Էջ:The Architecture, Tom 1.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, որ, ըստ Առաքել վարդապետ Դավրիժեցիի վկայության, յոթը կանգուն բարձրությամբ փլատակներ կային տաճարին շուրջը։ Թեև Տեկտանդերի այցելության ժամանակ այդ շինության գոյությունը հավանական չեմ կարող համարել, քանի որ abside-ները ավելի հին ժամանակ դուրս հանված լինելու փաստեր շատ կան։

Ոմանք կկարծեն, որ Ուչքիլիսե անունը ստացած է Հռէփսիմեի և Գայանեի տաճարներու Էջմիածնի անմիջապես մոտ գտնվելուն պատճառով, սակայն այս կարծիքը ամենևին հավանական չէ, որովհետև, եթե Հռիփսիմեի և Գայանեի տաճարները Էջմիածնի տաճարին հետ կապել հարկ լիներ, պետք էր որ միևնույն ավանդությունով սրբագործված ժամանակակից Շողակաթն ալ միացվեր անոնց, ահա այն ատեն ալ փոխանակ երեքի՝ չորս պիտի լինեին։ Ըստ իս՝ անպայման պետք է ընդունել, որ Մայր տաճարին արևելյան կողմի կցված շինությունը երկու ուրիշ մատուռներ էին և անոնցմով ծագում առած է ավանդատան Ուչքիլիսե անունը։

Այս միջանկյալ նկատողութենեն հետո անցնենք դարձյալ բուն տաճարի հետազոտությանը:

Ըստ շինարարական՛ օրենքի, եթե տաճարի հյուսիսային պատի բովանդակ երկայնութենեն զեղչենք փոքր fronton-ներու գրաված լայնության չափերր՝ 7,03+7,03 =14,06 (նկ. 137, 7,8), (նկ. 140, 1,1...), մնացորդ 11,14 լայնությունը ամեն կողմի միջին մեծ fronton-ներուն լայնության չափը ներկայացնելեն զատ, նաև կորոշե գմբեթի խարիսխի տրամագծին[1] իսկական սահմանը, որովհետև այս լայնությունն է, որ տանիքի միջոցավ հյուսիսեն հարավ, արևելքեն արևմուտք երկննալով խաչաձևվելեն հետո (նկ. 140, 2, 2...) մեջտեղը կազմված քառակուսիին վրա միայն կհանգչի գմբեթը (նկ. 140, 3, 3...): Այս լայնության մեջ կգտնվին նաև fronton-ները կազմող պատերուն թանձրությունները (նկ. 140, 4,4)։ Հետևաբար տաճարի մեջ գմբեթակիր մեծ սյուներու դասավորության սահմանն ալ պիտի լինի այս 11,14 լայնության մեջ (նկ. 140, 5,5...):

Նկար 140-ի 1,1... թվանշանները կետաշար գծերու վրա fronton-ներու տանիքներուն իրար խաչաձևող ընթացքը ցույց կուտան, ուրեմն, այս հաշվով, գմբեթի խարիսխն ալ պետք է որ 11,14 լայնություն կամ տրամագիծ ունենա, որով կստացվի մոտավոր համեմատական չափ հայկական ոճի լայնանիստ գմրեթներու, հակառակ այժմյան զգալի կերպով նեղցած տրամագծին: Այս անվիճելի կանոնին հետ համեմատելով այսօրվան խառնաշփոթված մասերը, պարզ կտեսնվի, որ ոչ միայն տաճարին դուրսը, այլև ներսն ալ մեծամեծ փոփոխություններու ենթարկվեր է։

Եթե մենք ձեռի տակ չունենայինք արվեստագիտական այս անվրեպ ապացույցը, մեզ նկատելի պետք է լիներ մի ուրիշ բնորոշ հանգամանք, այն է՝ ներքին գմբեթակիր մեծ սյուներու դասավորության կապը, որոնք կղեկավարվին միշտ գմբեթի տրամագծով և միջին մեծ fronton-ներու տանիքներու խաչաձևումով։ Արդ՝ այժմ կտեսնենք, որ այդ գմբեթակիր չորս մեծ սյուներու դասավորությունը (նկ. 130) ոչ միայն հայկական ոճի չի պատկաներ մինչե 17-18-րդ դարերը, այլև ուրիշ քրիստոնյա ազգաց եկեղեցիներու մեջ ալ հազիվ թե պատահած լինի նույնօրինակ դասավորություն, այսինքն երեք nef-երը հավասար լայնությամբ։

