Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Դ
ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԸ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[1]

Շինարարական արվեստը Հայաստանում ավելի քան երկու հազար տարի գոյություն է ունեցել անընդհատ։ Հազար ինը հարյուր տարի առաջ կանգնեցրած և անվթար մինչև մեր օրերը հասած շենքերի շինարարական օրենքների բավական կատարելությունը և հետզհետե զարգացումը ապացուցում են, որ մեր թվականությունից շատ առաջ քակված է այդ մեծ արվեստի խանձարուրը։

Հայաստանում, իբրև քարաշատ մի երկրում, բնականաբար քարի արվեստագործությունն ավելի պիտի զարգանար, և քարը պիտի ծառայեր իբրև գլխավոր շինանյութ։ Քարի արվեստագործությունը հնուց այնքան էր գնահատված, որ հատկապես այդ ճյուղում մասնագիտացած անձանց մեր հին մատենագիրներից ոմանք «ճարտարապետս քարի» են անվանել։

Սկզբից Հայաստանում շատ տեսակ քարեր են օգտագործվել իբրև շինանյութ, սակայն մեր թվականության նախօրյակին արդեն սովորական են դառնում կրաշաղախի գործածությունը և տաշված ու կոկված քարերով մեծամեծ քարուկիր շենքեր կառուցելը, փոխանակ մեծազանգված քարերով անշաղախ պատեր շինելու։

Բնական է, որ կրի գյուտը մեծ ծառայություն մատուցեց շինարարական արվեստին, զգալիորեն թեթևացրեց ծանր աշխատանքները, շենքերին տվեց ավելի վայելչություն և երկարատև կյանք։

Քարի ու կրի հետ զուգընթացաբար, իբրև շինանյութ, պարբերաբար գործադրել են նաև ուրիշ նյութեր, ինչպես օրինակ, աղյուս, փայտ, երկաթ, կապար և այլն, որոնց մասին ծանոթություն տալը թերևս անօգուտ չլինի։ Որովհետև գլխավոր շինանյութը Հայաստանում քարն ու կիրն էին, իսկ ուրիշ նյութեր գործածել են ըստ տեղական պայմանների ու առանձին պահանջների, ուստի նախ սկսենք քարի ու կրի գործածության կերպերից, որոնցով նախնիք ղեկավարվել են երկար դարեր։

Կրաշաղախը, որ Հայաստանի շինարարության մեջ մոտավորապես երկու հազար տարի գերակշիռ տեղ է գրավել, անշուշտ սովորել են անմիջական հարևան երկրներից և մեծ ազգերի արվեստագետներից։ Բայց թե երբ է եղել կրի գյուտը և ինչպես է անցել Հայաստան, այդ հարցերն ուսումնասիրելը չէ իմ այժմյան նպատակը։ Կրաշաղախի գյուտի մասին գիտնական արվեստագետները տակավին հաստատուն եզրակացության չեն եկել, թե երբ և որ երկրում տեղի ունեցավ կրաշաղախի գյուտն ու սկսվեց գործածությունը, կամ որ ազգի սեփականությունն է այս անգնահատելի գյուտի պատիվը։ Մեր թվականությունից շատ առաջ հետախուզություններ կատարող գիտնականները Բաբելոնում գտել են կրաշաղախի հետքը, որ գործածված էր թե պատերի և թե ծեփի համար։ Ասորա-Քաղդեայում կրաշաղախի գործածության չափազանց հազվագյուտ լինելը վերագրում են փայտի պակասության և նույնիսկ համարում են ավելի հեռավոր Արևելքի ազգերի գյուտ։ Հետագայում, այս երկրի իշխանությունը ժառանգող պարսիկների ժամանակ, բավական ընդհանրացած էր կրի գործածությոլնը։

Իսկ մի ուրիշ գիտնական հաստատում է, որ էտրուրացիք ունեցել են կրի վառարաններ և իբրև կրաքար գործածել են նույնիսկ մարմարը. այդ պատճառով հիմնիվեր քանդել են մարմարից շինված հուշարձանները և դրանցից կիր պատրաստել։ Մի ֆրանսիացի գիտնական, 1820 թ. Իտալիայում հնախուզական ճանապարհորդություններ կատարելու ժամանակ, տեսել է այս էտրուրական կրի վառարանները և պատմում է, որ նրանց մեջ լցված են եղել քարերը, բայց դեռ չվառված։ Վառարաններում լցված քարերի մեջ եղել են ոչ միայն հին հուշարձաններից քանդված մարմարե գեղաքանդակ բեկորներ, այլև ճարտար արվեստագետների գործ հանդիսացող մարմարե ընտիր արձանների կտորներ. և, ինչպես երևում է, շատ երկար ժամանակ է տևել մարմարե ՛շենքերը քանդելով քարերից կիր այրելու սովորությունը, որի դեմ Հռոմի պապերից մեկը թեև արգելք է դրել, այնուամենայնիվ այդ արգելքն ապարդյուն է անցել այն ժամանակ։

Vitreuve, հռոմայեցի հռչակավոր ճարտարապետը, որն ապրում էր դեռ մեր թվականության առաջին դարի սկիզբներին, իր մի աշխատության մեջ մանրամասն բացատրում և պարզաբանում է կրի գործածության թե հին և թե իր ժամանակի ճարտարապետական օրենքներն ու շինելակերպը, մասնավորապես խոսելով կրաշաղախը պատրաստելու ձևի մասին։ Նույնիսկ այժմ Իտալիայում շարունակում են Vitreuve-ի ցույց տված ձևով պատրաստել կրաշաղախ, որը նույնքան ամուր ու տևական է լինում, ինչպես հնում իրագործվածները։

Որովհետև այստեղ ես չեմ զբաղվելու կրաշաղախի պատմական ուսումնասիրությամբ, ուստի կարևոր եմ համարում այսքանն ասել, որ կրաշաղախի գործածությունն ընդհանրացավ այն երկրներում, որտեղ շենքերը բացառապես քարով ու թրծված աղյուսով էին կառուցվում։ Ուստի շատ պարզ է, որ Հայաստանը, իբրև քարաշատ երկիր, պիտի ընդգրկեր քարաշեն կառուցվածքը և, դրա հետ միասին, նաև կրաշաղախի գործածությունը։ Իսկ թե կրաշաղախի գործածությունը ո՞րտեղից է եկել Արեևլքի՞ց, թե՞ Արևմուտքից, այդ հարցը դեռևս պարզ չէ (հավանորեն Արևելքի ազդեցությունը պիտի լինի, նկատի ունենալով ուրիշ բազմատեսակ արևելյան ազդեցությունները Հայաստանի ճարտարապետության վրա), և մենք, անշուշտ, առիթ կունենանք ի մոտո խոսելու այդ նյութի մասին։ Այստեղ մեր քննության առարկան պետք է լինի, թե Հայաստանում արվեստագետները ինչ աստիճան հաջողություն են ունեցել կիրն ու կրաշաղախը պատրաստելու մեջ և ինչ ձևով են պատրաստել, քարի որ տեսակն են ընտրել կրաշաղախով հաստատուն զանգված կազմելու հասար։

  1. Այս աշխատությունը նախապես տպագրվել է 1932 թվին առանձին գրքով, որից և արտատպում ենք թեթև ուղղումներով: ԿԱԶՄՈՂ