Էջ:The Architecture, Tom 1.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բագարանեն Մրեն տանող ճանապարհին վրա, այժմ գրեթե անմերձենալի դարձած քարայրերե և բերդերե զատ, կա մի հնագույն սառնատուն, որ տարվույն ամեն եղանակին մեջ սառույց կմատակարարե բագարանցիներուն։ Նեղ բերանով մի մեծ քարայրի նմանող փորվածք է սա գետեզրին մոտ բարձր լեռան ստորոտը. բերանը բացված է դեպի հյուսիս՝ ձմռան ձյունը քամիեն տարվելով, կլցվի մեջը, գարնան սկիզբն ալ, երբ պահ մը բարձրի ձյուներ կհալին, ջուրերն ալ կթափվին այս առվակին մեջ և կսառին։ Այժմ ամեն մի բագարանցի, ամառվան մեջ, ուրագներով ու կացիններով զինված, կերթա կկոտրտե սառույցը և դույլերու մեջ լեցուցած կբերե՝ սառը ջուր վայելելու համար։

Բագարանի այժմյան գյուղին դիմաց, բացի լեռնալանջի ամբողջ տարածության վրա գտնված անթիվ հին մնացորդներե, բլուրի մը վրա տակավին կանգուն կա մի ութանկյուն սիրուն եկեղեցի՝ բրգաշար պարիսպով շրջապատված, հավանաբար 11-րդ դարու գործ։ Ժողովրդյան մեջ ավանդություն կա այս եկեղեցիի շինության առթիվ։ Որպես թե թագավորին աղջիկը կբնակեր ջուրին անդիի ափին վրա, և ամեն օր այս կողմը եկեղեցի կուգար։ Մի օր ալ կամուրջը ջուրը տարեր է, և թագավորին աղջիկը մնացեր է առանց ժամ ու պատարագի. ասոր վրա հրամայեր է իր պալատին մոտիկ շինել այս փոքրիկ եկեղեցին, որպեսզի անգամ մը ալ հեղեղի և կամ կամուրջի պատճառավ չզրկվի սրբազան արարողություններե[1] ։


* * *

Բագարանի մեջ, քրիստոնեության շրջանի ամենահին շինությունը 7-րդ դարու առաջին քառորդին մեջ, Բուդ Առավեղյան իշխանի շինած ս. Թեոդորոս անվամբ եկեղեցին է։ Այս եկեղեցին կգտնվի Բագարանի ձորին հարավային ծայրը, բարձունքին վրա, որ ի հնումն եղեր է առանձին պարսպապատ, որուն մասերը տակավին կերևան տեղ-տեղ։ Ի հնումն այս տեղերը ընդունված ձևով այս շրջափակն ալ շինված է սև որձաքարե՝ առանց կրաշաղախի, միայն թե քարերը չափավոր մեծությունով են։

Եկեղեցիի շուրջը երևցած այժմյան գրությունը հին ձևը չի ներկայացներ. տեղական բնակչությունը քանդելով պարիսպները, անցեր է սահմանը և այգիներ տնկեր մինչև եկեղեցիի պատերուն գրեթե կից, այնպես որ շատ մը գերեզմանատուններ, որոնք նախապես եկեղեցիի շրջափակին մեջ կգտնվեին, այժմ մնացեր են այգիներու և պարտեզներու մեջտեղերը։

Տեկորի եկեղեցիեն հետո, իբրև անմիջական հաջորդող հետագա դարերու հայ ճարտարապետության ոճի և եկեղեցական հատակագծային ձևի, ս. Թեոդորոսը ամենեն հետաքրքրական տեղը կբռնե։

Եկեղեցիի հատակագիծը ի ներքուստ չորս կիսաբոլորակ թևերով խաչաձև կներկայացնե, իսկ արտաքուստ դուրս շեշտված թևերը անկյունավոր են։ Պատերեն քիչ հեռու չորս անջատ մույթեր իրարու միացնող կամարներու վրա հանգչած է գմբեթը։