Այս մասին ևս շատ սխալ է Ստրչիգովսկիի կարծիքը, երբ զայն «Հուստինիանու ժամանակ գործածվել սկսող բյուզանդական գմբեթավոր եկեղեցյաց առաջին կաղապարին նման» կհամարի, մինչդեռ Այա-Սոֆիան, որ մայրն է բյուզանդական գմբեթավոր եկեղեցիներու, այս համեմատական դասավորութենեն շատ հեռու է և կողմնակի զգալի կերպով նեղցած nef-եր ունի։

Հայոց եկեղեցիներու մեջ ավելի շատ շեշտված է միջին ոնքերու լայնությունը, քան բյուզանդական եկեղեցիները, ինչպես՝ Տեկոր, Մրեն, Անիի մայր եկեղեցին, որոնք անհամեմատ նեղ կողմնակի թևեր ունին, և այդ իսկ պատճառով ալ միշտ լայնանիստ եղած են հայոց եկեղեցիներու գմբեթները։ Անիի մայր եկեղեցին, որուն լայնությունը ավելի է, քան Էջմիածնի տաճարը, ներքին գմբեթակիր մեծ սյուները այնքան մոտ դրված են հյուսիսային և հարավային պատերուն, որ մի օր, նորոգության մը ժամանակ ստիպվեր են որմնասյուներու խարիսխի հառաջակարկառ moulure-ներեն մեկ մասը տաշել անցքը լայնցնելու համար[2]:

Հետևելով նույնիսկ նախապես գտնված 11,14 միջին լայնության չափերուն, որոնց խաչաձևումեն հառաջ եկող քառակուսիին projection-ը գետնի վրա կուտա թե սյուներու մեկզմեկե և թե՛ իրենցմե դեպի պատը եղող հեռավորությանց չափը, դարձյալ միջին թևը՝ հայկական եկեղեցիներու համաչափությանց հակառակ՝ խիստ նեղ է։

Այս արտասովոր երևույթը լուսաբանելու համար, նախ ի նկատի ունեցա հին պատերու քառակուսի շրջանակին մեջ, այսօրվան սյուներու դասավորությամբ գմբեթավոր մի եկեղեցի՝ առանց կողմնակի abside-ներու և արևելյան abside-ը պատեն ներս ամփոփված, բայց այս նկատումը շատ անհեթեթ արդյունք տվավ. abside-ի բերանը կհասներ և գրեթե կմիանար արևելյան կողմի գմբեթակիր սյուներուն և երկու քովերը կթողեր խորություններ իբրև խորշ, որոնք բոլորովին օտար էին քրիստոնեական եկեղեցիներու, իսկ մնացած մասն ալ հյուսիսեն հարավ ավելի լայն, քան արևելքեն արևմուտք, երկայն սրահի մը ձևը կստանար։ Այս անհարմարության առջև կմնար միայն ենթադրել, թե գուցե արևելյան կողմեն միայն խորանի abside-ը դուրս հանված էր, սակայն այս ալ անկարելի էր, նախ՝ վերը հիշված պատճառներով, հետո ալ բոլորովին հակառակ էր հայոց եկեղեցիներու հատակագծային ոճերուն, որոնց մեջ ընդհանրապես abside-ները ծածկված են արևելյան պատեն ներս։ Թեև կան իբրև բացառություն դուրս ընկած արևելյան abside-ով եկեղեցիներ,

  1. Հյուսիսային ճակատի արևելյան փոքր fronton-ը միայն չափելու հնարավորություն ունենալուս համար, բոլոր տեսություններս հիմնած եմ անոր չափերուն վրա. պետք է ըսել, որ abside-ի կողմի վերջավորությունը անորոշ է. հանդիպակաց կողմի փոքր fronton-ը աչքով այնպես կերևա, թե քիչ ավելի լայն է. եթե այդպես լինի, ենթադրություններես ոչինչ չփոխվելեն զատ, հետևանքն այն կլինի, որ ներքին գմբեթակիր սյուներ իրարու ավելի մոտենալով, գմբեթի տրամագիծն ալ քիչ կփոքրանա և ճիշտ Անիի Առաքելոց եկեղեցիի չափերուն կհավասարի:
  2. Հիշյալ գիրք, եր. 5: