Էջ:The Architecture, Tom 1.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխանակ նախորդ ոճի նման նեղ կամ լայն ժապավեններով հյուսվելու, այս անգամ ոճավորված տերևներով խառն ոստերով են հյուսված։ Իսկ առանց ոստահյուսի մանվածոներն ստացած են վեցանկյուն, ութանկյուն բազմանկյուններ, կամ աստղաձև հյուսվածքներով կազմված և երկրաչափական այս ձևերով շատ անգամ վերևից մինչև ներքև դռների ամբողջ ճակատը զարդարված գեղեցիկ moulure-ներով շրջանակված։ Պսակները հազիվ թե պահած լինեն նախկին ավանդական ձևերի moulure-ների համաչափությունը, իսկ մեջը քանդակված ուղղագիծ մանվածոներն այլևս վերջ են գտած, և նրանց տեղ քանդակված են ոճավորված տերևներ և այլ երկրաչափական ձևեր, երբեմն ծաղիկներով խառն։ Շենքերի չորս ճակատների վրա, քանդակազարդ կամարներով պսակված եռանկյուն խորշերը շարունակվում են անընդհատ։ Զարդաքանդակների նոր ոճը, այսինքն ոճավորված տերևների խառնուրդով ոստահյուս մանվածոները չափազանց շատ են սիրվում չորրորդ վերածնության մեջ և շենքերի ճակատներին զանազան տեղերի վրա խիստ ճոխությամբ քանդակվում են. բացի խոյակների abaque-ներից՝ քանդակվում են նաև [խոյակների] գնդաձև գլուխները, խարիսխների գնդաձև մասերը, fronton-ների միացման և վերջավորության անկյունները. առանց քանդակազարդության պատուհանի շրջանակ չի մնում այս վերածնության մեջ, իսկ մտից դռները, մասնավորապես գավիթների մուտքերը զարդարվում են լայն շրջանակի մեջ ստալակտիտներով խառն ոստահյուս քանդակների շերտերով կամ ժապավեններով, և այս երևույթը ցույց է տալիս շենքի վրա մի արտասովոր ծանրաբեռնում, որպես անկման նախօրյակ և շեղում՝ զուտ հայկական ոճի ընդհանուր համաչափական և գեղարվեստական օրենքների: Իրենց բարդ մանվածո քանդակազարդությամբ արտակարգ շքեղության են հասնում խաչքարերը։ Հին շրջանում խաչքարերի վրա քանդակված խաչերի ներքև առանց բացառության քանդակված են ինչ որ խորհրդավոր թևեր, դեպի վերև դարձած խաչի երկու կողմը. այս շրջանում, կարծեք կորցրած իր նախկին խորհրդավոր նշանակությունը, փոխված է բարդ քանդակազարդության՝ հազիվ իր նախկին ձևը հիշեցնող մի շրջագծով [նկ.նկ. 46-48]: Այս շրջանին հատուկ են բազմատեսակ և ակնահաճո ստալակտիտ զարդարանքները, որոնք թեև օտար են հայ ճարտարապետության ինքնուրույն զարգացման ոճին, այնուամենայնիվ շատ շենքերի վրա խիստ շքեղ և տպավորիչ տեսք են ստանում: