Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկար դարերի ընթացքում ավանդաբար մեզ հասել են կրաշաղախի զանգված պատրաստելու օրենքները, սակայն թող ներվի մեզ ասել, որ երկրագնդի զանազան կետերում միօրինակ չեն այդ օրենքները, նախնիքների այդ գյուտը վերջին դարում ոչ միայն արժանացավ մեծ արվեստագետների բարձր գնահատությանը, այլև հետազոտության առարկա դարձան նրա թե պատմական կողմը և թե բնագիտական հատկությունները, նրա հետ նաև կրաշաղախի բաղադրիչ նյութերի համեմատական չափերը։

Վերջին ժամանակի գիտական լուրջ քննությունները հաստատապես ապացուցեցին, որ պատմական ժամանակների ընթացքում շինությունների համար գործածված կրաշաղախի շուրջը հյուսված զանազան առասպելները ոչ մի արժեք չունեն, այլ մեծ նշանակություն են ունեցել կրաքարի տեսակները և կրաշաղախը կազմելու համար միմիայն ավազի համեմատական չափերը։ Ուսումնասիրությունների և գործնական փորձերի հիման վրա, ներկայիս ակադեմիական հրատարակությունները տալիս են մեզ կրաքարի տեսակները որոշելու, քարն այրելով կրի փոխելու, կրացած քարը մարելու, փոշիացնելու կանոնները, ինչպես նաև շաղախի մեջ խառնվելիք ավազի որակը ու բաղադրության չափերը, նայած գործածության նպատակին։

Մասնավորապես Հայաստանում ի՞նչ հաջողությամբ են գործածել կրաշաղախը, որքա՞ն հաստատուն և տևական են եղել կազմված զանգվածները. սրան անվիճելի ապացույց են 15-20 դար առաջ կանգնեցրած և մեզ հասած հնագույն հուշարձանները, որոնք ամեն տեսակ քննադատությունից բարձր են: Ուստի կասկած չի կարող լինել, որ նախնիք շատ լավ ըմբռնած են եղել կրաշաղախի հատկությունը և նպատակահարմար ձևով պատրաստելու կանոնները. այժմ մեզ մնում է ամենահավանական եզրակացությունները հանել հնում գործածված կրաշաղախի և ընդհանրապես քարուկիր շինությունների մասին, որոնց բազմադարյան կյանքն ու միանգամայն հաստատուն մինչև մեր օրերը հասնելը լիուլի գրավական են հին արվեստագետների ունեցած հմտության և փորձառության:


* * *

Բոլորին հայտնի է, որ կիրն ստացվում է կրաքարը հատկապես շինված վուան (հնոցի) մեջ մինչև հրաշեկ դառնալն այրելով: Կրաքարի տեսակներից է կախված ուժեղ կամ թույլ կրի ստացումը։ Շինարարական արվեստի մեջ ընդունված է գլխավոր երկու տեսակի կիր՝ պարարտ կամ ուժեղ և թույլ:

Պարարտ կիրն ստացվում է կրաքարի ընտիր տեսակից, որն այրվելուց և կրի փոխարկվելուց հետո շինարարության մեջ գործադրելու համար ենթարկվում է մարման։ Մարման զանազան եղանակներ կան, նայած գործածության նպատակին:

1. Մեծ տաշտի մեջ առատ ջրով խառնելուց հետո քամելը:− Ջրով լի տաշտում թանի նման հարելուց հետո տաշտից քամում են գետնի մեջ փորված քառակուսի կամ բոլորակ հորի մեջ։ Այս եղանակով բացված և հորի մեջ քամված կիրը, որ շուտով թանձրանում է, օդային հաղորդակցությունից չեզոքացվելով, երկար ժամանակ պահվում է առանց ուժը կորցնելու։ Սակայն այս եղանակով բացված և երկար պահված կիրը գործածվում է բացառապես ծեփերի և երբեմն էլ պատերի համար:

