Էջ:The Architecture, Tom 1.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դժբախտաբար, սակայն, ոչ ընդարձակ չափով պեղումներ եղած են մինչև հիմա և ոչ ալ այդ կարգի հետազոտություններ. այդ պատճառով ալ շատ քիչ նյութ պիտի ունենանք այս ճյուղին վրա խոսելու։

Իհարկե կան որոշ չափով տրամաբանական դատողություններ, որոնք մեզ կպարտավորեն հավատալ, թե երբ ազգ մը իր ետևը թողեր է գեղարվեստական անթիվ կոթողներ, հոգ չէ, թե անոնք ըլլան միայն կրոնական, պետք էր որ անպայման ան իր ներքին կյանքին մեջ ալ ունենար նույն վայելչասիրության ճաշակը:

Կովկասի հայությունը վերջին 5-6 տարիներու մեջ նախանձելի մեծ քայլ մը առավ, որով անհամեմատ բարձր կանգնեցավ, քան թուրքահայը: Արժանավորապես գիտցավ օգտվիլ մեծանուն հայագետ գիտնական պ. Ն. Մառի նպաստավոր տրամադրություններեն, որուն սրտին շատ մոտ էր արևելյան ազգաց պատմությունն ու գիտությունը, և ամեն տարի դրավ անոր տրամադրության տակ պատկառելի գումարներ՝ Անիի և շրջակայից մեջ պեղումներ կատարելու համար։

Հարգելի գիտնականը կովկասահայու սպասածեն շատ ավելի օգտակար եղավ իր բազմաչարչար և միանգամայն բարեխիղճ աշխատություններով. ոչ միայն հաճախ անտանելի պայմաններու մեջ անվհատ շարունակեց իր պեղումները, այլև կատարյալ խնամքով հավաքեց պեղումների հանված բոլոր առարկաները ու զետեղեց նորակառույց թանգարաններու մեջ: Անոր միակ ձեռնհաս գործունեության կպարտինք այսօրվան Անիի մեջ երկու թանգարաններու գոյությունը, որոնց մեկը զուտ ճարտարապետական բաժինը կկազմե։

Այժմեն իսկ ուսումնասիրության մեծ պաշար հավաքված է այդ երկու թանգարաններուն մեջ, որոնք մեծ լուսաբանություններ պիտի տան հեռու և մոտ անցյալներու, բայց մասնավորապես ներքին կյանքի և ընտանեկան պայմաններու մասին ո՞րչափ հեռավոր պատկերներ կարող են տալ այդ նյութերը, այդ մասին հաստատ բան ըսել դժվար է:

Անին թեև 9-րդ դարուն արդեն բազմամարդ էր, սակայն քանի որ անոր բազմամարդ վիճակը կենդանի էր մինչև 11-րդ դարու կեսը՝ այդ պատճառով ալ համեմատաբար նոր քաղաք կհամարվի:

Միշտ փորձով տեսնված է, որ դարերու արկածալից հոսանքներուն ամենեն շատ դիմադրողները եղած են կրոնական հիշատակարանները։ Քաղաքային շինություններ ամեն ազգի մեջ ալ շատ քիչ պահված են. այս վերջիններս համեմատաբար ավելի թույլ շինվելեն զատ, գազանային քմահաճույքներու ենթարկվելու համար ալ խղճահարության առիթ չէին տար։ Շեն քաղաքներու մեջ ալ քաղաքային շինություններու ճակատագիրը տարբեր է կրոնականեն։ Անոնք միշտ ենթակա են փոփոխվելու և վերաշինվելու՝ քանի դեռ քաղաքը կենդանի է. այդ պարզ պատճառով ալ այսօր շեն քաղաքներու մեջ անվափոխ պահված 150 տարվան հնություն ունեցող շենք դժվար է գտնել։

