Էջ:The Architecture, Tom 1.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արարատյան հարթավայրում։ Ղեկավարեց մի քանի հուշարձաններ փլատակումից ազատ պահելու նկատառումով կատարվող ռեստավրացիոն աշխատանքները։

Անիում աշխատած տարիներին Թորամանյանը մշակեց հայկական ճարտարապետության զարգացման իր տեսությունը։ Բազմաթիվ օրինակներով ցույց տվեց, որ այդ ճարտարապետությունն ինքնուրույն տեսք է ստանում դեռևս մեզ հայտնի հնագույն մնացորդների մեջ, այսինքն 4-5-րդ դարերում, հեթանոսական ճարտարապետության հիմքերի վրա, և զարգացման բարձր կետին է հասնում երկրորդ վերածննդի ժամանակ՝ 7-րդ դարում, երբ մշակվում են ձևերի և շինելակերպի բոլոր հիմնական եղանակները։ Այնուհետև հայկական ճարտարապետությունն ունեցել է վերելքներ Բագրատունյաց տիրապետության ժամանակ՝ 10-11-րդ և մասամբ 13-րդ դարում։

Թորամանյանի առաջադրած զարգացումների և անկումների տեսությունը սերտորեն կապված է քաղաքական իրադարձությունների հետ և պատճառաբանված է պատմական տվյալներով։

Հայկական ճարտարապետության զարգացման Թորամանյանի սքեման հիմնված է գերազանցապես կրոնական շենքերի՝ եկեղեցիների ուսումնասիրության վրա, և քաղաքացիական կառուցվածքները մեծ մասամբ նկատի չեն առնված։ Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ անցյալի կրոնական շենքերը մեզ հասել են ավելի լավ վիճակում, քան քաղաքացիականները։ Թեև մենք ունեցել ենք քաղաքացիական շատ խոշոր և աչքի ընկնող շինություններ, թագավորական և իշխանական պալատներ, մեծ ու փոքր քաղաքներ, բազմաթիվ ու բազմատիպ բերդեր (քաղաքները շրջապատող ամրոցներ, միջնաբերդեր, նախարարական ամրացված բնակավայրեր, սահմանային զորակայանների ամրոցներ, ապաստարան-ամրոցներ և այլն), կամուրջներ, որոնք մեր շինարվեստի պատմության համար ունեն խոշոր նշանակություն, սակայն դրանք շատ ավելի վատ են պահպանված, քան քրիստոնեական եկեղեցիները։ Կամուրջներից մնացել են մեծ մասամբ նրանց կամարների կրունկները, բերդերից մնացել են միայն շրջապատող միատիպ պարիսպներ, քաղաքներից մնացել են միայն պարիսպների և եկեղեցիների մնացորդներ։ Դրան հակառակ, ունենք տարբեր ժամանակների և տարբեր ձևերի պատկանող ամբողջական և ավերակ եկեղեցիներ, որոնց համեմատական ուսումնասիրությունը տալիս է չափազանց ուշագրավ նյութ մեր շինարվեստի պատմության համար։

Ուշագրավ է այն հարցը, թե ինչու կրոնական շենքերը լավ են պահպանվել և նորոգվել են շարունակ, իսկ քաղաքացիականներն այդպես անխնա ոչնչացվել են:

Դրա պատճառը հետևյալն է։ Հայերն իրենց քաղաքական անկախությունը կորցնելուց հետո այլևս հոգ չեն տարել պետական նշանակություն ունեցող իրենց շենքերի նորոգության մասին, իսկ հաճախակի պատերազմներն ու ավերումները պատճառ են դարձել եղածների ոչնչացման։ Դրան հակառակ, կրոնական շինությունները միշտ նորոգվել ու պահպանվել են։ Եկեղեցին, իբրև պաշտամունքի վայր, որի հետ կապված են բազմաթիվ ավանդություններ, ուժեղ կերպով պահպանվել է։ Նույնիսկ, երբ հնարավոր չի եղել սովորական նորոգությամբ կրոնական շենքը փլատակվելուց փրկել, այդպիսի դեպքերում շենքը պատենավորել են կրկնակի պատերով (Փարբիի, Աշտարակի և այլ եկեղեցիներ)։ Փլատակված եկեղեցիների քարերն անգամ շատ դեպքերում պահպանվել են, և այդ վայրերը երկար դարեր ծառայել են իբրև ուխտատեղիներ։ Նույնիսկ այլադավան թշնամիները շատ դեպքերում սնոտիապաշտական ակնածանքով են մոտեցել քրիստոնեական եկեղեցիներին, վախից ձեռք չեն տվել շենքին և ավերակներից չեն հափշտակել քարերը՝ իրենց նոր կառուցումների համար օգտագործելու։ Այնինչ, դրան միանգամայն հակառակ, քաղաքացիական շենքերը, որոնք միայն իրենց բուն նշանակությանն են ծառայել և կապված չեն եղել ավանդությունների հետ, անխնա կերպով քանդվել և ոչնչացվել են։ Դվինի և Անիի պեղումները ցույց տվին, որ