2. Ինքնամարում կամ նվաղում:− Այս ինքնամարումը հաճախ տեղի է ունենում ճարտարապետի կամքից անկախ, երբ կիրն անժամանակ կանուխ ստացվում է շինության վայրում և երկար մնում է օդի ազդեցության տակ, առանց գործածվելու, կամ երբ շենքի կառուցումից հետո ավելացած մասը կարիք է լինում պահել մի տեղ. այս դեպքում կիրն ինքն իրեն մարում է և, փոշիանալով, կորցնում իր ուժի զգալի տոկոսը:

3. Ջրով լի տաշտի մեջ ընկղմելով մարում և նույն տաշտի մեջ անմիջապես ավազը խառնելով շաղախի պատրաստում:− Որմնահյուսության մեջ այս տեսակն առհասարակ գործ են ածում Բալկանյան երկրներում. ջրով լի տաշտի մեջ որոշ քանակությամբ կիր բաց անելուց հետո, առաջացած ջերմությունը դեռ չանցած, անմիջապես խառնում են ավազը և բոլորովին տաք վիճակում լցնում պատի մեջ. տեղական ճարտարապետները և որմնադիրները համոզված են, որ այս եղանակով գործածված կիրը պատի մեջ թե ավելի շուտ կչորանա. ածխաթթուն օդից արագ կծծի, և թե ավելի պինդ կձուլվի որմնամիջի խճերի և արտաքին երեսների քարերի հետ։

4. Ջրասրսկմամբ մարում:— Ջրասրսկմամբ մարելն ընդհանրապես ընդունված է թե Եվրոպայում և թե ասիական շատ երկրներում և առհասարակ կատարվում է հետևյալ եղանակով. բանվորները չմարած կիրը փռում են մի հարթ գետնի վրա ու վրան դույլերով ջուր սրսկում։ Սրսկված ջուրը հետզհետե ծծվում է կրի մեջ, և կրի կոշտերն սկսում են լայնանալ, ճաքճքվել ու փշրվել. լավ կրի ծավալն ավելանում է երեք անգամ, գույնը՝ մաքուր սպիտակ, իսկ գոյացած կրափոշին չափազանց նուրբ. մատներով շոշափելիս՝ ճարպոտ մարմնի տպավորություն է թողնում։ Առաջին փորվածքի մարումը վերջանալուց հետո, բանվորները մարած կիրը հավաքելով՝ մի կույտ են կազմում մարման հարթավայրի կողքին։ Կրկին փռում են նույն տեղում չմարած կիր և շարունակում միևնույն գործողությունները, ինչ որ առաջին անգամ, այսպես հաջորդաբար շարունակելով, շենքի համար բերված ամբողջ կիրը մարում են, փոշիացնում և հետզհետե ավելացնելով նախկին կույտի վրա՝ մի մեծ դեզ են կազմում։ Այս գործողությունը վերջացնելուց անմիջապես հետո, առանց երկար ժամանակ դեզը բացօթյա թողնելու, բանվորներն շտապում են համեմատական չափով կիրն ու ավազը խառնել իրար՝ շաղախ պատրաստելու համար։ Կիրը և ավազը շաղախի համար նախապատրաստում են նույնպես որոշ կանոններով։ Շենքի մոտ, մի հարթ տեղում, որին կրի կալ են անվանում, նախ ավազը փռում են 2-3 սանտ. հաստությամբ, սակայն, մի որոշ ծավալաչափ ամանով հաշված, ավազը շատ լավ տարածելուց հետո, որպեսզի ամբողջ տարածության վրա միևնույն թանձրությունն ունենա, միևնույն ծավալաչափ ամանով փոշիացած կիրը խնամքով փռում են ավազի վրա՝ հավասար թանձրությամբ տարածելով. հետո կրի վրա դարձյալ ավազ. այսպես հաջորդաբար կիր ու ավազ միմյանց վրա փռելով՝