Էջ:The Architecture, Tom 1.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(տուֆ) մոզայիկ են շինված [նկ. 49]: Հոռոմոսի վանքում մի կիսափուլ շենք կա, որը ogive աղեղներով առաստաղակալված է, սակայն փոխանակ աղեղները մեկ պատեն դեպի մյուս պատը ուղղահայաց կերպով ձգվելու, շեղակի ձգվելով խաչաձևված են, և շենքի յուրաքանչյուր երկար կողմից երեք աղեղներ ձգված են և աղեղների ծայրերը հանգչած են պատերի մեջ ամրացած moulure-ազարդ condol-ների վրա, որ ավելի բարդ ձև էր, քան մեկ կամ երկու աղեղներով խաչաձևումը։ Դժբախտաբար, շենքի երդիկն ամբողջովին փլած է և հայտնի չէ, թե ինչ ձևով ծածկված էր վրան։ Եթե այս շրջանին Հայաստանի տնտեսական անկյալ վիճակը չլիներ և վերածնության վերջին անկումը վրա չհասներ, ո՞վ գիտե, թե այս ոճով ինչ հոյակապ և զարմացուցիչ շենքեր պիտի կառուցվեին։

Այս չորրորդ վերտծնության մեջ չափազանց զարգացած է բերդապարիսպներ շինելու արհեստը։ Թե անհամեմատ բարձր են և թե վերին աստիճան մաքուր տաշված ու շարված. կարծեք՝ ձուլված լինին ամբողջությամբ, ոչ թե քարաշեն: Տարակույս չկա, որ այս ճյուղի անհամեմատ զարգացումը և անօրինակ բարձրությամբ ամրոցների մեծածախ պարիսպների կառուցումը երկրի քաղաքական անհաստատ դրության նշանակ է. և իրոք, այս շրջանի ճարտարապետական անկումը տեղի է ունեցել քաղաքականապես անկման հետ, այլևս չվերականգնելու պայմանով:

Ինչպես հայ ճարտարապետության բովանդակ տևողության մեջ, նույնպես այս վերջին վերածնության շրջանի արվեստից, ներկայիս մեզ օգտակար և անհրաժեշտ շատ ուսանելի շինելակերպեր կան, որոնց մանրամասնության մեջ այժմ չեմ կարող մտնել դժբախտաբար. դա մի այլ աշխատության մեջ պիտի լինի, որը, եթե հնար կամ միջոցներ ունենամ, պիտի գրեմ այդ բոլոր ճյուղերի վրա իմ կատարած ուսումնասիրությունների մասին: