Էջ:The Architecture, Tom 1.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնում նրան այն աստիճան, որ Զվարթնոցի ճարտարապետության մասին խոսք բացվելու դեպքում նրան իրենց հետ նույնիսկ չէին տանում ավերակների վայրը, տեղում ստուգումներ կատարելու համար։

Խաչիկ վարդապետը, որ, ինչպես ասացինք, միանգամայն զուրկ էր գիտական պատրաստությունից և գտնվում էր մյուս վարդապետների ազդեցության տակ, Թորամանյանի գծագրերից մկրատով կտրեց և հեռացրեց Զվարթնոցի կտրվածքի գմբեթի մասը, ասելով, թե հայի եկեղեցին այդ ձևը չի կարող ունենալ։ Այդ գծագիրը մինչև օրս էլ մնացել է կտրված։

Այդ մասին «Բյուզանդիոն» թերթի 1908 թվականի № 3717-ում գրվտծ է. «Բոլորը դեմ էին Ներսես կաթողիկոսի տաճարի եռահարկ լինելու մտքին, հատկապես վիճում էին, թե տաճարը կարող էր հայկական թմբուկ ունենալ՝ գմբեթով և այլն։ Լսելով դիպլոմավոր ճարտարապետների այսպիսի խիստ դատաստանը, հ. Խաչիկը շտապեց կտրել վերակազմության թերթի համապատասխան մասը»։

1901 թվականի հունիսի վերջերին Թորամանյանն ավարտելով Զվարթնոցի չափումները, անմիջապես մեկնեց Անի՝ ակադ. Ն. Մառի ղեկավարությամբ կատարվող պեղումներին մասնակցելու և այնուհետև մնաց այնտեղ երկար տարիներ ու, իբրև հնագետ ճարտարապետ, մեծ անուն վաստակեց։ Թորամանյանն Անիում հանդիսացավ Մառի ամենակարևոր աշխատակիցը և ճարտարապետական մասի իր ուսումնասիրություններով Բագրատունյաց մայրաքաղաքի պեղումների արժեքը բարձրացրեց գիտության աչքում։

Ն. Մառն էլ իր հերթին չափազանց մեծ դեր խաղաց Թորամանյանի կյանքում իբրև նրան ուղղություն տվող և ղեկավարող։ Այդ հանգամանքը բազմիցս շեշտել է ինքը՝ Թորամանյանը։ Իր՝ Մառին ծանոթանալու մասին Մ. վ. Տեր-Մովսեսյանի դեմ ուղղված հոդվածում Թորամանյանը գրում է. «Իսկապես շնորհակալ եմ և միանգամայն երախտապարտ, որ ձեր հանձնարարականով ծանոթացուցիք զիս մեծանուն գիտնական պրոֆ. Մառի հետ, որուն հովանավորության տակ խաղաղ ու ապահով կատարեցի ոչ միայն ինձի, այլև համայն գիտական աշխարհի համար շահեկան մի մեծ գործ»[1]:

Իր կատարած գործի արժեքի մեծության գիտակցությունը նրան մղում էր ծայր աստիճան բարեխղճության, որը բազմիցս նշվել է գիտական հեղինակավոր հաստատությունների և նշանավոր գիտնականների կողմից: Անիում Թորամանյանի կատարած չափագրությունները քննության առնելու համար Պետերբուրգի Գիտությունների կայսերական Ակադեմիայի կողմից 1909 թվականին ակադեմիկոսներ Կ. Գ. Զալեմանի, Ն. Պ. Կոնդակովի, Ս. Ֆ. Օլգենբուրգի, ճարտարապետության ակադեմիկոսներ Ն. Վ. Սուլտանովի, Մ. Տ. Պրեոբրաժենսկու և անձամբ Ն. Յա. Մառի անդամակցությամբ կազմված հանձնաժողովը մեծ գնահատության արժանացրեց նրա գործերը և ներկայացրեց Ակադեմիայի ուշադրության։ Այդ հանձնաժողովի կազմած արձանագրության 4-րդ կետում ասված է.

«Հանձնաժողովս միաձայն որոշեց հայտնել ի գիտություն [Ակադեմիայի] պատմա-լեզվաբանական բաժնին, որ նա ճարտարապետ Թորոս Թորամանյանի նկարներին և չափագրություններին տալիս է գիտական-գեղարվեստական մեծ արժեք և համարում է նրա աշխատանքի շարունակությունն Անիում չափազանց օգտակար գիտության և արվեստի համար»[2]։

Հարկ չէ մոռանալ, որ Թորամանյանին Ակադեմիայի ուշադրության հանձնելու գործը կազմակերպել էր Ն. Յա. Մառը, որի ջանքերի շնորհիվ Ակադեմիայից Թորամանյանն ստացավ նաև դրամական պարգև։

  1. «Մշակ», 1908, № 60:
  2. «Բյուզանդիոն», 1908 թ., № 3717 և «Ախուրյան», 1908 թ., № 85: