Էջ:The Architecture, Tom 1.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնելով աշխատանքս իր սենյակի պատուհանեն, հետաքրքրված հարցուցեր է նպատակիս մասին: Երբ հ. Գարեգին կպարզե տեսությունս, այն ատեն Սուքիաս սրբազան կպատասխանե, թե այդ կարծիքը միանգամայն իրականություն է, որովհետև ինքը լսած է այդ մասին Մակար կաթողիկոսեն և վերջինիս ալ պատմած է եղեր փաստին ականատես Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը:

Այս անակնկալ հայտնութենեն հետո ես անձամբ դիմեցի Սուքիաս սրբազանին՝ հ. Գարեգնի ընկերակցությամբ, ուզելով անձամբ իր բերնեն լսել: Նա պատմեց ինձ հետևյալ կերպով[1].

«Ես անձամբ չեմ տեսած, ինծի պատմեր է Մակար կաթողիկոսը, որն որ ժամանակակից էր Ներսես կաթողիկոսին: Ահավասիկ Ներսես կաթողիկոսի հայտնությունը. «Ռուս-պարսկական պատերազմին եկեղեցին երկար ժամանակ իբրև բերդ ծառայեր է. այդ պատճառով ալ ռուս զինվորներ գիշեր-ցերեկ մնալով տանիքներու վրա, միշտ կրակ վառեր են այնտեղ, որ քարերուն այրվելուն և փչանալուն պատճառ եղեր է: Քարերու փչացումին բնական հետևանքով սկսեր է տեղացող անձրևներու ժամանակ ջուրը ներս՝ տաճարին մեջ վազել, ուստի,- կըսե Ներսես կաթողիկոս,- բոլոր տանիքները քանդեցի և վերստին նորոգեցի. սույն նորոգության միջոցին մեծ զարմանքով տեսա, որ մինչև այսօր մեր ի սկզբանե անտի խաչաձև կարծած տաճարը քառակուսի է եղած առաջուց, դուրս ելած խորանները հետո ավելցված լինելուն խիստ պարզ նշաններ երևցան, խորաններուն հին պատին կպցված մասերուն դատարկություններ կային, որոնց մեկուն մեջեն ալ գտնվեցան մի փղոսկրյա գավազան և ուրիշ միքանի եկեղեցական առարկաներ»:


Գ
ԲԱԳԱՐԱՆԻ Ս. ԹԵՈԴՈՐՈՍԸ
ԲԱԳԱՐԱՆ[2]

Մրենը տեսնելե հետո, հազիվ 4-5 կիլոմետր հեռավորության վրու գտնվող Բագարանը տեսնելն անհրաժեշտություն է հնախույզին համար, մանավանդ երբ ի նկատի ունենա անոր անվան սլատմական ծագումը:

Ի՞նչ է մնացեր այն նշանավոր բերդաքաղաքեն, որուն մասին պատմագիրը երկար գովեստներ նվիրած է,- կատարյալ քաոս մը։

Քանի մը կիլոմետր երկայնությամբ դաշտավայր մ'անհամբեր կտրել անցնելե հետո, մարդ ինքզինք կգտնե անդունդի մը եզերքը, որուն ահավոր խորության մեջ, մեկ նայվածքով՝ լեռնանման քարակույտերե, խորախոր փոսերե, նեղ ու ոլորուն կիրճերե զատ, ուրիշ ոչինչ չերևիր:

Անդունդին խորը, հազիվ կտեսնվի, արծաթափայլ վիշապի նման փրփրալով, ֆշֆշալով, Ախուրյանի սողոսկումը քարակույտերու մեջեն, որ մերթ կերևի և մերթ կանհետանա:

Այս է կըսեն Բագարանը, այն պատմական Բագարանը, ուր երկար դարեր թագավորներ իրենց գահերեն, քրմապետներ սրբազան տաճարներեն պատգամներ որոտացեր են, միլիոնավոր ժողովուրդի բախտի ու ճակատագրի վճիռներ արձագանք տվեր են։

Զարմանալի է շատ, փոսի մը մեջ թագավորական գահ, իշխանական բնակարաններ, աստվածային անթիվ տաճարներ և մարդկանց անհամար բազմություն: Զարմանալի է մասնավորապես հայոց վերաբերմամբ, որոնք Հայաստանի ամեն կողմը ծիծեռնակի նման բարձրաբերձ ժայռերու կատարներուն վրա միայն թառել կսիրեին, անմերձենալի լեռներու և բլուրներու գլուխը կընտրեին իբրև պալատ, իբրև բնակարան, իբրև բերդ ու ապաստարան. այստեղ ի՞նչ բան ստիպել է զիրենք, ընդհանուր սովորության հակառակ, այս անդունդը ընտրելու իբրև ամրոց և իբրև քաղաքատեղի։

Տարակույս և ապշություն շուտով կփարատի, և ամեն բան կպարզվի, երբ մարդ հետզհետե կիջնե դեպի խորը և ուշադրությամբ կքննե մեծ անցյալի թողած բոլոր հետքերը։ Ահա կտեսնե, որ այս անդունդը առավել անառիկ և անմերձենալի է թշնամուն համար,

  1. Բնականաբար չեմ կարող սրբազանին իր բառերով գրել, սակայն իմաստը բոլորովին անփոփոխ կպահեմ:
  2. Բագարան գյուղը՝ միջնաբերդի և ս. Գևորգ եկեղեցու հետ միասին տես նկ. 261, եկեղեցու հատակագիծը՝ նկ. 72, ընդհանուր տեսարանը՝ նկ. նկ. 75 և 74: ԿԱԶՄՈՂ