Էջ:The Architecture, Tom 1.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վկայությամբ (1699-1711), որ Հովհաննավանքի պատմությունն է գրեր անոր շինության սկզբնավորությունեն մինչև իր օրերը, Հովհաննավանքի փոքր եկեղեցին հիմնարկված է 4-րդ դարուն և վերանորոգվեր է 6-րդ դարուն (573-574) Աշոտի ձեռքով։

Ով որ կմտնե Հովհաննավանքի հնագույն եկեղեցվույն մեջ, ուր այժմ ալ ժամերգություն կկատարվի, առաջին տպավորությունը կլինի նկատել անոր բոլորովին նախնականությունը իր բոլոր մասերուն մեջ։

Հատակագծի ձևը նեղ ու երկար քառանկյուն է, անհեթեթ հաստությամբ պատերով, ներքին կողը ունի լայն և պատեն անսովոր հաստությամբ դուրս ցցված քառակուսի որմնասյուներ, որոնք միմյանց կապված են պայտաձև աղեղներով, այս աղեղներուն վրա հանգչած է հատակագծի ամբողջ երկայնությունը ծածկող կամարը, որուն շինության ժամանակի մասին դժվար է վճռական կարծիք հայտնել, որովհետև արվեստագործության տեսակետով շատ կտարբերի կամարի շինելակերպը պատերեն, նույնպես արտաքին corniche-ներեն մաս մը կա, ինչպես նաև կտուրի քարե ծածկը, որ մասամբ միայն կերևա հետնագույն շինվածներու փլատակ մասերու ներքևեն, 9-10-րդ դարերու արվեստագործության նմույշ լինել կթվի։ Անկասկած է, որ դեռ հին դարերու մեջ շատ տեսակ փոփոխություններե անցեր է այս շենքին տարազը, սակայն կամարը սկզբնական շենքին հետ միաժամանակ ծածկված կամ հետնագույն ժամանակի շինված լինելը մասնավոր խնամքով քննության կկարոտի։ Բայց ինչ ալ լինեն նորոգություններու և փոփոխություններու հետևանքները, անվիճելի է, որ հատակագծի ձևը ներսի կողմեն նույնությամբ պահված է. այս մասին դեռ առիթ կունենանք խոսելու իր տեղին:

Դժբախտաբար, հնարավորություն չունեցա ներկա քարտեսիս մեջ մտցնել Հովհաննավանքի հատակագիծը. սակայն քարտեսին մեջ կան անոր մոտավոր նմանությունն ունեցող հատակագծեր, որոնց քննական համեմատություններով եթե հնար լինի ճշտել շինության ժամանակը, անշուշտ, կհաստատվի նաև Զաքարիայի տված պատմական տեղեկությունն անոր մասին:

Շատ բնական է, որ ամեն մի նոր սկսվող շինարարական ոչ միշտ պարզ ու նախնական վիճակ մը կունենա ու հետզհետե կզարգանա և կճոխանա ըստ ճաշակի և անհրաժեշտ պահանջներու:

Առանց այլևայլության, քարտեսի հատակագծերու շարքին վրա պարզ կտեսնինք, թե որն է ամենեն նախնականը և ինչպես աստիճանաբար բարդանալով՝