Էջ:The Architecture, Tom 1.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ստացած ուղղությամբ և առանձնահատուկ զարգացմամբ մեծ տեղ է բռնած հայոց ճարտարապետության պատմության մեջ։ Մասնավորապես նշանավոր եղավ, քան նախորդ վերածնությունները, մի նոր ոճի ստեղծումով և կամ պատվաստումով, որի մասին պիտի խոսեմ իր կարգին։

Ես նկատել եմ, որ հայ ճարտարապետության յուրաքանչյուր վերածնության շրջանում որոշ տոհմեր եղել են, որոնք վերին աստիճան սիրել են շինարարությունը և խրախուսել են ճարտարապետությունն ու գեղարվեստները։ Նախորդ՝ երկրորդ և երրորդ վերածնությունների մեջ պարզ է միանգամայն, որ այդ խրախուսողները եղել են Կամսարականները և Պահլավունիները, և Հայաստանում՝ այսօրվա մեզ հասած շինությունների մեծ մասը պատկանում է այդ տոհմերին։

Չորրորդ վերածնության ծաղկումն ու զարգացումը կապվում է Զաքարյան տոհմի հետ, շինությունները մեծ մասամբ կապված են Զաքարեի և նրա սերունդի անվան հետ, կամ այդ տոհմի ուժեղ սերունդների կամ ժառանգների ձեռքով են կանգնված չորրորդ վերածնության շենքերը, կամ նրանց անվանն են նվիրված. այս երկու դեպքերից անկախ, եթե մասնավորներ ևս շինել են մեծ ու փոքր հասարակական շենքեր, նրանց արձանագրությունների մեջ հաճախ հիշվում են Զաքարյաններիի օժանդակությունն ու նվիրաբերությունը։ Գրեթե Զաքարե սպասալարի իշխանության գլուխ անցնելու թվականեն է սկսվում Հայաստանում չորրորդ վերածնության շինարարությունը. թեև նրանց տոհմային տիրապետությունը երկար չի տևում, այնուամենայնիվ գրեթե հարյուր հիսուն տարվան մի շրջանում Հայաստանը ծածկվում է թեպետ ծավալով փոքր, բայց բազմաթիվ գողտրիկ ու ճոխազարդ շինություններով: Այս վերջին վերածնության ոճի ազդեցությունը թեև մինչև Վասպուրական չի հասնում, սակայն տարածվում է, բացի Շիրակից, որ Զաքարյանների տիրապետության սահմանն է, Այրարատի, Սյունիքի, Գուգարքի սահմաններում մինչև Տաշիր գավառը։ Նախկին՝ երրորդ վերածնության գլխավոր հատկանիշները պահվում են չորրորդ վերածնության մեջ, արտաքին որմերի որմնասյուների կամարակապումով զարգացումը, շենքի չորս կողմերի վրա խորշեր շինելու սովորությունները միշտ պահվում են այս շրջանում, գավիթներ, գմբեթներ ավելի ևս ճոխազարդվում են, միայն զարդաքանդակների բնույթն է, որ մեծ մասամբ փոխվում է։ Երրորդ վերածնության մասին խոսելիս, հայտնեցի, որ 10-րդ դարու կեսից հետո շենքերի արտաքինը գմբեթով միասին՝ քանդակազարդ աղեղներով պսակված որմնասյուներով զարդարվեց. որմնասյուներն երբեմն կենտ, երբեմն երկու կամ երեք սյուների խուրձեր եղան։ Չորրորդ վերածնության մեջ գեղարվեստական այս ոճն ընդմիշտ պահպանվեցավ և ընդհանրացավ։ Նախկին ոճի մեջ պսակից ցած շենքը շրջապատող քանդակազարդ գոտիին փոխարինեց որմնասյուները պսակող աղեղներից սկսած մինչև պսակը, մանվածո խիտ քանդակում, որուն մեջ հաճախ պատշաճեցուցված են ընտանի և վայրի կենդանիների ու թռչունների բարձրաքանդակներ։ Մանվածոները