Արդ՝ քանի որ պեղումներ միայն Անիի մեջ կատարված են և անկե պիտի կրնանք սպասել հին հայոց բնակարաններուն և քաղաքային շինություններուն մասին ստույգ տեղեկություններ, և քանի որ քաղաքը կենդանի էր մինչև 14-րդ դարու կեսը, դժվար թե գտնվի այնտեղ ընտանեկան կյանքի, քաղաքային շինություններու, կահավորումներու ապրուստի և վայելքի վերաբերյալ այնպիսի նյութեր, որոնց հնությունը 13-րդ դարեն անդին անցնի։ Մանավանդ երբ ի նկատի ունենանք, որ քաղաքի բնակչությունը կանոնավոր կերպով գաղթեր և իր ամեն ունեցածը հետն է տարեր. այն ատեն բոլորովին հուսահատական եզրակացության կհասնինք։ Ավանդություն կա, թե բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր ալ հետերնին տանելե զատ, եկեղեցիներու դռներն ալ հաներ տարեր են։

Գաղթականութենեն հետո, դատարկ մնացած տներն ալ նախկին վիճակին մեջ չեն մնացեր, ժամանակավորապես հայերուն տեղը բռնող պարսիկներ, թաթարներ և այլ և այլ թափառական ցեղեր քար քարի վրա չեն թողած, այսպեսով՝ ամեն բան ապականված, այլանդակված ու ողորմելի վիճակի հասած է այսօր։ Ուրեմն, Անիի մեջ ալ, ամենախոր հնություն դարձյալ ճարտարապետական մասն է, այն ալ միայն եկեղեցիներ ու բերդեր։ Եթե հուսալի պարագա մը կա՝ այն ալ վերջին 1319 թվականին պատահած երկրաշարժն է, որուն պատճառած փլատակները եթե անձեռնմխելի մնացած են, այն տեղերեն միայն կարող ենք օգտվիլ, ուր հավանականորեն կգտնվին որոշ չափով հատակագիծը ամբողջ պահված տներ, ապարանքներ, նաև թերևս կահկարասիներ, թեև այս ալ այնքան հույս չի ներշնչեր ինծի, որովհետև ոչ միայն շենքերը վերջին ժամանակներ քանդեր և սրբատաշ քարերը մինչև Կարս տարեր են ծախելու, այլև գերեզմաններն անգամ խուզարկութենե ազատ չեն մնացած։

Բագրատունյաց արքունիքի պեղումները շատ մեծ լուսաբանություններ տվին այս մասին. այնտեղ պարզ տեսնվեցավ երկու տարբեր ցեղերու հոգեկան վճիտ նկարագիրը, մեկը դեպի զարգացում և քաղաքակրթություն ձգտող, մյուսը խավարի, տգիտության և պարզապես գազանության մեջ հաճույքը զգացող:

Առանձին պարիսպով շրջապատված արքունիքը մոտավորապես 40,000 քառ. մետր տարածություն ունի։ Այս տարածության 3500 քառ. մետր տեղ գրաված է միմիայն ապարանքը: Կան յոթը հատ եկեղեցի, մատուռ և ուրիշ շատ մը արքունի պետքերու հատուկ առանձին շինություններ, որոնց հետքը հազիվ կերևա այսօր, բացի եկեղեցիներեն։

Ապարանքը առանձնապես ունեցեր է մեկ միջակ և մեկ փոքր չափով մատուռներ, և բացի բազմաթիվ սենյակներե, կան նաև բաղանիք, ջրամբար և աղբյուրներ, որոնց ջրաբաշխական երկաթե և կավե խողովակները գտնվեցան ջրամբարի մոտ։

Այս ահագին ապարանքին մեջ նախնական ձևով ոչինչ չգտնվեցավ, բացի քանի մտ պատերե, որոնք, շնորհիվ իրենց հաստատռւն շինվածքին, կանգուն մնացեր էին։

Ավելի քան 20 մետր երկայնությամբ դահլիճ մը, որուն շինության ոճեն հայտնի էր, որ Բագրատունի թագավորներու ժամանակակից շինություն է, ճոխ որմնասյուներով և կամարակապ առաստաղներով վրան ծածկված, վայրենի ձեռքեր մեկ մասը քանդեր, մյուս