Այս ձևը ե՛րբ մուտ գտած է հայոց մեջ, ինձ համար դժվար է ըսել. գուցե ավելի հին օրինակներ կային և անհետացած են, միայն հայոց մեջ այս ձևերը գոնե 7-րդ դարեն անդին չեն անցեր։ Սակայն 7-րդ դարուն հայոց մեջ գոյություն ունեցող նույն ձևի եկեղեցիներեն զգալապես կզարտուղի ս. Թեոդորոսը յուր անջատ սյուներու վրա դրված գմբեթովը, մինչդեռ ուրիշ խաչաձև կիսաբոլորակ թևերով եկեղեցիներու գմբեթներ հանգչած են նույնիսկ կիսաբոլոր abside-ներու վերջավորությանց վրա, որոնց առհասարակ տված են մի կերպ որմնասյունի ձև և չորս կողմեն զանոնք կամարներով իրարու միացնելով պատրաստած են գմբեթին բոլորակ կամ ութանկյուն խարիսխը։

Ինչո՞ւ է զարտուղված ս. Թեոդորոսը ընդհանուր օրենքե և ե՞րբ, այս հարցին փոքր ի շատե համոզիչ պատասխան մը գտնելու համար անհրաժեշտ է մի հետադարձ ակնարկ նետել հայոց եկեղեցիներու հատակագծերու ծագումին և անոնց կրոնապես նվիրագործված ներքին բաժանումներու վրա։

Թե պատմագրական տեղեկություններե և թե հետնագույն գիտական խուզարկություններե տեղեկություն ունինք, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիներու ձևերուն առհասարակ հիմ ծառայեցին 4-րդ դարուն հեթանոսական տաճարները և բազիլիկները և այդ երկու տեսակի շինություններուն մեջ ամենագլխավոր հարմարություն ընծայող մասը քրիստոնեական եկեղեցիներու մեջ խորանի կամ սրբարանի մասն էր

Քրիստոնեական սրբարանի համար անհրաժեշտ էր ունենալ մի խորան, որուն մեջ դրվեր սեղանը և կողմնակի սենյակներ՝ եկեղեցական սրբազան անոթներ և ավանդներ պահելու համար, որոնցմե մեկը քիչ վերջը ծառայեց քահանայից զգեստավորման համար իբրև առանձնարան։

Հեթանոսական տաճարները իրենց tresor-ներով և բազիլիկները իրենց chalcidique-ներով լիովին տվին այս հարմարությունները քրիստոնեական տաճարներու համար, և այնպես ալ շարունակվեցավ մինչև այսօր։ Հայոց եկեղեցիներուն մեջ, գլխավորաբար մեծ եկեղեցիներուն մեջ, բացառություն չէ կազմած այս պահանջը, ամենահին եկեղեցիներեն սկսած առհասարակ ամենն ալ ունին այս կողմնակի սենյակները, ի բաց առյալ քանի մը փոքր բոլորակ կամ ութանկյուն եկեղեցիներ, որոնց ևս, իմ կարծիքով, հայոց մեջ ունեցած կոչումնին դեռ չեն ճշտված, այսինքն՝ առանձնապես իբրև մատուռ կամ մկրտարաննե՞ր էին շինված, թե՞ իբրև եկեղեցի։ Այս վերջինի մասին ես կկասկածեմ այն պատճառով, որ մինչև 14-15-րդ դարեր հայոց եկեղեցիներու մեջ ոչ մկրտության հաստատուն ավազաններ երևցած են, ոչ ալ շարժական։

Եվ որովհետև ս. Թեոդորոսը մատուռ կամ մկրտարան ըսելու չափ փոքր եկեղեցի չէ, ընդհակառակը, բավական ալ խոշոր եկեղեցի է, հետևաբար անպայման հարկ էր, որ ունենար խորանի երկու կողմին վրա անհրաժեշտություն կազմող նույն սենյակները, այն ալ 7-րդ դարուն, երբ եղած հրամայական պահանջը

  1. Մինչ այստեղ վերցված է «Ախուրյան»-ի 1909 թվի № № 59 և 60-ից: Շարունակությունն ըստ երևույթին անավարտ աշխատություն է, որ վերաբերում է Բագարանի ս. Թեոդորոս եկեղեցուն: Մեր ձեռքն ընկած ձեռագիրը վերջում թերի է, որի շարունակությունը չգտանք հեղինակի դիվանում: ԿԱԶՄՈՂ