մնացածն ալ ցեխաշաղախ, կոշտ ու կոպիտ պատերով մանր սենյակներու բաժներ են, սենյակներուն մեկուն մեջ ալ թոնիր թողեր են հաց և կերակուր եփելու համար։ Ուրիշ ավելի ճոխ և ընդարձակ դահլիճ մը, որուն մեկ մասը անջատ սյուներով թևերու բաժնված, գաճե ձուլված ընտիր քանդակներով առաստաղները զարդարված, բոլոր քանդակազարդություններ մաքուր ոսկեզօծված, միևնույն ողբալի վիճակին հասցուցած, դահլիճին մեջ ալ ամենեն պատվավոր տեղը թոնիր թաղված էր։
Այս կսկծալի ավերումները հավանաբար սկսեր են 17-րդ դարուն մեջ։ Անկեց առաջ ապարանքին տիրապետող խաներուն համար անշուշտ հաճելի էր այդ դահլիճներուն փառքը վայլել, բայց, ինչպես երևցավ, անոնք ալ ամբողջ ապարանքը չեն կարողացած պահպանել, այդ երկու դահլիճները որոշ ժամանակ պահելով՝ մնացած մասերը քանդեր փոխեր, գրեթե ախոռներու և մարագներու վերածեր են։
Ջրամբարը շատ կանուխ անգործածելի եղած է, թերևս Բագրատունիներու անկումեն անմիջապես հետո։ Պեղման ժամանակ երևցավ, որ ջրամբարին գտնված տեղը առաջուց ալ եղած է մեծ դահլիճ՝ չորս անջատ ճոխ սյուներով կամարակապ առաստաղով, խաներու օրով, երբ ջրամբարը անգործածելի եղած է, մեջը հողով լեցուցեր են և հատակն ալ բարձրացուցեր․ այնպես որ հին դահլիճին չորս սյունախարիսխները առանց տեղեն շարժվելու, ծածկվեր են հողին տակ, վրայեն ուրիշ հասարակ սյուներով դարձյալ շիներ են դահլիճ մը, բայց փայտե ծածկով, առաստաղն ալ նկարազարդված։ Այս դահլիճին հետ միաժամանակ նկարազարդված է գաճե ձուլված քանդակագործ առաստաղով, մեծ դահլիճի պատերն ալ՝ ուր գտնվեցան նաև գեղանկար արաբերեն գրված հատվածներ։
Ապարանքը ի սկզբանե անտի երկու մասի բաժնված է․ բացօթյա՝ մոտավորապես վեց մետր անցքով մը, որուն երկու ծայրերուն վրա են արտաքին մտից դռները․ այս անցքին կամ նախագավթին վրա կբացվին երկու կողմի բաժանմունքները մտնելու դռները։ Ապարանքին հատուկ երկու մատուռները դրսեն մուտք չեն ունեցեր, ասկեց հայտնի է, որ միմիայն ապարանքի բնակչության հատուկ էին այդ երկու մատուռները։
Գաճով զարդարանքները չեն կարող հին ըլլալ, քան 13-րդ դարը, իսկ նկարազարդումները ավելի ուշ ժամանակի գործեր են։ Նմանապես բաղնիքը, ոչ կանուխ, քան 13-րդ դար․ ավելի կանուխ շինություններեն մնացած են դահլիճներու պատերու մնացորդները և արևմտյան կողմի մտից դուռը, որոնք կարելի է տանիլ մինչև 10-րդ դար։ Մատուռները շատ ավելի հին են, թերևս մինչև 8-րդ դարու շենք, այս պարագան ենթադրել կուտա, որ նախքան Անին մայրաքաղաքի փոխարկվիլը, այդ մատուռները գոյություն ունեին։
Որչափ որ ապարանքի տարածությունը ընդարձակ, բաժանումները շատ, սակայն դարձյալ դժվար է գաղափար կազմել նախնական ճիշտ ձևի մասին, այսօրվան վիճակը գռեհիկ ժողովրդի մը այնտեղ բնակիլը ենթադրել կուտա, ուստի մեկ խոսքով պիտի եզրակացնեմ, որ ապարանքի պեղումներն ալ գոնե 14-րդ դարեն առաջ քաղաքային ճարտարապետության և ընտանեկան հարկերու կազմակերպության մասին որոշ արդյունք չտվին։ Չմոռնամ ըսելու, որ Ծաղկոցաձորի վրա թյուրիմացությամբ մինչև այժմ պալատ անվանված շինությունը ցույց կուտա, որ երեք-չորս հարկանի շինություններ անսովոր չէին․ այս շենքը թեև պալատ չէ, սակայն ամենայն հավանականությամբ հասարակական մեծ շինություն է․ 13-րդ դարուն կանգնված, մեկ մասը երեք հարկանի, մյուս մասն ալ չորս հարկանի է. բայց այս միակ երևույթով ալ ընդհանուրի մասին դատել այնքան ալ գուցե ուղիղ չհամարվի, պետք է սպասել նոր պեղումներու, այն տեղերու վրա, ուր արդեն մեծ բաներ սպասելի են։
Անիի մեջ գտնված առարկաներ, բացի ճարտարապետական բաժինեն, իմ կարծիքով, չեն անցնիր 13-րդ դարեն անդին, սակայն մասամբ ենթադրելով իբրև շարունակություն ավելի հին կյանքի և սովորություններու, գուցե քիչ մ'ալ հեռու տանի անոնց ուսումնասիրությունը․ բայց իբրև վերջին շրջանի նյութեր ալ ունին իրենց շատ հետաքրքրական կողմերը, որոնց մասին կանդրադառնամ ուրիշ անգամ առանձին հոդվածով մը։