է գալիս գրեթե 12-րդ դարի վերջին կամ 13-րդ դարի սկիզբներին. իսկ գոթականի հետագայում ավելի զարգացող մեկ ճյուղը, որուն ogive են անվանում, երևում է 13-րդ dարու կեսից ոչ առաջ: Այս ոճի գլխավոր հատկանիշներն են՝ գմբեթակիր մույթերի շուրջ նրբին ձևերով զարդարված սյունախուրձերը, խաչաձևված կամարաղեղները և առհասարակ ջլաղեղները (arć á nervure) կամարների ներքև: Անիի կաթուղիկեն, որ սկսված էր 980 թվին և 1010 թվին վերջացած և օծված էր նույնիսկ, իր մեջ ունի թե երկկեդրոն աղեղներ և թե կամարաջիլեր. գմբեթակիր չորս մեծ մույթերն սքանչելի օրինակներ են նրբին ու բարձր սյունախուրձերի, որոնք փոքր զանազանություններով գործածվել են այս վերածնության ժամանակ կառուցվող մեծ շենքերի մեջ. արտաքին որմնասյուներն իրենց համաչափությամբ և նրբությամբ շինված են հետագայում ogive ոճին մեջ։ Անիի պարիսպից դուրս կանգնված Հովիվի եկեղեցին, որը մի ճարտարապետական գոհար է այս երրորդ վերածնության շրջանում, շինված է 11-րդ դարուն։ Սա իր մեջ հրաշալի կերպով մարմնացնում է թե խաչաձևող կամարներ, թե կամարաջիլեր և թե սյունախուրձեր: Անիի Առաքելոց եկեղեցու գավիթը, որ կառուցված է 12-րդ դարու վերջերեն մոտ, ոչ միայն իր ոճով, այլև կառուցվածքով հիանալի մի օրինակ է ogive ոճին: 13-րդ դարուն Հայաստանում այլևս ընդհանրացած են ogive