Էջ:The Architecture, Tom 1.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա այս տեսությամբ կասկածելի կգտնեմ 7-րդ դարու հայոց եկեղեցիներու վրա գտնված խորշերը՝ համարելով զանոնք 10-րդ դարուն մոտ հավելվածներ, ինչպես Էջմիածնի մոտ ս. Հռիփսիմեի վանքին խորշերը։ Հռիփսիմեի վանքին հետ միևնույն դարուն մեջ կանգնված և իրարու այնքան մոտիկ Էջմիածնի կաթուղիկեն և ս. Գայանեի վանքը խորշեր չունին. եթե նույն ժամանակ խորշը ընդունված ոճ լիներ, անպայման պետք է որ գոնե Գայանեի վանքին վրա գտնվեր Հռիփսիմեեն քանի մը տարի հետո՝ իբրև նորոգ հիմնարկված եկեղեցի։

Ակոռիի ս. Անդրեաս եկեղեցին (ըստ հ. Ալիշանի՝ «Այրարատ», 473, նկ. 182), իբրև հնագույն եկեղեցի, խորշեր ունի արևելյան կողմը, սակայն, իմ կարծիքով, հ. Ալիշանի ներկայացուցած հատակագիծը պետք է որ նույնիսկ Անաստաս կաթողիկոսի շինած եկեղեցին լինի և ձևով ալ նման Էջմիածնի մոտ գտնվող Գայանեի վանքին, այսինքն չորս անջատ մույթերու վրա գմբեթավորված։ Ամենևին կասկած չկա, որ այդ եկեղեցին բնության որևէ մի արկածով վնասվեր է արևելյան կողմեն և, հավանաբար, նորոգեր են 10-րդ կամ 11-րդ դարաշրջաններուն, որ թեև արևելյան կողմեն կազմեր են ժամանակի ճաշակին պահանջած խորշերը, սակայն եկեղեցիի երկայնությունը պակասեցուցեր են, որով գմբեթակիր անջատ մույթերուն երկուքը խառնվեր են խորանին և անսովոր կերպով մնացեր են երկու գմբեթակիր անջատ մույթեր միայն։

Անդրադառնալով Մրենի տաճարին դուրս հանված կիսաբոլորակ խորանին, պիտի ըսեմ, որ երկար քառակուսի հատակագծով եկեղեցիներու մեջ խորանը արևելյան պատեն դուրս հանելու հազվագյուտ օրինակներեն մեկն է 7-րդ դարուն մեջ։ Ավելի հավանական է 9-րդ կամ 10-րդ դարուն դուրս հանված լինի, որուն անմիջապես հաջորդած է երեք դուրս ցցված խորաններու (abside) սովորությունը։ Համոզվելու համար, բավական է քննական հայացք մը նետել խորանին արտաքո կարգի խորության վրա, որ մեկ ու կես անգամեն ալ ավելի է սովորական խորաններու խորություններեն։ Մի օր պետք տեսնելով կամ ավելի մեծ խորության և կամ հատկապես խորանը դրսեն տեսանելի ընելու դիտմամբ, քանդեր են արևելյան պատը և դուրս հաներ են:

Խորանին երկու կողմի սենյակներուն ծածկը ավելի նորագույն արվեստագործության դրոշմն ունի, voûte d’arête ըսված ոճի կամարով ծածկված է և հազիվ 12-րդ դարու հնություն ունի հայոց արվեստին մեջ (նկ. 120, BB): Սույն ձևով ծածկեր կգտնվին 7-րդ դարուն կանգնած Բագարանի և Ալամանի եկեղեցիներու մեջ. Բագարանի եկեղեցիին չորս անկյուններուն վրա, իսկ Ալամանի եկեղեցիին արևմտյան մասը ծածկված է այս ոճով, հետևաբար այդ եկեղեցիները 12-րդ դարուն մեջ, անկասկած, նորոգություն կրեր են։

Տեկորի տաճարին վրա եղած ուրիշ նորոգություններ և փոփոխություններ կան 7-րդ դարեն հետո, որոնց մասին ալ հարկ է ավելցնել քանի մը խոսք։

Շուրջանակի սյունազարդ ծածկույթներու վերացման ժամանակը ինծի կթվի 7-րդ դարեն հետո, բայց ոչ շատ մոտիկ 10-րդ դարուն, վասնզի սյունազարդ ծածկույթը վերացվելեն հետո անոր թողած հետքերը ծածկելու համար եղած նորոգության ոճը մեծապես կզանազանի 10-րդ դարու հայոց ոճերեն։ Այս նորոգության ժամանակ պետք է որ շինված լինի արևելյան անկյուններու վրա սյունանման քանդակվածքը (նկ. 109, GG, նկ. 111, D) և խորանի երկու կողմի սենյակներուն կրկնահարկվիլը։

Հյուսիսային կողմի արտաքին սյունազարդ ծածկույթի տակ գտնված կիսաբոլորակ խորանին բարձրությունը մնացած է անփոփոխ, հակառակ անոր ետևի և հանդիպակաց հարավային կողմի սենյակներուն կրկնահարկվելով բարձրանալուն։ Ասոնցմե դուրս եղած նորոգություններ և փոփոխություններ անվրեպ ապացույցներով 10-րդ դարուն Բագրատունի հարստության շրջանին մեջ ծաղկող հայկական ոճի կպատկանին։

Թեև հայտնի չէ, թև 10-րդ կամ 11-րդ դարուն ով է այդ նորոգությունները կատարող, սակայն բավական մեծ և հիշատակության արժանի նորոգություն է կատարված։ Ամեն կողմեն շենքին կեսեն վեր, որ դեղնագույն քարերով շինված է, բոլորովին նոր շարված են. ամբողջությամբ վար առնելով արտաքին ճակատներու հին շարքերը, տեղը շարեր են մեր այսօրվան տեսած դեղնագույն քարերը։ Նմանապես քառակուսի գմբեթի թե արտաքին երեսները, թե կոնաձև ծածկը նորոգվեցին առանց ներքին կողմը շարած քարերուն ձեռք տալու։ Ամբողջ տանիքի քարե սալահատակումն ալ նույն ժամանակի գործ է։ Ծածկը փոխանակ քանդելու, թանձրցուցեր են նորոգությունով, որուն ներքև տակավին կերևնա հին ժամանակի կղմինդրյա ծածկը։ Նաև կտուրին թեքությունն ալ ավելցուցեր են ծածկը փոխելու ժամանակ (նկ. 106, EE, նկ. 113 DD): Տաճարին չորս պատին վրա ցածեն գտնված բոլոր պատուհանները փակեր են բոլորովին, իսկ բարձր պատուհաններն ալ նեղցուցեր և կարճացուցեր են։

Պատուհանները նեղցնելու սովորությունը չենք կարող 10-րդ դարեն անդին տանիլ, ինչպես բացատրեցի առաջուց, մանավանդ Տեկորի տաճարին պատուհանները նեղցնելու համար՝ մեջեն ագուցված քարերուն վրա եղած քանդակագործություններ զուտ Բագրատունի շրջանի վերածնության ոճին կպատկանին (նկ. 130, ձև 4)։ Հիրավի, թեև այդ զարդաքանդակներու մեջ մինչև 5-րդ դարու հնության հասնող ձևեր կան (նկ. 130, AB), սակայն նույն ձևերու խառնուրդով ակնահաճո (nuance) հյուսքեր կազմել` առանց բացառության